Բայց դու դեմք ես

Բայց դու դեմք ես

Աժ-կառավարություն հարց ու պատասխանի երեկվա գլխավոր դերակատարը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, որը, ինչպես և սպասվում էր, արժանացել էր այդ դերին մայիսի 12-ին կառավարության նիստում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու և բյուջետային միջոցները խնայողաբար օգտագործելու մասին արած հայտարարության շնորհիվ։ Նախ՝ ամենակարևոր լուրը, որն այդ օրը հայտնեց վարչապետը, այն էր, որ մեր երկրում մենաշնորհներ չկան։ Եթե մեր երկրում մենաշնորհներ չկան, անհասկանալի է, թե ինչո՞ւ էր իր հայտարարության մեջ նշել, որ պայքարելու է չեղած բանի դեմ, մի՞թե հայտարարություն անելուց վարչապետը չգիտեր, որ մեր երկրում մենաշնորհներ չկան։ Վաղն էլ կարող է հայտարարել, որ մեր երկրում կոռուպցիա չկա՝ հիմնավորելով, որ իր կոչին՝ կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունները Դավիթ Հարությունյանի էլ․ հասցեին ուղարկելու մասին, ոչ ոք չի արձագանքել։ Դրանից հետո կմնա բյուջետային ծախսերի կրճատումը, դա էլ կլուծեն իշխանության տարբեր ճյուղերում ունեցած, երկար տարիներ շահագործված, ժամկետանց ծառայողական ավտոմեքենաները դուրս գրելով ու երկիրը «դուրս կբերեն» այս աղետալի վիճակից:



Սակայն Հայաստանում մենաշնորհային է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական դաշտը, որից էլ բխում են մնացած բոլոր մենաշնորհները։ Վարչապետն ուզում է, որ քաղաքացիները, լրատվամիջոցները, քաղաքական ուժերը մատնացույց անեն մենաշնորհային ոլորտները, կոռուպցիայի տեղերը, որպեսզի այդ ցանկերում հայտնված իրենց կողմնակիցներին ինչ-որ բանով «նեղացնելուց» արդարանա, որ դա իր նախաձեռնությունը չէ, այդ մասին հայտնել են կուսակցությունները, լրատվամիջոցները։ 



ԱԺ ամբիոնից երբևէ ոչ մի վարչապետ չի հայտարարել, որ ինքն արգելում է որևէ բան ներկրել, որ ձեր հայտարարությունը ներկրելու մասին ընկալվի որպես պայքարի միջոց։ Կարո՞ղ եք տալ որևէ նախարարի, կառավարությանն առընթեր որևէ ծառայության, վարչության ղեկավարի, մարզպետի կամ էլ պետական որևէ գերատեսչության միջին օղակի ղեկավարի անուն-ազգանուն, որը այդ պաշտոնում նշանակվել է բացառապես իր գիտելիքների կամ ունեցած մասնագիտական փորձի շնորհիվ։ Ձեր տղան կարո՞ղ էր դառնալ Արտաշատի քաղաքապետ, ձեր փեսան՝ ՊԵԿ օպերատիվ ծառայության պետ, եթե դուք չլինեիք ՀՀ վարչապետ։ Ձեզ, որպես Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակչի, Երևան քաղաքի Մանումենտի այգում կհատկացնեի՞ն հողատարածք պալատներ կառուցելու համար, եթե չլինեիք ՀՀ ԱԺ նախագահ, դուք կարո՞ղ էիք Արարատի մարզում ունենալ գործարաններ, հարյուրավոր հեկտարներով այգիներ, ջերմոցներ․․․ եթե չլինեիք բարձրաստիճան պաշտոնյա։ Եթե գտնում եք, որ այն ամենն, ինչն ունեք, ոչ թե պաշտոնական դիրքը չարաշահելու, այլ ձեր առանձնահատուկ տաղանդի ու աշխատասիրության արդյունքով եք ստեղծել, ինչո՞ւ այդ շնորհքները չեք ծառայեցնում ձեր զբաղեցրած բարձր պաշտոնում, երկիրը ծաղկեցնելու, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու, երկրի Բանակը հզորացնելու գործում: 



Ինչպե՞ս կարող են համապետական բոլոր ընտրությունները կեղծելով, ընտրակաշառք բաժանելով իշխանության եկածները պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների, համատարած թալանի դեմ, երբ այդ ամեն ինչն արվում է հենց այդ նպատակով։ Դուք նույնիսկ չգիտե՞ք, թե որ պաշտոնյաներին կամ ԱԺ որ պատգամավորներին (նրանց ընտանիքի անդամներին ու հարազատներին) են պատկանում Երևան, Գյումրի, Վանաձոր․․․ քաղաքների, Երևան-Գյումրի, Երևան-Վանաձոր․․․ գերշահույթ ապահովող երթուղային գծերը: Խնդրեմ, ստուգեք և ի լուր աշխարհի հայտարարեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Ումի՞ց եք օգնություն սպասում, ժողովուրդն իր ընտրությամբ ձեզ է «վստահել» երկրի կառավարումը, դուք բոլորից լավ գիտեք թալանի տեղերը, և շատերին հենց դուք եք միջնորդել այդ տեղում հայտնվելու համար։ Չե՞ք կարող ձեր սեփական նախաձեռնությամբ ստանձնած պարտավորությունները կատարել, հրաժարական տվեք, թող գան նրանք, ովքեր կարող են։



Կարո՞ղ է գիտեք, թե կա որևէ մեկը, որը հավատում է, որ դուք իրոք պատրասվում եք պայքարել ինքներդ ձեր դեմ։ Լա՜վ էլի, ուրեմն դուք դեմք եք, հանկարծ չսխալվեք, հրաժարական չտաք, ժողովուրդը ձեր հեռանալը շատ ծանր կտանի, չի դիմանա էդպիսի հարվածի։



Ստեփան Սարուխանով