Հայաստանի համար դեկոդերներ են բերվում ամենաէժան շուկաներից

Հայաստանի համար դեկոդերներ են բերվում ամենաէժան շուկաներից

Երկու տարի առաջ, երբ հեռուստահեռարձակման համակարգի թվայնացումը նոր էր սկսվել, դրա պատասխանատու կառույցի՝ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի» գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը վստահեցնում էր, որ դեկոդերների՝ ընդունիչ սարքերի որակը ստուգվելու է, որ հատուկ փորձարկումներ են արվելու որոշելու համար, թե որ սարքերն են առավել հարմար Հայաստանի պայմաններում։ Այս պարտավորությունը դրվել էր շվեդական «Էրիքսոն» ընկերության վրա, որը 2013 թվականին հաղթել է թվային համակարգի ներդրման համար հայտարարված մրցույթում։ «Էրիքսոնը» պետք է 50 հատ տարբեր արտադրողների, տարբեր գնային դիապազոնի դեկոդերներ բերեր և դրանք փորձարկեին տարբեր հեռավորությունների վրա, տարբեր տեղանքներում, գիշերային ու ցերեկային ժամերի։ Գրիգոր Ամալյանը պարզաբանեց, որ պայմանագրով նախատեսված չափումները արվել են և որ դա անհրաժեշտ էր, քանի որ ամբողջ համակարգի կարգավորումները /настройки/ կապված էին նրանից, թե ինչ դեկոդերներ են ձեռք բերվելու։ 



- Ի՞նչ արդյունքներ տվեցին չափումները, արդյո՞ք որոշվեց, որ Հայաստանի համար լավագույնը չինական սարքերն են։



- Կա երկու մոդել՝  երբ դեկոդերները թանկ են, իսկ հեռարձակողի ծախսերը փոքր, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է, և հակառակը՝ երբ ավելի պարզ սարքերով է ազդանշանը ընդունվում, իսկ մեծ ծախսը դրվում է հեռարձակողի վրա։ Այս մոդելը, որը սոցիալական մոտեցում է ենթադրում, կիրառվում է Եվրոպայում։ Մենք բարդացրեցինք հեռարձակողի խնդիրը, որ միջին սպառողի համար մատչելի դարձնենք ազդանշանը, որ դեկոդերները մեր քաղաքացու համար մատչելի շուկաներից բերվեն՝ Չինաստանից, նախկին ԱՊՀ երկրներից, Կորեայից, Ինդոնեզիայից, Թայլանդից, և այլն։ Բացառվել է եվրոպական երկրների արտադրանքը, որովհետև DVB-T2 ստանդարտի դեկոդերների նվազագույն գինը այնտեղ 65 եվրո է։ Չափումների իմաստը հենց դա էր, որ միջինացված գնի սարքերի տեսականիով համոզվենք, որ մեր ազդանշանը մեր ծածկույթը ապահովում է։



- Մարդիկ դժգոհում են, որ սարքերը երբեմն վատ են աշխատում։ Եթե դրանք փչանում են, ի՞նչ անել։



- Մարդիկ «սև» շուկայից գնում են ապրանք, և հավանաբար, ճիշտն այն է, որ պայմանավորվածություն ձեռք բերեն ապրանքը վերադարձնելու մասին։ Մեզ համար դժվար է այդ խնդիրը կարգավորելը։ Մենք առևտրային կազմակերպություն չենք, ընդամենը տեխնիկական ծառայություն ենք ապահովում։ Բազմաթիվ ահազանգեր են եղել, որ մարդն ասում է՝ սարքը չի աշխատում։ Բայց գնում ենք, տեսնում ենք, որ ճիշտ չի միացրել, կամ կարգավորումները սխալ է կատարել։ Երբ մեզ դիմում են, մենք անպայման օգնում ենք։ Մարզերում, փոքր բնակավայրերում հեշտ է, քանի որ մեր մարզային կառույցների աշխատողներին ճանաչում են և անմիջապես դիմելով, տեղում օգնություն են ստանում։ Կարող եմ ասել, որ 99 տոկոս դեպքերում շահագործման սխալներն են պատճառը, այսինքն, մարդը շահագործել չի կարողացել։ Մի բան էլ կա՝ «հարևանի երեխայի» գործոնը։ Հաճախ փոքրերը ավելի ճիշտ են կարողանում այդ սարքերի հետ աշխատել, քան տարիքով անձինք, որոնք ժամանակակից տեխնիկայի հետ առնչվելու փորձ չունեն։



- Հեռուստաաշտարակի աշխատակիցները, ինժեներական անձնակազմը ի՞նչ վիճակում կհայտնվի, երբ անալոգային հեռարձակումը դադարեցվի։ Ասում են, այս նոր հաղորդիչներն ու այլ սարքավորումները աշխատացնողներ պետք չեն։



- Ո՞նց կարող է մարդ պետք չլինի։ Ինչ-ինչ վերակազմակերպում կիրականացվի։ Եթե ինչ- որ մեկը մասնագիտորեն պետք չլինի, պարզ է, որ նրան ձևական չեն պահելու, բայց շահագործող անձնակազմ, աշխատողներ անպայման կլինեն։



- Հնարավո՞ր է, որ կրճատումներ լինեն։



- Վերակազմակերպում լինելու է, հստակ կարող եմ ասել, բայց թե ինչ բնույթի, միայն անջատումից հետո կերևա։



Սյուզան Սիմոնյան