Ղարաբաղում էլ Սահմանադրությունը կփոխեն

Ղարաբաղում էլ Սահմանադրությունը կփոխեն

Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների գործընթացն արդեն սկսե՞լ եք, հարցրինք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին: «Ոչ, դեռեւս որեւէ տեղաշարժ չկա»: Չի՞ լինելու, թե՞ դեռ չեք սկսել: «Նկատի ունեմ, որ քաղաքական օրակարգում այդ հարցը չկա. եթե որոշ քաղաքական ուժեր կառաջարկեն, կորոշենք ինչ անել»: Մեզ հետ զրույցում ԼՂ վարչապետն ասել էր, որ իր կուսակցությունը կառաջարկի նման փոփոխություններ: «Ուրեմն պետք է իրենք համապարփակ ձեւով ներկայացնեն այդ առաջարկները»: Եթե առաջարկեն, ի՞նչ ժամկետներում կլինի: «Կդժվարանամ ասել»: Բայց Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը 2017-ին լրանում է: «Չեմ կարծում, թե Սահմանադրության ընդունումը պայմանավորված է անձերով, եթե առաջարկները լինեն, ժամկետների հարցն այդպես սուր չի դրվի. կլինի գուցե շուտ, կլինի գուցե ուշ, միգուցե ընդհանրապես չլինի»: Բակո Սահակյանը պատրաստվո՞ւմ է ՀՀ ԱԽ քարտուղար դառնալ: «Դրանք ընդամենը շահարկումներ են, չկա նման բան»: Ի դեպ, Բակո Սահակյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` նա դեմ է ԱԽՔ դառնալուն եւ ասում է, որ նախագահի պոստը թողնելուց հետո Ղարաբաղից դուրս չի գա: ԼՂՀ նախագահի խոսնակի հետ զրույցը կայացել է ընդամենը 3 օր առաջ, իսկ երեկ մենք հաղորդագրություն ստացանք Ղարաբաղից․ «Փետրվարի 4-ին ԼՂՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը»: Փաստորեն, նախագահի խոսնակը տեղյակ չէր այս գործընթացից։