Ես չեմ կարող չդատապարտել նման վերաբերմունքը լրագրողների նկատմամբ

Ես չեմ կարող չդատապարտել նման վերաբերմունքը լրագրողների նկատմամբ

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքին լրագրողների նկատմամբ, ասաց, որ ինքը, բնականաբար, չի կարող չդատապարտել նման վերաբերմունքը լրագրողների հանդեպ։



«Եվ կարծում եմ, ինքներդ էլ պետք է ֆիքսած լինեք, որ այսքան տարիների ընթացքում բոլոր դեպքերում լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը իմ կողմից խիստ դատապարտանքի է արժանացել։ Այո, լրագրողները հանդիսանում են այսօր հասարակության և իշխանությունների միջև կապող օղակը, և, հետևաբար, այդ հարաբերությունները պետք է խարսխված լինեն միայն փոխադարձ հարգանքի վրա»,-ասաց նա։



Ինչ վերաբերում է նման դեպքերում պատգամավորների նկատմամբ պատիժների ու պատասխանատվության միջոցների կիրառմանը, ապա տիկին Վարդանյանն ասաց, որ այսօր մեր իրավական համակարգը նման հնարավորություն չի տալիս։
Հարցին՝ կմիանա՞ նա վաղը լրագրողների կազմակերպած ակցիային, Էլինար Վարդանյանն ասաց․ «Քանի որ դա լրագրողների կողմից կազմակերպած ակցիա է, բնականաբար, ես հարգանքով եմ վերաբերվում այդ ակցիային և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ակցիան կազմակերպեն և իրականացնեն հենց լրագրողները»։



Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երկու օր առաջ հերթական միջադեպն էր ունեցել լրագրողների հետ՝ նրանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ