Տոլստոյն էլ Շեքսպիրին չէր հավանում, հիմա ի՞նչ անեին՝ Տոլստոյին կախեի՞ն

Տոլստոյն էլ Շեքսպիրին չէր հավանում, հիմա ի՞նչ անեին՝ Տոլստոյին կախեի՞ն

Ավանդույթի համաձայն, նախօրեին ՀԳՄ-ում կայացել է Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ մի շարք գրողների հանձնվել են մրցանակներ։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է 1980-ականներից սկսած, իսկ գրական մրցանակները կրում են հայ դասական գրողների անունները եւ անցկացվում են մի քանի անվանակարգերում՝ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ), որն այս տարի շնորհվել է Սուսաննա Հարությունյանին, Ավ. Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա) տրվել է Դավիթ Հովհաննեսին, Մ. Նալբանդյանի անվան մրցանակը (հրապարակախոսություն)՝ Սամվել Բեգլարյանին, Լեւոն Շանթի անվան մրցանակը (դրամատուրգիա)՝ Կարինե Խոդիկյանին, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրագիտություն, գրաքննադատություն)՝ Ֆելիքս Բախչինյանին։ 



Միլիտոնյանը նշեց, որ գրողներն իրենք են իրենց գրքերը ներկայացնում միություն, որից հետո ՀԳՄ գրողներից բաղկացած նախագահությունը ծանոթանում է գրքերին, ապա փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ներկայացված գրքերից «իրենց կարծիքով լավագույնը»։ Թե ավելի շատ որ անվանակարգերում են եղել այս տարի դիմում-հայտերը, ապա, սովորաբար, ամենաշատ գրքերը ներկայացված են լինում պոեզիայում եւ արձակում։ ՀԳՄ նախագահից հետաքրքրվեցինք՝ մրցանակների շուրջ ավանդաբար տեղի ունեցող խմորումներից կարողացե՞լ են խուսափել, թե՞ դժգոհողներ եղել են։ «Փակ, գաղտնի քվեարկություն է, ի՞նչը խմորվի, եթե ասում են՝ պիտի փակ, գաղտնի քվեարկես, ո՞ւմ հետ կռիվ անես, դու միայնակ ինքդ ես վճռում ում ձայն տաս, դա արդեն յուրաքանչյուր մարդու խղճի, ճաշակի խնդիր է։ Այստեղ կռիվ, ծեծ չի լինում, ձայներ են, ով ավելի շատ է հավաքում, նա է ստանում»։



Պրն․ Միլիտոնյանից հետաքրքրվեցինք նաեւ «Գրական թերթի» վերջին համարում տպագրված Արտեմ Հարությունյանի «Արցախի դեսպանի վաշինգտոնյան էլեգիան» բանաստեղծության հետ կապված աղմուկի մասին․ բանաստեղծության որոշ տողեր գրողների շրջանում քննարկումների եւ վրդովմունքի տեղիք են տվել, մասնավորապես, «...մեր դեմ խաղ չկա, ասաց քյալլագյոզ գյուղագրի խրտվիլակը, ներքին գործերի, որ գիրացել էլ էր հանց չաղ գետաձի, ջանդակ խոզի...» տողերը, որտեղ «գյուղագրի» տակ, շատերի կարծիքով, հեղինակը նկատի է ունեցել Հրանտ Մաթեւոսյանին (ինչպես սովորություն ունի անվանելու), ապա, հաջորդիվ՝ Վանո Սիրադեղյանին։ Սակայն Միլիտոնյանը նշեց, որ բանաստեղծություններն ինքը չի ընտրում եւ տպագրում, եւ թերթի խմբագիրն էլ ինքը չէ։ Բայց չէ որ ինքը թերթի խմբագրական խորհրդում է ընդգրկված։



Ըստ Միլիտոնյանի, պոետի գրվածքը մեկը կարող է ընդունել, մյուսը՝ ոչ. «Ես ինքս նման անձնավորված բաներ չեմ ընդունում, ես ինքս չեմ սիրում անուններ դնել կամ ինչ-որ փնովել, բայց մարդ կա՝ գրել է։ Հիմա դա խմբագրին հարցրեք՝ ինչու է տպագրել կամ այդ բանաստեղծությունը տպագրելո՞ւ է, թե՞ չէ։ Գրողների միության նախագահը ոչ վերահսկիչ է, ոչ էլ գլավլիտ, որ նստի որոշի, թե թերթն ինչ պիտի տպի-չտպի։ Հետո՝ գրականության մեջ բոլորը նույնկերպ չեն մտածում, օրինակ՝ Տոլստոյը Շեքսպիրին չէր հավանում, հետո՞, ի՞նչ անեին, Տոլստոյին կախեի՞ն, բա գրող են, ո՞վ է պարտադրում, որ բոլորը միակարծիք լինեն»։ Այն դիտարկմանը, որ այստեղ հեղինակությունների հարց է, որի դեպքում էլ այս դժգոհությունն առաջացել է, Միլիտոնյանն ասաց, որ դա իր խնդիրը չէ։