Վիեննան ոչինչ չի տվել

Վիեննան ոչինչ չի տվել

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Վիեննայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները որեւէ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, եւ հունիսին՝ Վիեննայում ձեռք բերված նախնական համաձայնությամբ կայանալիք հանդիպմանն էլ որեւէ փաստաթուղթ, առավել եւս համապարփակ համաձայնագիր չի ստորագրվի։ «Որեւէ ստորագրության մասին ոչ միայն վաղաժամ է խոսելը, այլեւ անիմաստ: Որեւէ փաստաթուղթ չկա, որ ստորագրվի»,-նշեց ԱԳ նախարարն ու պարզաբանեց. «Կողմերը ՌԴ արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի եւ եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի ներկայությամբ պայմանավորվել են այն, ինչ ներկայացվել է եռանախագահող երկրների հայտարարության մեջ: Կարող էր այն լինել հնգակողմ` ներառելով ՀՀ-ին ու Ադրբեջանին, բայց, այո, Ադրբեջանը հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը, դա դարձավ եռակողմ հայտարարություն»:



Նալբանդյանն ասաց նաեւ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները կվերսկսվեն, եթե Վիեննայի հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ արտացոլված կետերն իրականություն դառնան։ «Եթե ստեղծվի մոնիտորինգի մեխանիզմների ներդրման հնարավորություն, ու ընդլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները, այսինքն` բացառվեն այնպիսի զարգացումները, որ եղան ապրիլի սկզբին, ապա հնարավորություններ կան վերսկսելու այդ բանակցությունները»։



Մինչդեռ Վիեննայում մայիսի 16-ի հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ մի քանի անգամ հոլովվում էին «նախագահները վերահաստատել են», «նախագահները պայմանավորվել են» բառակապակցությունները. «ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Հայտարարությունն ամրագրում էր, որ «հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները»։ «Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման շուրջ»։ Այսինքն՝ Նալբանդյանը հաստատում է Վիեննայի հանդիպումից մեկ օր հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը որեւէ հարցի շուրջ համաձայնություն չի տվել։



Նիստից հետո փորձեցինք Նալբանդյանից ճշտել՝ հիմա ղարաբաղաադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննող մեխանիզմներ տեղադրվելո՞ւ են, ինչի մասին ասվում է համատեղ հայտարարությունում, ընդլայնվելո՞ւ է ԵԱՀԿ գրասենյակը, թե՞ այդ մասին Մինսկի խումբն ընդամենը իր ցանկություններն է հայտնել՝ առանց համաձայնեցնելու կողմերի հետ, սակայն նախարարն շտապում էր, ասաց, որ ԵԱՀԿ գրասենյակ է շտապում։



Նիստի ընթացքում նա անորոշության մեջ թողեց նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրման հարցը։ Փոխօգնության պայմանագրի անհրաժեշտության հարցը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը բարձրացրեց ապրիլյան պատերազմի առաջին օրերին, հանձնարարեց, որ ԱԳՆ-ն մշակի նման փաստաթուղթ։ «Այդ պայմանագրի հետ կապված հաջորդ քայլերը կապված կլինեն ապագա զարգացումների ու համապատասխան գործոնների հետ: Հենց այնպիսի գործընթացներ չեն՝ բավական հարցերի հետ են կապված, եւ այդ ամեն ինչը նկատի ունենալով՝ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը ԼՂՀ ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում կգան այն եզրակացության, երբ հնարավոր կլինի դա անել»,- հայտարարեց Նալբանդյանը՝ տեղեկացնելով, որ փաստաթուղթը մշակման փուլում է։ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ այդ համաձայնագիրը նմա՞ն է Արցախի անկախության ճանաչման մասին նախագծին․ «Այսինքն, հնարավոր է չգա այդ պատեհ պահը, որ համաձայնագիրը խորհրդարան չբերվի»։ Էդվարդ Նալբանդյանը մանեւրեց, թե ինքն այդ երկու հարցերը նույն հարթությունում չէր դնի, ու հավելեց. «Ես կասեի, որ այդ համաձայնագրի մշակման ու կնքման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում, բայց նաեւ ասացի այն, ինչ ասացի»:



Տեղեկություններ կան, որ փոխօգնության պայմանագրի կնքմանը դեմ է Ռուսաստանը, այդ պատճառով է, որ գործընթացը սառեցվել է։ Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց, թե կան կարծիքներ, որ ապրիլյան պատերազմը ՀՀ կառավարության եւ իշխանությունների վարած անհետեւողական եւ երբեմն անկանոն քաղաքականության արդյունքն է։ Պատգամավորը թվարկեց մի շարք դեպքեր՝ Ռամիլ Սաֆարով, հայկական ինքնաթիռի խոցում, ԵԱՏՄ-ի վարչապետների երեւանյան հավաքի չեղարկում, Սարսանգի ջրամբարի մասին ԵԽԽՎ նախագիծ եւ այլն։ Փաշինյանը հիշեցրեց նաեւ, որ ՀՀ-ն շարունակում է հետեւողականորեն բանակցել Ադրբեջանի հետ` առանց Արցախի:



Նալբանդյանն ասաց, որ գաղտնիք է բացում, ու տեղեկացրեց, թե բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք քննարկվել են եւ դրվել են Վիեննայում ի պահ գլխավոր քարտուղարության գրասենյակում, կա կետ, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններին, եւ առանց ԼՂՀ անհնար կլինի որեւէ փաստաթղթի մշակում: Մյուս հարցերին հակադարձելիս էլ հիշեց ԱԳՆ հուժկու հայտարարությունները։ Փաշինյանը նկատեց, որ, փաստորեն, Ադրբեջանի գործողություններին միակ համարժեք պատասխանը հայտարարություն տարածելն է։ Նալբանդյանը նեղսրտեց եւ անցավ հակագրոհի, թե ԱԳՆ աշխատակիցներն իրականում սահմանապահներ են. «Նրանք էլ դրսից են մեր սահմանները պահում»։ Եվ խնդրեց չնսեմացնել իրենց աշխատանքը։ Նալբանդյանին սփոփեց Արտաշես Մամիկոնիչը՝ անմոռաց շնորհակալությունների տարափ տեղալով, ինչը ներկաների բուռն ծիծաղն առաջացրեց։ Այդպիսի ուրախ մթնոլորտում էլ Նալբանդյանը լքեց խորհրդարանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ