Այ քեզ բա՜ն

Այ քեզ բա՜ն

Լրատվամիջոցներից մեկը ֆեյսբուքում նկատել է ռուսաստանաբնակ հայուհու՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գրառման պատասխանը: Արթուր Աղաբեկյանն ասել է, որ Ռուսաստանի հայերից միայն 30 մարդ է նվիրատվություն արել Արցախի ՊԲ-ին: Ռուսաստանաբնակ հայուհին հակադարձում է, որ մանր ու մեծ նվիրատվություններ արվում են, դրանք ուղղակի հատուկ հաշվեհամարին են փոխանցվում իրավաբանական անձանց անունից, կա նաեւ նյութատեխնիկական աջակցություն…



Հայուհու պատասխանում, սակայն, մի շեշտադրում կա, որ հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս: Նա ասում է՝ Ռուսաստանը Եվրոպա չէ, ԱՄՆ չէ, պոստխորհրդային երկիր է, որտեղ իրենց ղեկավարության դեմ եթե արտահայտվես, յոթը պորտով կարտաքսեն: Մյուս խոսքերը քնարական զեղումների ոլորտից են: Ճշմարտությունն ասված է առավել քան թափանցիկ:



Oxu.az-ը, հղելով մոսկովյան իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Պուտինն «արգելել է օգնել Ղարաբաղի անջատականներին»: Նույն տեղում կարդում ենք, որ Մոսկվայի շրջանային դատարաններից մեկի վճռով «Ղարաբաղի անջատականների գլխավոր հովանավոր Լեւոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման»:



Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը դժգոհ է Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանից, մանավանդ՝ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի «ակտիվության ֆոնին»: Եթե նա կարծում է, որ ապրիլի 3-ին ՌԴ ՊՆ հովանավորության «Դոժդ» հեռուստաընկերության եթերում Ադրբեջանի դեսպանը հայտնվել է սեփական նախաձեռնությամբ կամ շնորհիվ «խավիարային դիվանագիտության», ապա սխալվում է: Այդ օրը, այդ պահին պետք է եղել, որ Բյուլբյուլօղլին խոսի եւ ասի, որ եթե ոչ բանակցություններով, ապա պատերազմով «անպայման օկուպացված հողերն ազատագրվելու են»:



Իսկ աջակցել Պաշտպանության բանակի սպառազինմանը՝ նշանակում է հեռացնել պատերազմով խնդիր լուծելու սպառնալիքի տակ «խաղաղ կարգավորման»: տեսլականը: Իսկ այդ մասին, ինչպես հայուհու ֆեյսբուքյան արձագանքն է վկայում, ռուսաստանաբնակ հայերը չեն կարող բարձրաձայնել…