ՀՀ ԲՈՀ-ի անհագ ախորժակով նախընտրելի են «ընկեցիկ» ատենախոսությունները

ՀՀ ԲՈՀ-ի անհագ ախորժակով նախընտրելի են «ընկեցիկ» ատենախոսությունները

Քաղաքական տոտալիտարիզմով և մարտնչող աթեիզմով տառապող ԽՍՀՄ-ից «ուղիղ գծով» եկած ՀՀ «բարձրագույն որակավորման հանձնաժողով» (ԲՈՀ) կոչվող ձախողված կառույցը դուրս մնալով պետական ակնապիշ վերահսկողությունից գործնականում վերածվել է ՑՈՀ-ի՝ ցածրագույն որակավորման հանձնաժողովի և իր «անձնական շահերին» առաջնություն տալու պատճառով, հեղինակազրկում է իսկական գիտնականներին, լուրջ չափով հարվածում գիտության ոլորտին, անշուշտ, ՀՀ պետբյուջեին ու պետության հիմքերին… 



Այո՛, ըստ այդ կառույցի ախորժակի նախընտրելի է «թխած» ու համացանցից թռցրած ատենախոսություն կոչվող «մակուլատուրան»: Այո՛, այսօր ատենախոսությունները, մեծամասամբ զերծ մնալով գիտության աստիճան հայցողների անմիջական հետազոտությունների պարունակությունից, «թխվում են» ու ԲՈՀ-ի կողմից հաստատվում, ինչպես նամշած դարմանից պատրաստված փքաբլիթներ: Այս պարագայում արդյո՞ք հասկանալի չէ, որ վայ ԲՈՀ-ը, առավել ևս հասարակական գիտությունների ոլորտում, ատենախոսություններ է հաստատում, բայց գիտության համապատասխան զարգացում չկա՛: Նման իրավիճակում կարելի է բացականչել՝ կեցցե օլիգոֆրենիան, որի պայմաններում մարմնի զանգվածի աճ տեղի ունենում է, բայց մտավոր զարգացում՝ ոչ:



Նշված տեսանկյունից բավական է բացել ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների արխիվ համարվող գրագողարանի դռները և համեմատության միջոցով տեսնել, որ, օրինակ, տնտեսագիտությունից, քաղաքագիտությունից, ու՜ր մնաց մանկավարժությունից և այլն, այնքան «նույնամիտ» գիտնականներ են «դրոշմվել», որոնք կարող են աշխարհը շենացնել ու խաղաղեցնել, գայլ ու ոչխարներին էլ դաստիարակել՝ «մանկավարժեցնե՜լ»: Իսկ եթե պատահաբար հայտնաբերվի ատենախոսություն, որը, մեր ատենախոսության օրինակով, արժանացած լինի մի շարք բուհերի, գիտությունների ակադեմիաների, արտերկրների ճանաչված գիտնականների, միջազգային կազմակերպությունների ուշադրությանը և բարձր գնահատականի, առավել ևս, երբ դրա հեղինակին անգամ կարելի է HNORIS CAUSA (հանուն ծառայության) սկզբունքով գիտական աստիճան շնորհել, ապա անշուշտ կմերժվի, եթե նախապես չբավարարվի ԲՈՀ-ի «ախորժակը»:



Նման ախորժակը, զուգորդվելով այդ ձախողված կառույցի շահամոլության հետ, նրան դարձնում է անկարող՝ գլխավորը տարբերել երկրորդականից, ազգային ու միջազգային շահերը՝ անձնական շահերից, գիտոթյունը՝ տգիտությունից, և իսկական գիտնականների կողքին «աննկատ» ավելացնել թշվառ, «ուղեղաորբ» գիտնական կոչվողների շարքերը:



ՀՀ ԲՈՀ-ի սոսկ նախագահներին փոխելով (ի դեպ, ներկայիս նախագահը կիրթ ու կոռեկտ է) կառույցն ամբողջությամբ չի բարեփոխվի: Մեր կարծիքով այդ «կրկնաթոր» ատենախոսությունների բիրժան կարգի բերելու համար անհապաղ ու միանշանակ պետք է հանձնվի (տեղափոխվի) ՀՀ ԳԱԱ-ի իրավասությանը: Վերջինիս կառուցվածքի մասնագիտացված ինստիտուտները, որոնք, ներողություն, ձեռնահա՜ս են գիտությունը տարբերել թափոնից, չեն կորցրել, բնականոն չեն էլ կորցնի իրենց մասնագիտական պատկանելության հպարտությունն ու պատիվը, թասիբն ու նամուսը…



Հ.Գ. Կապված այդ, էությամբ ՑՈՀ (ցածրագույն որակավորման հանձնաժողով) կույրաղիի բարեփոխման հետ, ճիշտ կլինի, նախօրոք ուսումնասիրել մի քանի առաջատար երկրների, առավել ևս ԱՄՆ-ի համապատասխան ոլորտի գործունեության առանձնահատկությունները:



Կորյուն Թորոսյան
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան
Պետհամալսարանի պատվավոր դասախոս