Հրազդանցիները զոռով չեն «ամուսնացել» Արամ Դանիելյանի հետ, շատ սիրով են «ամուսնացել»

Հրազդանցիները զոռով չեն «ամուսնացել» Արամ Դանիելյանի հետ, շատ սիրով են «ամուսնացել»

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կիրակի օրը ՀՀ մի շարք համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները համարում է, որ նորմալ են անցել՝ առանց լուրջ խախտումների։



Մինչդեռ «Հայելի» ակումբում այսօր նրա ընդդիմախոս, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանը պնդում է, որ բազմաթիվ խախտումներով են անցկացվել հատկապես Հրազդանում քաղաքապետի ընտրությունները, որտեղ իրենք ևս թեկնածու ունեին՝ Արթուր Միսակյանը։ Հրազդանում, հիշեցնենք, հաղթեց 14 տարվա գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը։ Նրա դեմ պայքարում էր նաև «Քաղաքացիական պայմանագրից» Սասուն Միքայելյանը։



«Մի խոսքով՝ իսկական հայաստանյան չափանիշներին համապատասխան ընտրություններ էին՝ և՛ ընտրախախտումներով, և՛ ընտրակաշառքի դեպքերով»,-լրագրողների հետ հանդիպմանը, հակառակ ՀՀԿ-ական պատգամավորի, հայտարարեց ՀՎ-ի ներկայացուցիչը։



Hraparak.am-ը հետաքրքրվեց 14 տարի անց ևս 5 տարով էլի քաղաքապետ վերընտրված Դանիելյանի կուսակից ընկերոջից, թե ինքը, օրինակ, 20 տարի նույն ավտոմեքենան կվարե՞ր։ Լեռնիկ Ալեքսանյանը, նկատենք, վարում է մոտ 10 տարվա հնության Hyundai Elantra: Արդյոք կշարունակի՞ նույն ավտոմեքենան ևս տասը տարի վարել։



«Նայած՝ ինչ վիճակում է, եթե լավը լինի, ձեռնտու լինի, ես նաև տասը տարի վարել եմ ԳԱԶ 31 ավտոմեքենա... ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը։ Ուրեմն յուրաքանչյուր պաշտոնում արագ պաշտոնյաներ փոխելը բացասական երևույթ է։ Երբ դու քո գործը լավ ես անում, քեզնից գոհ են, էդ ինչի՞ գործարանի ինժեները ինչքան երկար է աշխատում էդտեղ, ավելի լավ է գործին ծանոթանում, իրեն կարելի է 30 տարի մնալ, իսկ էն գյուղապետը, ում լավ են ճանաչում... եթե մենք փորձենք նայել ուրիշ աչքերով... Ինչքան մարդ էդ գյուղում շատ աշխատի, ինչքան մարդկանց, պրոբլեմները լավ իմանա, ինչքան մարդիկ իրեն լավ իմանան, գնահատեն՝ վատ բան չկա դրա մեջ»,-ասաց Ալեքսանյանը։



Հետո նա ամուսինների համատեղ կյանքի օրինակը բերեց, թե դա նույնն է, որ ամուսիններրը 20 տարի իրար հետ ամուսնացած լինեն, իրարից կարող է հոգնեն, լճանան, բայց չբաժանվեն։



Մեր դիտարկմանը, թե փաստորեն հրազդանցիները կրա՞կն են ընկել, որ ևս 5 տարով պիտի զոռով «ամուսնացած» մնան իրենց14 տարվա քաղաքապետի հետ, ՀՀԿ-ականն ասաց. «Զոռով չեն ամուսնացել, շատ սիրով ամուսնացել են, բայց ժամանակի ընթացքում իրար ավելի լավ են ճանաչում, իրար ավելի լավ են գնահատում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ