Հեռուստատեսային ծափ-ծլնգոցը կդադարի

Հեռուստատեսային ծափ-ծլնգոցը կդադարի

Մեր հեռուստատեսությունները հաճախ են փորձում կապկել ռուսական հեռուստատեսությանը, բայց ամենակարևոր հարցերում մնում են գավառական մակարդակի։ Ռուսական օդանավերի կործանման օրերին ռուսական հեռուստաալիքները դադարեցնում էին ժամանցային, երաժշտական, հումորային ծրագրերի և նախագծերի հեռարձակումը ՌԴ ամբողջ տարածքում, իսկ բելգիական ահաբեկչության օրը ուղիղ հեռարձակումներ էին իրականացնում Բրյուսելից։ Հայկական հեռուստատեսությունը ռազմական գործողությունների վերսկսման երրորդ օրը միայն սկսեց իրավիճակին համահունչ գործելու փորձեր անել։ Լավ է ուշ, քան երբեք։



«Արմենիա» հեռուստատեսությունը այսօր առավոտյան հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է ժամանցային հաղորդումների հեռարձակումը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը լուր տարածեց, որ ժամը 13:00-ից ուղիղ միացումներ կապահովի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և որ նկարահանող խումբ կաշխատի տեղում, ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը։ Տեղեկացանք, որ այս պահին հանրային հեռուստատեսության շարժական հեռուստակայանը գտնվում է Արցախում։ Այն տեղակայված է լինելու Ստեփանակերտում։ Ցուցադրվելու են նաև սյուժեներ և «լայֆ» կադրեր շփման գոտուց։ Լուրերի 13.00-ի թողարկման ժամանակ ցուցադրեցին սյուժե խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին։ Այս պահին սակայն Հ-1-ով ուղիղ հեռարձակում չկա։ Ցուցադրվում է արտասահմանյան մուլտ մարդակերպ կենդանիների մասին։



Մեր հեռուստատեսությունները այս օրերին աշխատում էին ռադիոյի ռեժիմով։ Կար ձայն, բայց կադրում կամ ֆոտո էր, կամ հեռուստավարողի պատկերը։ Նոր կադրեր Արցախից քիչ էին հեռարձակվում, կամ էլ կրկնվում էին նույն կադրերը, հիմնականում ռուսական հեռուստաստուդիաների կողմից նկարահանված։ Ապրիլի 2-ին և 3-ին «Շանթ» հեռուստատեսությունը ժամանցային հաղորդումներին էր զարկ տվել։ Ղարաբաղի սահմանի երկայնքով թեժ մարտեր էին, իսկ «Շանթի» եթերում Գագիկ Պապոյանի վարած «Կասկածելի երեկոն» էր, երբ երկու թիմ փորձում են իրար ֆռռացնել, և «ծափծլնգոցներ»։ «Ժողովրդական երգիչն» էին լցնում հեռուստադիտողի ականջները։ Այսօր կրկին «Խոպանի տեսություն» հումորային սերիալն են «գրել» ծրագրում և «Բանակում»-ը։ Իսկ հեռուստադիտողները իրենց զայրույթը Թի-ՎԻ խրախճանքի առիթով արտահայտում էին սոցցանցերում։



Հ․Գ․ Սույն հրապարակումը պատրաստ էր, երբ «Շանթ» հեռուստատեսության հասարակության PR մենեջեր Կարապետյանից պարզաբանում ստացանք։ Նա ասաց, որ երեկ կեսօրից հետո փոփոխություններ են մտցվել եթերացանկում, զվարճալի բնույթի հաղորդումները հանվել են, սակայն այս մասին «Շանթը», ի տարբերություն մյուս հեռուստատեսությունների, առանձին հայտարարություն չի արել, համարելով, որ դա լրացուցիչ ինֆորմացիա է, որն ավելորդ տեղ է զբաղեցնելու։ ««Ժողովրդական երգիչ» նախագիծը ծրագրում պահպանվել է, սակայն ուրախ երգերի փոխարեն ավելի հանգիստ երգեր են ընտրվել։ Հումորային սերիալները՝ «Բանակումն» ու «Խոպանի տեսությունը» հանվել են։ Դրանց փոխարեն ցուցադրվելու է «Սահմանին» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմը։ «Կասկածելի երեկոն» կրկնություններով հանդերձ ևս որոշվել է առայժմ չցուցադրել։ «Մեր լրատվականը երեկվանից ուղիղ միացումներ է կատարում Արցախից», - ասաց Կարապետյանը։ Հարցին, թե ինչպես են լուծելու գովազդատուների խնդիրը, չ՞է որ հումորային սերիալները մեծ կոմերցիոն էֆեկտ ունեն, նա պատասխանեց․ «Դա ներքին խնդիր է, որը կփորձենք լուծել գովազդատուների հետ»։ 



Սյուզան Սիմոնյան