Խաղաղության մեր մրցանակը՝ «Ավրորա»

Խաղաղության մեր մրցանակը՝ «Ավրորա»

100 տարի անց Հայաստանն առաջին անգամ աշխարհին ձեռք մեկնեց ու մեկնեց այդ ձեռքը ոչ թե ինչ-որ բան խնդրելու, այլ տալու համար՝ որպես հավասարը հավասարին, փրկվածների անունից մրցանակ տալով այսօրվա «փրկիչներին», որոնք աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր կյանքեր են փրկում։ «Ավրորան» ապրիլի 24-ին մեզ բոլորիս դարձրեց աշխարհի քաղաքացի, սա մեր փոքր երկրի մեծ հաղթանակներից մեկն էր։ «Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնք փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում՝ մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին: Արդեն առաջին մրցանակաբաշխությունից հետո միանշանակ կարելի է փաստել, որ «Ավրորան» հավակնում է դառնալ Խաղաղության մեր մրցանակը։



«Ավրորայի» առաջին դափնեկիրը



«Ավրորա» մրցանակի դափնեկիր լինելուն այս տարի հավակնում էր 4 հոգի, բայց, ինչպես բեմից նշեց Վարդան Գրեգորյանը, ընտրությունը բարդ է եղել՝ 180-ից ավելի հայտ 27 երկրներից։ Բայց հավակնորդների ընտրության հիմքում հաշվի է առնվել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց քայլերն ունեցել են մարդկային կյանքի փրկության գործում։ Առանց հուզմունքի դժվար էր դիտել ընտրված 4 հերոսների մարդասիրական գործունեության մասին պատմող կարճ ֆիլմերը եւ երեւակայել, որ այդ ոճիրները, ստրկության դեպքերը տեղի են ունեցել ոչ թե 100 տարի անց, այլ 10 տարի կամ նույնիսկ մեկ տարի առաջ։



«Ավրորայի» առաջին դափնեկիր ճանաչվեց ազգությամբ թութսի Մարգարիտ Բարանկիցեն, որն աշխատում է Բուրունդիի «Խաղաղության տուն» կոչվող խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Բարանկիցեն պատերազմի սկզբում, հետապնդումից փրկելու նպատակով, փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականատեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ։ Որպես «Ավրորայի» դափնեկրի՝ Բարանկիցեին շնորհվեց 100 հազար ԱՄՆ դոլարի պարգեւ եւ 1 մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհ այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրան՝ գործելու։ Մարգարիտի ուղերձն աշխարհին շատ պարզ է ու մարդկային՝ երկրագունդը մեծ է բոլորի համար, եւ պետք է կարողանանք ապրել երջանիկ, ինչպես քույրեր ու եղբայրներ։



Քլունիի գործոնը



«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահներն էին Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը եւ օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին, որի գործոնը մեծապես նպաստեց «Ավրորայի» միջազգայնացմանը եւ շրջանառվեց համաշխարհային մամուլի էջերում։ «Ավրորա» մրցանակաբաշխությունից դուրս Քլունին մասնակցեց նաեւ Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումին, որտեղ բարձր ամբիոնից նշեց, որ ամենակարեւոր գործոնը, որին մենք անընդհատ անդրադառնում ենք, այն է, որ չես կարող հերքել կատարվածը։ «Երբ ինչ-որ մեկը փորձում է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղի, նրանց մշակույթը, դու չես կարող դա վերադարձնել, դա ցեղասպանություն է, այլ տարբերակ չկա։ Գերմանիայից հետո մենք նորից ու նորից լսում ենք՝ «այլեւս երբեք», բայց դրանից հետո Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա, Դարֆուր, եւ ճշմարտությունն այն է, որ երբեք չպետք է դա կատարվի, բայց նորից ու նորից կատարվում է, ու մենք ասում ենք՝ եթե մենք մի բան իմանայինք, մի բան կանեինք, բայց չէ որ մենք գիտեինք դրա մասին, մենք դա տեսնում ենք։ Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք այսօր անում ենք, 2 իմաստ ունի. 1-ը՝ հետ նայենք ու չմոռանանք։ Հիշենք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, բայց նաեւ աշխարհի պատմության մի մասն է, սա ընդամենը մի ազգի ցավը չէ, եւ դրա 2-րդ կողմն այն է, որ մենք պետք է առաջ նայենք»։



Արդեն մրցանակաբաշխության ժամանակ Քլունին բեմից խոսեց ցեղասպանություններից՝ նշելով, որ ցեղասպանության հիմքում ընկած են դաժանությունը, մի ամբողջ ժողովրդի նպատակադրված ոչնչացումը, եւ եթե հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ապա այսօր աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: «Ես դա տեսել եմ Դարֆուրում մարդկանց կոտրված մարմիններում, կոտրված ընտանիքներում, կոտրված սրտերում: Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսեւորումներով ինչի է ունակ: Ես մի ուրիշ բան էլ եմ տեսել, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն ու բարություն, սիրո անհավատալի դրսեւորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները: Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ: Մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատեւել իբրեւ տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից: Մենք նրանց անվանում ենք փախստականներ, բայց նրանք մարդիկ են ինձ ու ձեզ պես»:



«Ավրորան» եվ միջազգային մամուլը



«Ավրորա» մրցանակաբաշխությունը հայտնվեց նաեւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, եւ, ինչպես նախորդ տարի Քիմ Քարդաշյանի այցելության դեպքում էր, երբ նրա անձն առիթ դարձավ, որ միջազգային մամուլը նաեւ պատմական անդրադարձ անի 1915թ.-ին, այս տարի էլ «Ավրորա» մրցանակաբաշխությունը պատճառ դարձավ, որպեսզի նորից բարձրաձայնվի Հայոց ցեղասպանության, իսկ որոշ տեղերում էլ՝ ԼՂՀ հարցը։
«Ավրորան» հայտնվեց այնպիսի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են Reuters-ը, The Independent-ը, Hollywood reporter-ը, Express-ը, The Washington Post-ը։ Օրինակ՝ The New York Times-ը, ծավալուն անդրադառնալով «Ավրորայի» հաղթող Մարգարիտ Բարանկիցեի գործունեությանը, հոդվածը վերնագրել էր՝ «Մանկատան հիմնադիրն Աֆրիկայից հաղթում է Հայոց ցեղասպանության հիշատակի մրցանակը»։ Թերթն ընդգծում է, որ 4 դափնեկիրներն ընտրվել էին համարյա 200 հայտերից, ապա անդրադառնում է մրցանակաբաշխության պատմությանը, թե ինչու Ավրորա, ով է եղել նա՝ Ավրորայի ճակատագրի կողքին հիշելով նաեւ Հայոց ցեղասպանության մասին, որի ընթացքում 1.5 մլն. մարդ է կոտորվել։



«Իմ ընտանիքը եկել է ԱՄՆ՝ որպես փախստականներ, ասում է Ջորջ Քլունին». այսպես էր վերնագրել իր հոդվածը The Guardian պարբերականը, որն ավելի շատ կենտրոնացել էր Քլունիի անձի, նրա մարդասիրական գործունեության եւ մրցանակաբաշխության ընթացքում հնչեցրած նրա ելույթների վրա՝ չմոռանալով վերջում գրել նաեւ, որ մրցանակաբաշխության ընթացքում դերասանը կոչ է արել աշխարհին ճանաչել «Հայոց ցեղասպանությունը»։



Ջորջ Քլունիի՝ Արարատի ֆոնին լուսանկարն էր հրապարակել Dailymail պարբերականը՝ մրցանակաբաշխության մասին հոդվածը վերնագրելով. «Ջորջ Քլունին Երեւանում է՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին»։ Պարբերականը նշել է, որ Քլունին նախագահի եւ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի համալիր։ Dailymail-ը նույն հոդվածում անդրադարձ էր կատարել նաեւ ԼՂՀ խնդրին, հատկապես վերջին դեպքերին՝ նշելով, որ վերջին ամսում տեղի ունեցած պատերազմը մոտ 100 կյանք է խլել։



The Associated Press թերթն էլ, առանձնացնելով Քլունիի երեւանյան ելույթի այն հատվածը, որտեղ դերասանը հայտարարել էր, թե «Հիտլերն ասել էր` ո՞վ է այժմ հիշում հայերին: Պատասխանը` ամբողջ աշխարհը», նաեւ նկատել էր, որ Քլունին եղել է ազդեցիկ ձայն հօգուտ այն երկրների, որոնք այդ սպանությունները ճանաչում են որպես ցեղասպանություն, ինչը, սակայն, ԱՄՆ-ն չի արել:



The Telegraph-ն էլ մեջբերել էր մրցանակաբաշխության ժամանակ Քլունիի հետեւյալ խոսքերը. «Պարզ ճշմարտությունն այն է, որ այս գիշեր այստեղ հավաքվածներիցս յուրաքանչյուրն ինչ-որ մեկի բարի արարքի շնորհիվ է այստեղ։ Մենք բոլորս պարտավոր ենք լավ մարդկանց, որոնք անտարբեր չեն եղել, երբ մենք կարիքի մեջ էինք»։



«Ավրորայի» բացթողումներն ու ձեռքբերումները



Այն, որ Մարզահամերգային համալիրում անցկացված մրցանակաբաշխությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, զուսպ, առանց ավելորդաբանությունների թե բովանդակային, թե տեխնիկական առումով, փաստեցին բոլորը՝ եւ նրանք, ովքեր ներկա էին սրահում, եւ նրանք, ովքեր հետեւում էին ուղիղ եթերով։ Բայց եթե մրցանակաբաշխության սինխրոն թարգմանությունը գոնե ինչ-որ կերպ տանելի էր՝ իր բազմաթիվ սայթաքումներով հանդերձ, ապա «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումների շարքի սինխրոն թարգմանությունը հայերեն ուղղակի ահավոր էր։ Մոտ 7 ժամ տեւած քննարկումների ընթացքում ոչ միկրոֆոնի ձայնը նորմալ կարգավորվեց, ոչ էլ պատկերը, իսկ ամենասոսկալին 2 թարգմանիչների խոսքն էր, որոնք նախադասությունն սկսում էին ու այդպես էլ ի վիճակի չէին լինում ավարտել՝ տեղ-տեղ ընդհանրապես չթարգմանելով բանախոսների խոսքը։ Այդ խնդրի մասին, ի դեպ, թե սոցիալական ցանցերում, թե հեռարձակման յութուբյան ալիքում բազմաթիվ դժգոհություններ եղան, բայց, փաստորեն, խնդիրը կամ անլուծելի էր, կամ կազմակերպիչները լուրջ չէին մոտեցել այդ հարցին, ինչը, հուսով ենք, հաջորդ տարի հաշվի կառնվի։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ