«Հայկական վերածնունդի» Մոսկվայի գրասենյակը բացվեց. (ֆոտո)

«Հայկական վերածնունդի» Մոսկվայի գրասենյակը բացվեց. (ֆոտո)

Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել մարտի 27-ին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ռուսաստանյան և հայազգի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ, մշակութային գործիչներ, մտավորականներ: Գրասենյակի բացմանը ողջունի խոսքով հանդես է եկել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով շնորհավորելով ներկաներին ասել է, որ Մոսկվայի կենտրոնում բացված գրասենյակը կարևոր գործնական քայլ էր «Հայկական վերածննդի» առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար: Այն դառնալու է շատ կարևոր օղակ ինչպես հայ ռուսական հարաբերությունների, այնպես էլ ռուսաստանաբնակ հայ համայնքի ու հայրենիքի միջև կապերի ամբապնդման գործում: Արթուր Բաղդասարյանը նշել է , որ Մոսկվայում բնակվող ցանկացած հայ պետք է իմանա, որ այս գրասենյակը նաև իրենն է ու գրասենյակը իր ամենօրյա աշխատանքով պետք է աջակցի մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում փորձելով լուծում տալ առկա խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նման գրասենյակներ կբացվեն Ռուսաստանի շուրջ 20 նահանգներում:



Ելույթով հանդես է եկել նաև միջոցառմանը մասնակից ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող «Ազգային ճակատ» համառուսաստանյան շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: Նա վստահեցրել է, որ կանեն ամեն ինչ, որպեսզի նպաստեն «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը:



Հանդիպմանը ելույթով հանդես են եկել նաև Վիկտոր Կրիվոպուսկովը, հայտնի գործարար և մեցենատ Վարդգես Արծրունին, հասարակական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, հայտնի անհատներ: Վարդգես Արծրունին ընտրվել է «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ: