Սերժ Սարգսյանն ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը.Գարեգին Չուգասզյան

Սերժ Սարգսյանն ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը.Գարեգին Չուգասզյան

Վարչախումբն ընտրել է ամեն գնով իր իշխանությունը փրկելու ճանապարհը, այն մեզ տանում է դեպի ազգային աղետ: Այս կործանարար հեռանկարն ակնհայտ դարձավ մայիսի 17-ին Սերժ Սարգսյանի տխրահռչակ հարցազրույցի ընթացքում: Նա հերքեց իր նախկին հայտարարությունները և ընդունեց տարածքային կորուստների իրական չափերը, որոնք համընկնում են օրեր առաջ կատարված հանրային բացահայտումներին:



Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ասուլիս-քննարկման ժամանակ հայտարարեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, որ մայիսի 17-ին Սերժ Սարգսյանը փաստացի պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հստակ սահմաններ չունեցող տարածք է:



1994 թվականի զինադադարի համաձայնագրով հաստատված դիրքերը վերականգնելուց հրաժարվելով՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվում է նաև Հայաստանի կողմից Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի պարտականություններից և ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը՝ թույլ տալով նրան խուսափելու Արցախի դեմ իրականացված ագրեսիայի համար միջազգային պատասխանատվությունից: Սերժ Սարգսյանի այդ արարքը պետական դավաճանություն է, ուստի ենթադրում է նրա հրաժարականի և քրեական պատասխանատվության գործընթաց:



Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեռ մայիսի 17-ին օդանավում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ նշած այն խոսքին, թե մարդիկ սրճարաններում նստած քննարկում են, քարտեզներ են գծում, թող իրենք գնան դիրքերը ետ վերադարձնեն, հողերն ազատագրեն, ասաց, որ նախագահի ասածի մեջ ճշմարտություն կա, քանի որ քաղաքացիներն առանց իր իշխանության, կամավորական հիմունքներով մեկնում են ռազմաճակատ. «Անկախ նրանից, որ Սերժ Սարգսյանը կեղծված ընտրություններով նախագահ է, միևնույն է,  ինքը դե ֆակտո այդ պարտականությունները կատարում է: Ըստ սահմանադրության նախագահը համարվում է գերագույն հրամանատար: Հիմա ինքը, որը հրաման տալու, երաշխավոր լինելու պարտավորություն ունի, իր պարտականությունները վայր է դնում, ասում է՝ թող գնան. սա նշանակում է, որ ինքը այդ լիազորությունները իր վրայից վայր է դնում»:
Նա նաև նշեց, որ նման անձը իավունք չունի որևէ ձևով կառավարել այն պրոցեսը, որն այժմ ընթանում է:



«Վերլուծաբանների հիմնական մասը նշում է, որ այնուամենայնիվ, լիարժեք հրադադարի խնդիրը լուծել հնարավոր չէ, պատերազմական գործողությունները ունեն հավանականություն վերսկսվելու: Նմանատիպ իրավիճակում ունենալ այսպիսի գերագույն գլխավոր հրամանատար՝ միաշնական մեծ «շքեղություն» է Հայաստանի համար: Ինձ նաև շատ հետաքրքիր է Արցախի իշխանությունների պատկերացումները, այս օրերին մենք դեռևս որևէ արձագանք չենք լսել ինքնաթիռում ասված խոսքերի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի խոսքերը պաշտոնական Ացախի կողմից պետք է մեկնաբանության արժանան»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը: