Սնունդ չունեն, բայց հոգեւոր սննդի պակաս չկա, ապրում են` օրերը մթնեցնելով

Սնունդ չունեն, բայց հոգեւոր սննդի պակաս չկա, ապրում են` օրերը մթնեցնելով

Մի քանի օր է` զանգահարում էր խմբագրություն, անհամբեր սպասում էր, որ իրենց գնամ այցելության։ Վերջապես հաջողվեց այցելել նրանց: Երբևէ չէի հանդիպել, բայց հեռախոսային մի քանի խոսակցությունների արդյունքում հասցրել էի մեծ պատկառանք ունենալ տիկին Էմմայի հանդեպ։ Մի քիչ դժվարությամբ գտա տան հասցեն, ինձ էլ ասել էր՝ տան դուռը բաց եմ թողնում, կմտնես։ Բարձրացա աստիճաններով, դուռը բաց էր, արանքից էլ տղան էր նայում՝ Արամը։ Տուն մտնելուն պես անկողնուն գամված 76-ամյա մանկավարժ Էմմա Խնկոյանին տեսա։ Մայրաբար ինձ ընդունեց...



Շիրակի փողոցի 4-րդ շենքի 17-րդ փոքրիկ բնակարանում ապրում են հիվանդ մայրն ու որդին, երկուսն էլ` անաշխատունակ։ Տիկին Էմման ամուսնու և որդու հետ 50 տարի ապրել է Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկում։ 2005 թ իրենց այդ բնակարանը իշխանությունը վերցրել է՝ առանց ինչ-որ պայմանագրի կնքումի, նրանց տվել են սիմվոլիկ գումար, որով սկզբում կարողացել են Չարբախում 3 սենյականոց բնակարան գնել, այնուհետև ապրելու այլ միջոց չունենալու պատճառով վաճառել են այն և նույն համայնքում գնել մեկ սենյականոց ներկայիս բնակարանը։ Տիկին Էմման Արազու անվան դպրոցում տասնյակ տարիներ աշխատել է որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, տնօրենի տեղակալ` դաստիարակության գծով։ Սակայն 1994 թ կենսաթոշակային տարիքի պատճառով հեռացրել են դպրոցից։ Այնուհետև աշխատել է Ալեք Մանուկյանի վարժարանում։ Մանկավարժությամբ զբաղվել է 33 տարի։
Ամուսինը մահացել է տարիներ առաջ, իսկ տղան՝ Արամը, 55 տարեկան է, ի ծնե տառապում է «պերիոդիկ» հիվանդությամբ և նևրոզով, ինքն էլ ոտքերի հետ կապված խնդիրներ ունի, մի կերպ ինքնուրույն հազիվ դռան մոտ է հասնում։ Արամը չի ստանում հիվանդության թոշակ, պոլիկլինիկայից ասել են՝ պետք է գա «պառկի» հիվանդանոցում, որ հիվանդությունը հաստատվի, մայրն էլ բողոքում է՝ տղան չի ենթարկվում։ Տիկին Էմման չի կարողանում այցելել բժշկի, չգիտի էլ` ինչ հիվանդությամբ է տառապում, միայն պոլիկլինիկայի բուժքույրը դեղեր է նշանակել, դա է օգտագործում: Մայր ու որդի գոյատևում են 49000 դրամ կենսաթոշակով։



Դիմել է տարբեր գերատեսչությունների՝ սկսած Սոցապ նախարարությունից մինչև Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակ, պատասխաններ բոլոր տեղերից ստացել է, բայց արդյունք չկա։ Մեկի դեպքում տղային համարել են աշխատունակ, մյուսի դեպքում՝ իրենք այդ գործում իրավասություն չունեն, իսկ Սոցապ նախարարությունն էլ բավարարվել է 2 կգ մակարոնեղեն, հնդկաձավար ու մի քանի լիտր ձեթ տանելով։



Տիկին էմմայի խնդիրը պարզ է եւ հասարակ. «Ես և ամուսինս՝ Պարույր Նաջարյանը, մեր դրամական միջոցները վերածել էինք 3 տոկոսանոց փոխառության, դա մեր ձեռքի գումարն էր և ցանկացած կարիքի դեպքում վերածում էինք ռուբլու։1993 թ Սովետական Միություն այլևս գոյություն չուներ շուրջ 3 տարի, և նորանկախ ՀՀ-ն 3 տոկոսանոց փոխառությունները ժամանակավոր սառեցնելու մի քանի որոշումներ ընդունեց, առաջարկվեց տվյալ գումարները տալ նորանկախ ՀՀ բանկերում»,- նշում է վաստակավոր մանկավարժը։ Կինը տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած «նեղ օրվա» համար նախատեսված իր գումարները որպես ավանդ հանձնել է պետությանը և չի կարողանում ետ ստանալ, 22 տարի պայքարում է, բայց ոչ մի արդյունք։



Սովամահության եզրին կանգնած մայրն ու որդին օրեր են մթնեցնում` հույսները կտրած ամենքից եւ պետությունից: Տիկին Էմման թղթի վրա գրել է մի քանի ծանոթ- բարեկամի հեռախոսահամար, որ եթե իր հետ մի բան պատահի, որդին զանգի, կանչի մեկնումեկին, որպեսզի մենակ չմնա: Ոչ մի ազգակցական հարազատ չունեն, միայն եղբայր ունի Էմմա Խնկոյանը, ով ապրում է Գեղարքունիքի մարզում, ոչ հաճախ, բայց հանդիպում են։ Ընտանիքի լավագույն «հարազատները» գրքերն են, սնունդ չունեն, բայց հոգեւոր սննդի պակաս չկա, տիկին Էմման մինչև չի կարդում, չի կարողանում քնել։ Ուսուցչուհին ցույց է տալիս տասնյակ դպրոցական խմբանկարներ, հիացած խոսում իր մասնագիտության մասին։ Տիկնոջ աչքերը փայլում են, երբ արխիվից դուրս է բերում իր աշակերտների նկարները, խոսում նրանց մասին ու պատմություններ պատմում։



Մոր պես լուսավոր մարդ է նաեւ որդին` 55-ամյա Արամը` թախծոտ, բարի աչքերով ժպտերես մարդ: Արամի միակ երազանքը այս անմխիթար վիճակից գոնե մի փոքր դուրս գալն է։ Մայրը չէր ցանկանում, որ իրեն լուսանկարեի, ասում էր՝ ամաչում եմ, աշակերտներս ինձ այսպես երբևէ չեն տեսել, թող ինձ աjնպես հիշեն։ Իսկ Արամը ուրախ ու պատրաստակամ ժպտում էր տեսախցիկին։