Ինչ փոփոխությունների է ենթարկվել Ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցումից հետո

Ինչ փոփոխությունների է ենթարկվել Ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցումից հետո

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ երեկ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 94, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 4 պատգամավոր: ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ 2016 թ. հունիսի 1-ը: Ընդդիմադիր պատգամավորներից շատերը մեզ հետ զրույցում պնդում էին, որ առաջին ընթերցումից հետո իրենց ներկայացրած բազմաթիվ առաջարկներից քչերն են ընդունվել։ ՕԵԿ խմբակցության ներկայացրած 32 առաջարկներից ընդունվել են մի քանիսը, որոնք, ըստ էության, էական ազդեցություն չունեն ընտրությունների վերահսկման վրա, օրինակ՝ ՕԵԿ-ն առաջարկել է չթույլատրել ռեգիոնալ կուսակցությունների ձեւավորումը, որպեսզի ընտրություններից մի քանի ամիս առաջ ծնունդ առած կուսակցությունները չկարողանան մասնակցել ընտրություններին։ Առաջարկն ընդունվել է։ Հիշեցնենք, որ Վանաձորում եւ Գյումրիում, ըստ նոր ԸՕ-ի, քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Երեւան քաղաքում․ կուսակցության ցուցակներից կընտրվեն ավագանու անդամներ, որոնցից կընտրվի քաղաքապետ։



Ընդունվել է առաջարկը, որ տեղամասային արձանագրություններից քաղվածքներ տրամադրվեն նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ, ոչ միայն ՏԻՄ, որն ամրագրված էր մինչեւ առաջին ընթերցում։



Ընդունված առաջարկներից մեկն էլ վերաբերում է դիտորդներին ու վստահված անձանց, առաջարկվում է նորմ ամրագրել, ըստ որի՝ նրանք իրավունք կստանան մասնակցել քվեաթերթիկների հաշվարկման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։ Նշենք, որ նախկին ԸՕ-ով էլ էր սա թույլատրվում։ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, սակայն, առանձնացնում է խիստ կարեւոր առաջարկները, որոնք չեն ընդունվել։ Առաջարկվել է ընդհանրապես հանել տարածքային ցուցակները կամ նվազեցնել մանդատների բաշխման համամասնությունը։ «Մենք 50/50-ի փոխարեն առաջարկում էինք գոնե 85/15 հարաբերակցությունը, որքան էլ ներկայացվի սա որպես համամասնական ընտրակարգ, միեւնույն է՝ շատ ավելի մոտ է մեծամասնականին»,- կարծում է պատգամավորը։



Նշենք, որ երկրորդ ընթերցում անցած նախագծում բոլոր կուսակցությունների համար պարտադիր պահանջ է տարածքային ցուցակների ներկայացումը, նրանք կարող են 14 ընտրատարածքից ընդամենը 3-ում չներկայացնել թեկնածուներ, դրանից ավելիի դեպքում իրավունք չեն ունենա մասնակցելու ընտրություններին։ Դավիթ Հարությունյանը երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ հայտարարում էր, թե չի բացառվում, որ, ընդառաջ գնալով ընդդիմադիր գործընկերների առաջարկներին, 3-ը դարձնեն 5։



Մերժվել է նաեւ քվեարկության ամփոփման վերաբերյալ առաջարկը. «Մենք առաջարկում էինք, որ տարածքային հանձնաժողովներում ամփոփվեին արդյունքները, այլ ոչ թե ԿԸՀ-ում»։ Մհեր Շահգելդյանը մեկ այլ՝ ընտրական գործընթացն օնլայն հեռարձակելու վերաբերյալ առաջարկի մերժման հիմնավորումը չի ընդունում. «Իրենք ասում էին՝ ֆինանսներ չկան, բայց սա ֆինանս չի պահանջում, ես համոզված եմ, եթե լիներ համաձայնություն, կգտնվեին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որոնք կաջակցեին այդ ոչ մեծ ֆինանսական խնդիրը, բայց այս մեխանիզմի ներդրումը կտրուկ կբարձրացներ ընտրությունների նկատմամբ վստահությունը»։



Որոշ առաջարկներ ընդունվել են մասնակի։ Դիտորդական կազմակերպությունների համար առնվազն երեք տարվա գործունեության պարտադիր պահանջը մեղմվել է՝ դառնալով 1 տարի։ «Մենք առաջարկել էինք ընդհանրապես հանել փորձի պահանջը»,- ասում է Շահգելդյանը՝ նկատելով, որ քաղաքակիրթ երկրներում նույնիսկ այդ սահմանափակումն ընդունելի չէ։ Առաջարկներից մեկն էլ լրատվամիջոցների թվի սահմանափակման դեմ է եղել, ԸՕ նախագծում ամրագրվել է. յուրաքանչյուր ԶԼՄ իրավունք ունի ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել մինչեւ 50 լրագրող: Այն բացառիկ դեպքերում, երբ ուղղակի լրատվամիջոցների եւ դիտորդների քանակը կգերազանցի որեւէ տեղամասում, հանձնաժողովի երկու երրորդի համաձայնությամբ, այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ կարող է սահմանափակվել լրագրողների ներկայությունը:



Ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների փոխարեն իշխանություններն առաջարկում են քվեարկության ավարտին բոլոր վստահված անձանց միասին 20 րոպե տրամադրել՝ համեմատելու ցուցակները սարքերի տպած մասնակցության կտրոնների հետ: Մհեր Շահգելդյանը նշված ժամկետը խնդրահարույց է համարում։ «Շատ դեպքերում այդ ժամանակը կարող է չհերիքել»,- ասում է նա։ ՕԵԿ պատգամավորն ազգային անվտանգության խնդիր է համարում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու թույլտվության վերաբերյալ դրույթը։ Ըստ նրա՝ հատկապես սահմանամերձ համայնքներում սա կարող է անվտանգությանն սպառնացող վտանգ հանդիսանալ։ ՕԵԿ առաջարկը՝ հանել այդ դրույթը, նույնպես չի ընդունվել։



Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի ուզում խոսել ընդունված առաջարկների մասին։ «Քանի որ չեն ընդունվել տարածքային ցուցակները հանելու եւ իրական համամասնական ընտրություններ անցկացնելու առաջարկներ, այլեւս անիմաստ է այլ հարցերի մասին խոսել, որովհետեւ էական չէ, թե ինչ է ընդունվում կամ չի ընդունվում,- ասաց Մարուքյանը՝ շարունակելով։- Կա եւս մեկ կարեւոր դրույթ, կոալիցիա ձեւավորելու կուսակցությունների թվի արգելքը չի հանվել, ինչը միավորների ազատության սահմանափակում է»։



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ է կարծում, որ եթե առանցքային խնդիրներն ու հոդվածները փոփոխության չեն ենթարկվում, ապա այլ փոփոխությունները կարելի է համարել միայն «կոսմետիկ»։ Նա առնվազն այդպիսի մի քանի հիմնախնդիր է թվարկում. առաջինը տարածքային ցուցակների առկայությանն է վերաբերում, որը, պատգամավորի համոզմամբ, կենտրոնացված մեծամասնական ընտրակարգի վառ ապացույց է. «Եթե նախկին ԸՕ-ով համամասնականի եւ մեծամասնականի համամասնությունը 1/3 էր, այսօր դա հասնում է 50 տոկոսի»։



Քոքոբելյանի խոսքով, համամասնությունն այնքան կարեւոր չէ, որքան առաջադրումների մեխանիզմը. «Նույնիսկ եթե մաքուր, առանց կեղծիքների ընտրություն լինի, ԸՕ-ն իր հիմքում դրած մեխանիզմով դժվարացնում է, եթե չասեմ՝ բացառում գաղափարական մոտեցումների ընդհանուր մրցակցային դաշտը, դրան հակառակ՝ ապահովելով ռեսուրսային հնարավորություն»։ Ըստ պատգամավորի, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում կա սոցիալական խիստ բեւեռացում, իշխանությունն այս համակարգով ոչ հավասար պայմաններ է ստեղծում մյուս կուսակցությունների համար, հատկապես, որ տարածքային ցուցակի որեւէ թեկնածուի օգտին քվեարկությունը գրանցվելու է այն քաղաքական ուժի օգտին, որը ներկայացնում է տվյալ թեկնածուն. «Մինչդեռ գաղտնիք չէ, որ նախկին մեծամասնական համակարգի դեպքում շատ թեկնածուներ ավելի շատ ձայն էին տանում, քան նրանց կուսակցությունների օգտին էր գրանցվում»։ Պատգամավորի կողմից առանձնացված երկրորդ առանցքային դրույթը, որը ոչ մի կերպ փոփոխության չի ենթարկվում, կայուն մեծամասնության ձեւավորման վերաբերյալ 97-րդ դրույթն է, համաձայն որի՝ թույլ չի տրվում 3 եւ ավելի ուժերի միավորումը եւ կոալիցիայի, հետեւաբար՝ իշխանության ձեւավորումը։



ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի 11 առաջարկներից ընդունվել են միայն լրագրողների եւ վտահված անձանց սահմանափակման արգելքի վերացման մասին առաջարկները։ Պատգամավորն առաջարկել է նաեւ ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմի իջեցում. «Մենք կարծում ենք, եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում անցողիկ շեմը կուսակցության համար 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7, ապա ինչո՞ւ պետք է ՏԻՄ ընտրություններին դա լինի համապատասխանաբար 6 եւ 8 տոկոս, սակայն մերժվեց։ Մենք առաջարկում էինք նաեւ Վանաձորում եւ Գյումրիում պահպանել ընտրությունների նախկին կարգը։ Մյուս կարեւոր առաջարկն էլ ընտրագրավի հետ էր կապված։ Նախկինում 8 մլն., հիմա 10-ն է սահմանված»։



«Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանն էլ ասում է, որ իրենց կուսակցության պատգամավորական խմբով ներկայացված որեւէ առաջարկ չի ընդունվել, իսկ իր սեփական առաջարկներից ընտրական գործընթացներին կանանց ներգրավվածության մեծացման վերաբերյալ առաջարկն ընդունվել է։ Սա անհատ պատգամավորների առաջարկների մի մասն էր, առաջիկայում կներկայացնենք նաեւ այլ առաջարկներ, որոնք մերժվել են։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ