Նախկին խորհրդային երկրները՝ Վաշինգտոնում

Նախկին խորհրդային երկրները՝ Վաշինգտոնում

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում գումարված Միջուկային անվտանգության գագաթնաժողովը (NSS), բուն միջուկային անվտանգության թեմատիկայի քննարկումից բացի, նաեւ հետաքրքրություն է ներկայացնում որպես համաշխարհային առաջնորդների հանդիպման հարթակ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններից բացի, աշխարհում դժվար է գտնել երկրորդ-երրորդ թեմատիկ համաժողովային ձեւաչափ, որին 50-60 երկրի ղեկավարներ մասնակցեն: 



Գագաթնաժողովի առիթով Վաշինգտոն էին ժամանել պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ ոչ միայն Եվրոպայից եւ Ասիայից, որտեղ կան միջուկային արսենալներ, այլեւ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Ավտրալիայից, որտեղ չկան միջուկային տերություններ: Սակայն այդ մայրցամաքները ներկայացնող երկրների մասնակցությունը նույնքան, գուցե ավելի կարեւոր է, քանի որ վերջնահաշվում միջուկային անվտանգության շարժիչ կարգախոսն ու մտահոգությունն ահաբեկիչների ձեռքում միջուկային զենք հայտնվելու մղձավանջից աշխարհն ապահովագրելն է: Իսկ դա թելադրում է ռադիոակտիվ նյութերի եւ դրանք զենքի վերածելու ընդունակ գիտական ներուժի հանդեպ վերահսկողություն բոլոր մայրացամաքներում: Այդ հրամայականից ելնելով էլ՝ բազմաթիվ ոչ միջուկային երկրներ են հրավիրվում միջուկային գագաթնաժողովներին:



Այս անգամ Վաշինգտոնում էին շուրջ 50 երկրների ղեկավարներ, եւ նրանցից վեցը նախկին խորհրդային հանրապետությունների մերօրյա ղեկավարներն էին: ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած միակ միջուկային պետությունը` Ռուսաստանը, չէր մասնակցում գագաթնաժողովին: Փոխարենը այնտեղ էին Ադրբեջանի, Լիտվայի, Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահները:
Լիտվայի նախագահը Վաշինգտոնում էր, հավանաբար, ի նշան ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործընկերների համերաշխության, Ուկրաինան ու Ղազախստանը՝ ավելի քան հասկանալի է. երկուսն էլ խորհրդային ժամանակներում ունեցել են միջուկային արսենալ, որը հետագայում արտահանձնել են Ռուսաստանին, բայց երկրում մնացել են մասնագետները, ենթակառուցվածքները, միջուկային նյութերը եւ այլն: Հայաստանն առնվազն իր գործող ատոմակայանի, նոր ատոմակայան կառուցելու ծրագրերի եւ միջուկային ֆիզիկայի մասնագետների հանգամանքով է այդ գագաթնաժողովների մշտական մասնակից: Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին էլ հրավիրել էին, հավանաբար, տարածաշրջանային իրադրության հետ կապված:



Այցի առավել լուրջ եւ հագեցած օրակարգ Ուկրաինայի նախագահն էր ունեցել, ինչը եւ հասկանալի է: Հանդիպել էր ԱՄՆ վարչակազմի տնտեսական բլոկի քարտուղարների, ռազմարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, Ուկրաինայի անկախության պայքարին նվիրված ինչ-որ ֆորումում էր ելույթ ունեցել, փոխնախագահ Բայդենին էր հանդիպել, նախագահ Օբամայի հետ խոսակցություն էր ունեցել եւ ստացել էր Ուկրաինային 350 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման խոստում:
Նուրսուլթան Նազարբաեւը Carnegie Endowment-ում էր ելույթ ունեցել եւ այդ հիմնադրամի ներկայիս նախագահ, ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի հետ էր հանդիպել: Գործող վարչակազմից որեւէ մեկը Նազարբաեւին չէր հանդիպել: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվիլաշվիլու որեւէ հանդիպման մասին նույնպես չկա տեղեկություն, նա 31-ին դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում եւ երեկոյան ժամանել է Սպիտակ տուն` ճաշկերույթի:



Վերջապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Երկու հանդիպումների մասին էլ Սպիտակ տնից գրեթե նույնական հաղորդագրություն է տարածվել: Երկուսն էլ կազմված են չորսական նախադասությունից, ընդսմին՝ առաջին ու վերջին նախադասությունները երկու հաղորդագրություններում չունեն անգամ տառի տարբերություն: Վերջին ֆրազը վերաբերում է ԼՂ հակամարտությանը, եւ բառացիորեն ասված է. «Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, փոխնախագահը մտահոգություն հայտնեց շարունակվող բռնությունների կապակցությամբ, երկխոսության կոչ արեց եւ ընդգծեց խնդրի համապարփակ կարգավորման կարեւորությունը տարածաշրջանում երկարատեւ կայունության, անվտանգության եւ բարգավաճման համար»:



Թվում է՝ ընդհանրական ֆրազ է, բայց, հաշվի առնելով, թե Ալիեւը որքան էր նախօրեին Պետդեպում, պետքարտուղար Քերրիի հետ ողջույնի խոսքերի փոխանակման ընթացքում ավելորդ ճամարտակել, թե գործ ունենք ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ, նախկին խորհրդային տարածքի ու ընդհանրապես աշխարհի բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով եւ այլն, Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությամբ, ակնհայտ ուղերձ է, որ Ադրբեջանի նախագահն ավելորդ ու անիմաստ քիչ խոսի, Հայաստանին հանգիստ թողնի եւ բուն եւ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվի:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ