Մարտի 1-ից հետո եղել են քաղբանտարկյալներ, ՀՀՇ-ի տարիներին՝ ո՞չ

Մարտի 1-ից հետո եղել են քաղբանտարկյալներ, ՀՀՇ-ի տարիներին՝ ո՞չ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ քաղբանտարկյալներ եղե՞լ են թե՞ ոչ։ Մասնավորապես, իրենց իշխանության տարիներին բանտարկված դաշնակցականները քաղբանտարկյալնե՞ր են եղել, և դրանից հետո էլ, մինչ օրս, Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։ Նշենք, որ նրանից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՀՇ-ի տարիներին ինքն ու իր կուսակից ընկերները բանտարկվել են քաղաքական հայացքների համար, և համարում է, որ այդ ժամանակ իրենք եղել են քաղբանտարկյալներ։



«Քաղբանտարկյալների բնորոշումները հիմա գոնե շատ հստակ են։ Կան հստակ դիրքորոշումներ, բանաձևեր, ոնց որ քանոնով չափես, թե որն է կոչվում քաղբանտարկյալ, և դրա բնորոշումները տալը հիմա շատ հեշտ է։ Ձեր ասածը, ինչն ակնարկում եք 94 թվականին, եղել է քրեական գործ, որով մինչև հիմա նստած են։ Եվ տասնյակ անգամ եղել են հնարավորություններ, եթե եղել է անգամ քաղբանտարկյալ, էդ գործերը վերանայել, և մեղադրել մարդկանց, կամ էլ էդ գործերը բացել, արդարացնել։ Էնտեղ եղել են հստակ քրեական ապացուցված, վիզ վերցրած գործեր, որոնց արդյունքում, կրկնում եմ, մինչև հիմա մարդիկ դեռևս գտնվում են բանտերում։ Եվ անգամ այն մարդիկ, որոնք դուրս են եկել նրանց նկատմամբ արդարացնող կամ բեկանող վճիռներ չեն կայացվել»-ասաց նա։



-Այդ մարդիկ այսօր քաղբանտարկյալ են համարվում։



-Եթե ասում եմ՝ քրեական գործեր են, և էդ մարդկանց նկատմամբ որևէ մեկը հայց չի ներկայացրել՝ նրանց արդարացնելու, նրանց վճիռը բեկանելու, ինչի՞ մասին է խոսքը։



-Կներեք, բայց Մարտի 1-ից հետո դատապարտվածներն էլ են եղել քրեական գործերով դատապարտյալներ, ոչ ոք չի ասում, թե նրանք քաղաքական նպատակներով են բանտ նստել։



-Նրանց բոլոր գործերով մենք դիմել ենք Եվրադատարան, մի մասով արդեն վճիռեր կան, մի մասը բողոքարկման մեջ է, և չի եղել որևէ գործ, որի ընթացքում բեկանում կամ բողոքարկում չլինի։



-Այսինքն՝ նրանք քաղբանտարկյալնե՞ր են, Մարտի 1-ից հետո ձերբակալվածները։



-Միանշանակ։



-Իսկ դրանից առաջ բանտարկվածները՝ ո՞չ։



-Բացատրեցի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ