Կուսակցությունների անդամները հո միշտ նույն կուսակցությունում չե՞ն մնալու

Կուսակցությունների անդամները հո միշտ նույն կուսակցությունում չե՞ն մնալու

ՀՀԿ-ի «դուստր ձեռնարկություն» համարվող, 2007-ին հիմնադրված Միացյալ ազատական ազգային կուսակցությունը՝ ՄԻԱԿ-ը, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքական առաջիկա գործընթացներին պատրաստվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել: 2012-ին կուսակցության որոշ ներկայացուցիչներ ՀՀԿ-ի ցուցակով խորհրդարան անցան՝ սեփական ՄԻԱԿ-ն ուղարկելով պատմության գզրոց: Դրանից հետո կուսակցությունն իր գոյությունը հիշեցրել է թերեւս միայն մեկ անգամ՝ 2013-ի նախագահական ընտրություններին՝ հայտարարությամբ պաշտպանելով Սերժ Սարգսյանին: Սակայն այդ փաստն էլ, հավանաբար, առանձնապես չի գնահատվել, եթե հաշվի առնենք, որ Սահմանադրությունը փոխելու գործընթացի ժամանակ նախագահականում հյուրընկալվեցին գրեթե բոլոր կուսակցությունները, բացի ՄԻԱԿ-ից: Այդուհանդերձ, ՄԻԱԿ-ը որոշել է ոչ միայն վերակենդանանալ, այլեւ միայնակ մասնակցել առաջիկա գործընթացներին։ Գոյության առաջին նշանները, ամենայն հավանականությամբ, կարտահայտվեն սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններին մասնակցությամբ: Նոր ԸՕ նախագծով Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետ կընտրեն, ինչպես Երեւանում, կուսակցության ցուցակներից՝ ավագանի, ապա՝ քաղաքապետ: ՄԻԱԿ-ի հիմնադիր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե մեզնից է լսում, որ պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին մասնակցել. «Իսկ ինչ վերաբերում է ակտիվությանը, ապա մենք միշտ էլ ակտիվ ենք եղել, մենք միշտ էլ քաղաքական դաշտում կանք, ի՞նչ ակտիվացման մասին է խոսքը»:



- Հնարավո՞ր է ինքնուրույն մասնակցեք ընտրական, քաղաքական գործընթացներին՝ առանց ՀՀԿ-ի:



- Ամեն ինչ հնարավոր է, բայց դեռ որեւէ որոշում չկա, առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի, դեռ մեկ տարի կա ընտրություններին:



- Այսինքն՝ այնուամենայնիվ կարծում եք, որ ՄԻԱԿ-ը կենսունակ, գործո՞ւն կուսակցություն է։



- Այսօր օրենսդիրներից շատերը նախկին ու ներկա ՄԻԱԿ-ականներ են: ԱԺ-ում այնքան նախկին ու ներկա կուսակցականներ ունենք, որ քիչ ուժեր ունեն՝ սա մեկ, այսինքն՝ մենք ակտիվ աշխատում ենք:



- Բայց նախկին կուսակիցների ակտիվությունն ինչո՞ւ եք վկայակոչում:



- Դե, մեր կադրային ռեզերվն են, ուրեմն նշանակում է ինչ-որ մի բան ներկայացրել ենք, չէ՞, մեզանից, որ մեր կուսակցության անդամ են եղել, հետո հայտնվել են ԱԺ-ում, տարբեր ֆրակցիաների կազմում:



- Այսինքն՝ ՄԻԱԿ-ը դպրո՞ց է, օրենսդիրների դարբնո՞ց, դա՞ է Ձեր առաքելությունը:



- Հիմա ինչպես ուզում եք, անվանեք, բայց, համենայնդեպս, բազմաթիվ քաղաքական գործիչներ մեր դպրոցով անցել են:



- Իսկ դուք հասկացե՞լ եք, թե ինչու են ձեր գործընկերներից շատերը քաղաքական մկրտությունն ստացել ՄԻԱԿ-ում, հետո լքել ու գնացել են այլ կուսակցություններ:



- Կուսակցությունների անդամները հո միշտ նույն տեղում, կուսակցությունում չե՞ն մնալու, միշտ քաղաքական իրադարձություններ են լինում, այլեւայլ հանգամանքներ են ի հայտ գալիս, համենայնդեպս, մենք բոլորս շատ լավ ընկերներ ենք:



- Իսկ հիմա ձեր կուսակցությունը քանի՞ անդամ ունի, տարածքային գրասենյակներ ունեք-չունեք:



- Այս պահին կոնկրետ թիվ չեմ կարող ասել, ձեռքիս տակ չկա, հետո՝ խնդրեմ: Իսկ տարածքային կառույցներ միշտ էլ ունեցել ենք բոլոր մարզերում, ու չեմ կարծում, որ վատ են աշխատել կամ վատ են աշխատում: Ֆորմալ առումով նման կառույցներ միշտ ենք ունեցել, այլ հարց է, թե հանրության տեսանկյունից դրանք որքան արդյունավետ են եղել, ես, ամեն դեպքում, բարձր եմ գնահատում:



- Դուք ստեղծման օրվանից գրեթե միշտ ՀՀԿ-ի հետ եք ճանապարհ անցել, ՀՀԿ ցուցակով ընտրությունների մասնակցել, հիմա միայնակ ի՞նչ պետք է անեք, ի՞նչ կարող եք…



- Այդպես չէ, մենք մի անգամ առանձին ենք մասնակցել, վերջին ընտրություններին՝ նոր ՀՀԿ-ի ցուցակով:



- Այսինքն՝ ՄԻԱԿ-ը բոլոր շանսերն ունի՞ միայնակ գործելով հաջողության հասնելու եւ ի՞նչ կարգավիճակով:



- Ես նման բան չասացի, ես ասում եմ, որ մենք դեռ նման հարց չենք քննարկել, երբ կքննարկենք, կվերլուծենք մեր հնարավորությունները, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ ունենք:



- Սահմանադրական բարեփոխումների ժամանակ անգամ նախագահի կողմից անտեսվեցիք, ու սպասվում էր, որ պետք է հայտարարեք, որ միավորվում եք ՀՀԿ-ին՝ դառնալով մեկ կուսակցություն:



- Եթե այլ հարցեր չկան, ցտեսություն: