Դեռեւս միայն կոռուպցիայի մասին խոսելն է լավ ստացվում

Դեռեւս միայն կոռուպցիայի մասին խոսելն է լավ ստացվում

Մեր պաշտոնյաները մի վատ սովորություն ունեն։ Երբ որեւէ հանրային դեմք հայտարարություն է անում, իշխանության մաս կազմող պաշտոնյաները հրաժարվում են արձագանքել դրան կամ մեկնաբանել։ Նույն սկզբունքով չեն մեկնաբանվում վարչապետի, նախագահի խոսքերը, որովհետեւ՝ «ախր, ես ո՞վ եմ, որ մեկնաբանեմ նրանց ասածները», քանզի «Աստծո գործերն անքննելի են»։



Երեկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ գնաց այս տարբերակով, երբ նրանից խնդրեցինք արձագանքել վարչապետի եւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին։ Վերջինս երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է 15 մլն. եվրո տրամադրել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց չի տրամադրի, մինչեւ չտեսնի շոշափելի արդյունքներ։



Երբ խնդրեցինք այդ քննարկմանը ներկա գտնված արդարադատության նախարարին արձագանքել Սվիտալսկու այս հայտարարությանը, տիկին նախարարն ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում նախ մեկնաբանել դա, բայց ուզում եմ նախեւառաջ ասել, որ Եվրամիությունն աջակցում է մեզ այդ հարցում, եւ կարծում եմ, որ նախեւառաջ պարոն դեսպանն ինքը պետք է մեկնաբանի, թե շոշափելի արդյունքներ կան, թե ոչ։ Իսկ մեր քայլերի հաջորդականությունը մենք իրագործելու ենք։ Եվ էնպես չէ, որ մենք պայմանավորել ենք այդ քայլերի իրականացումը կամ դրանց արդյունավետությունն այդ աջակցությամբ»։ Բայց, փաստորեն, ԵՄ-ն կասկածներ ունի, որ շոշափելի արդյունքներ չկան կոռուպցիայի դեմ պայքարում, ուստի արդյոք սա հստակ ակնարկ չէ՞ր ԵՄ դեսպանի կողմից։ Տիկին Հովհաննիսյանը մնաց անդրդվելի. «Ես արդեն ասացի, որ Սվիտալսկու հայտարարությունն ինքը պետք է մեկնաբանի, ոչ թե ես»։



Մի բան պարզ է, որ ԵՄ դեսպանը ՀՀ կառավարության առաջ պայման է դրել, որ փող կտանք, եթե արդյունք տեսնենք։ Հապա էլ ո՞վ պետք է մեկնաբանի նման հայտարարությունը, եթե ոչ հենց հակակոռուպցիոն խորհրդի կազմում ընդգրկված կառավարության անդամը։ Արփինե Հովհաննիսյանը մի հետաքրքիր միտք, այդուհանդերձ, արտահայտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետք է ոչ միայն խոսել, այլեւ քայլեր ձեռնարկել։ Բայց իրենք դեռեւս խոսում են. դա է իրենց մոտ լավ ստացվում։
Ի դեպ, նկատենք, որ ԵՄ դեսպանի հայտարարության մեջ մեկ այլ նյուանս կա։ Իրականում ԵՄ-ն նույն կոռուպցիայի դեմ պայքարի համար այլ երկրների, օրինակ՝ Մոլդովային, տամադրում է արդեն 50 միլիոն եվրո, իսկ մեզ՝ 15։ Գումարի չափն արդեն խոսում է վստահության մասին։ ՀՀ կառավարությանը 750 հազար դոլար է նույն գործի համար տրամադրել նաեւ USAID-ն։ Բայց մեր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում է դեռեւս միայն աշխարհացունց հայտարարություններով, ԵՄ-ի միջոցներով շքեղ դահլիճներում կոնֆերանսներ կազմակերպելով եւ իրենց ունեցած քաղաքական կամքի մասին հեքիաթներ պատմելով։



Ի դեպ, ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարում է արդեն 20 տարուց ավելի։ Տիկին Հովհաննիսյանը դժվարացավ նաեւ ասել, թե այդ 20 տարվա ընթացքում ինչ շոշափելի արդյունքներ են գրանցվել։ «Ինձ համար, ճիշտն ասած, դժվար կլինի 20 տարվա կտրվածքով գնահատական տալ այդ հայտարարություններին եւ կամ դրանց իրագործելիությանը՝ շատ հասկանալի պատճառներով»։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ Սվիտալսկու հայտարարության կապակցությամբ ասաց, որ «որեւէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում, եւ որ կոռուպցիայի դեմ պայքարն ամենեւին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ»։



Քննարկմանը ներկա ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը հիշեց պապական ասացվածքը՝ «աչքս տեսնի»։ Պողոսյանի աչքը, սակայն, դեռեւս չի տեսնում գործնական լուրջ քայլեր։ Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե, որպես հակակոռուպցիոն խորհուրդ, իրենք մեր պետական գերատեսչություններից ներքին աուդիտի արդյունքներով արձանագրված քանի՞ դեպքի մասին են լսել, որ, այ, այստեղ գուցե կոռուպցիոն ռիսկ կա։ Եվ եթե ուսումնասիրել են, ապա դրանցից քանիսն են ուղարկել իրավապահ մարմիններին։ Նաեւ խորհուրդն իր ներսում նման ուսումնասիրություն կատարե՞լ է, որ գուցե ավելորդ փորձագետներ են պահում եւ աշխատավարձ տալիս կամ գրասենյակային պարագաների ավելորդ ծախսեր են անում եւ այլն։ Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Ասատրյանը տվել է բացասական պատասխան՝ փաստելով, որ մեկ տարում արդյունք ցույց չեն տվել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ