Չորսը դոգմատիկ թիվ չէ․ իշխանությունն ավելի լայն կազմով կմասնակցի Զուրաբյանի առաջարկած քննարկմանը

Չորսը դոգմատիկ թիվ չէ․ իշխանությունն ավելի լայն կազմով կմասնակցի Զուրաբյանի առաջարկած քննարկմանը

Վաղը Ազգային ժողովում տեղի կունենա ընդդիմության, մասնավորապես՝ ՀԱԿ խբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկած 4+4+4 ձևաչափով քննարկումը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ, որին կմասնակցեն չորս հոգի ընդդիմությունից, չորս հոգի քաղաքացիական հասարակությունից և չորս հոգի իշխանությունից։ Նշենք, որ ընդդիմությունը հինգ առաջարկն է ներկայացրել վաղվա քննարկմաը։



Այս առումով Լևոն Զուրաբյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, և իշխանությունների կողմից եղել է դրական պատասխան քննարկումն անցկացնելու վերաբերյալ։



Hraparak.am-ի հարցին, թե իշխանությունից ովքե՞ր են այդ չորս հոգին, ովքեր կմասնակցեն քննարկմանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց․ «Չեմ կարծում, որ չորսը այն թիվն է, որ պետք է սահմանափակենք, որովհետև աշխատանքային խումբ, գումարած՝ դաշնակցական գործընկերները, մի փոքր ավելին կստացվի, և չորսը դոգմատիկ թիվ չէ, կարծում եմ»։



Այդուհանդերձ, նա նշեց, որ աշխատանքային խմբի անդամները նախատեսվում է, որ կմասնակցեն քննարկմանը։ Նրանք են՝ Դավիթ Հարությունյանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ «Ես, բնականաբար, լինելու եմ, ներկայացուցիչ կլինի նաև Դաշնակցությունից, մենք տեղյակ ենք պահել աշխատանքային խմբին և մեր ՀՅԴ-ական գործընկերներին»։



Նշենք, որ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը մեզ ասաց, որ ինքն ու Արմեն Ռուստամյանը կմասնակցեն այդ քննարկմանը։ Այսինքն, ըստ էության՝ իշխանական թևից չորսից ավել մարդ կմասնակցի 4+4+4 ձևաչափով այդ քննարկմանը։ Ընդդիմության և քաղհասարակաության կողմից անունները դեռ հստակեցված չեն։



Մեր մյուս հարցին, թե իշխանությունների համար քննարկումների քանակը կամ ձևաչափը կապ ունի՞ ընդդիմության առաջարկները ընդունել-չընդունելու հարցում, պարոն Սահակյանն ասաց․ «Խնդիրը հետևյալն է։ Էդ քննարկումների նպատակը մեկն է․ կան տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ, որպեսզի էս քննարկումների ժամանակ շատ ավելի ազատ ձևաչափով և ռեժիմով կարողանանք և տեսակետները հստակեցնելով՝ մոտեցնել։ Եթե այս ընթացքում մենք կկարողանանք համոզել, որ ճիշտ է էս երեք ձևերի մեջ, օրինակ, ընդունելին, և ճիշտը սա է, շատ ավելի լավ։ Եթե ոչ, ապա մենք նաև հակափաստարկը կներկայացնենք։ Բայց ես համամիտ չեմ այն տեսակետին, թե իշխանությունը կամ հեղինակները գիտեն ընդդիմության հինգ առաջարկները, և կարող են կա՛մ ըդնունել, կա՛մ չընդունել, էլ քննարկումենրը կարևոր չեն։ Քննարկումների ժամանակ նոր մոտեցումներ են լինում, նոր տեսակետներ են հնչում, և եթե բուն խնդիրը չի լուծվում, բայց ածանցյալ մի քանի հարցադրումների ընթացքում նաև այլ խնդիրներ են լուծվում, այլ մոտեցումներ են լինում, որոնք շատ ավելի լավ օգուտ են բերում, քան թե չհանդիպենք, չքննարկենք»։



Վահե ՄԱՄԱՐՅԱՆ