Երբ նպատակը ուսանողի գրպանը դատարկելն է

Երբ նպատակը ուսանողի գրպանը դատարկելն է

Հայաստանում շուտով տեղի կունենան բուհական ընդունելության քննությունները: Օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ ստացել են համակարգային լուծումներ. «Քննությունների անցկացման գործընթացի թափանցիկության բարձրացումը, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գնահատման օբյեկտիվությունը, արդյունքների՝ առանց հապաղելու հրապարակումը նպաստել են հասարակության մեջ քննությունների հետ կապված լարվածության նվազմանը եւ քննությունների ընթացքի եւ արդյունքների նկատմամբ վստահության աճին»:



Ինչո՞ւ են քննությունների հետ կապված քաշքշուկները նվազել: Պատճառների մեջ թեեւ վարչապետի նշածները դեր ունեն, սակայն գլխավորը, կարծում ենք, այլ է. այսօր բուհ չեն կարողանում ընդունվել հիմնականում բացառիկ անտաղանդները: Ստեղծվել է այնպիսի համակարգ, որ բոլորը կարողանան բուհ ընդունվել: Մրցակցություն չկա, քանի որ չկա պետպատվերով պատշաճ տեղերի քանակ: Ընդամենը 1.780 անվճար տեղ, որը քիչ է: Վճարովի տեղերն էլ այնքան շատ են, որ ով ցանկանում է, կարողանում է ընդունվել: Ուրեմն եւ ինչո՞ւ մրցակցել, եթե, միեւնույն է՝ կարող ես ընդունվել: Կրթության նախկին նախարարն ասում էր, որ պետք է բուհ ընդունվելը լինի հեշտ, սովորելը՝ դժվար: Հեշտ ընդունվում են, բուհն էլ իր հերթին ամեն ինչ անում է, որ թեկուզ ծույլիկ ուսանողը մնա՝ վարձ մուծելու համար:



Այս տարի նախատեսված է 21 հազար տեղ, սակայն դիմորդների թիվը 11 հազար 500 է. նախորդ տարվա համեմատ, թիվը նվազել է:



Այստեղ ամենացավալին այն է, որ պետության համար բարձրագույն կրթությունը կարծես կարեւորվում է գումար հավաքելու տեսանկյունից: Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ պետպատվերով ուսուցման տեղերը գնալով պակասում են: Օրինակ՝ 2012-2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի եւ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը 2.130 էր, 2013-14 ուստարում՝ 2.126, 2014-2015 ուստարում՝ 2.123 տեղ, 2015-2016՝ 2.103, 2016-17-ին՝ 1.783:



ՀՀ սահմանադրության 39-րդ հոդվածն ասում է. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով»։ Այնինչ կան շատ բաժիններ, որոնցում նման իրավուն քով սովորելու իրավունքից զրկված են. պետպատվեր չկա: Բերենք մի քանի օրինակ.



ԵՊՀ Իրավագիտություն- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 130, ուսման վարձ՝ 870 հազ. դրամ



ԵՊՀ Միջազգային հարաբերություններ- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 140, ուսման վարձ՝ 650 հազ. դրամ



ՀՊՃՇՀ Տնտեսագիտություն- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 110, ուսման վարձ՝ 520 հազ. դրամ



ՀՊՃՇՀ Հաշվապահական հաշվառում եւ հարկում (ըստ ոլորտի)- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 50, ուսման վարձ՝ 520 հազ. դրամ



Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան- Թարգմանչական գործ՝ իտալերեն եւ հայոց լեզու- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 5, ուսման վարձ՝ 400 հազ. դրամ



Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ- Սոցիալական աշխատանք- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 25, ուսման վարձ՝ 250 հազ. դրամ



Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ-  Ինֆորմատիկա- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 10, ուսման վարձ՝ 250 հազ. դրամ



Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ- Քիմիա- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 10, ուսման վարձ՝ 250 հազ. դրամ



Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան- Իրավագիտություն- Պետպատվեր՝ 0, վճարովի՝ 30, ուսման վարձ՝ 600 հազ. դրամ:



Սա ամբողջական ցանկը չէ: Ի դեպ, նախորդ տարի շատ ավելի շատ էին առանց պետպատվերի տեղերը: Կային մասնագիտություններ, օրինակ՝ Ճարտարագիտական համալսարանում, որտեղ նախորդ տարի բավականին տեղեր կային, իսկ այս տարի լուծարվել են: Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում ֆակուլտետի 7 բաժիններում 28-ական տեղ կար՝ 522 հազար դրամ վարձով, եւ ոչ մի պետպատվերով տեղ: Այս տարի բաժինները չկան:



Եթե չկա անվճար տեղ, նշանակում է պետության համար այդ տեղը կարեւոր չէ: Տեսականորեն հնարավոր է, որ ոչ ոք չցանկանա 870 հազար դրամով իրավագիտություն սովորել: Նշանակում է, որ մենք մասնագետ չենք ունենա: Գոնե մեկ-երկու անվճար տեղ պե՞տք է լինի: Անվճար տեղերի բացակայությունը հիմնավորվում է նրանով, որ, իբրեւ, պետությունը նպատակահարմար չի գտնում մասնագետների ավելցուկ ունեցող բաժիններում պետպատվեր իջեցնել: Այդ դեպքում ինչո՞ւ եք սահմանել վճարովի տեղեր: Ամեն ինչից երեւում է, որ խնդիրն ուսանողից փող հավաքելն է: Կարեւոր չէ, որ հենց ընդունվելու պահից նրանք գործազուրկ են:



Կառավարությունը պետք է կարողանա հասկանալ յուրաքանչյուր տեղի իմաստը. հենց այնպես՝ կրթել կրթելու համար, իրավունք չունենք:



Ընդ որում՝ պետք է հաշվի առնենք, որ գնալով ուսանողների թիվը պակասում է. օրինակ՝ 2014թ. 86 հազար ուսանողի փոխարեն 2015-ին ունեինք 79.5 հազար ուսանող: Պատճառը սոցիալական դժվարություններն ու ժողովրդագրական ցցուն խնդիրներն են։



Այս ամենից երեւում է, որ պետք է կառավարությունը փոխի մոտեցումները՝ գոնե հետագայում ուսանող ունենալու համար:



 Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ