Կառավարության «Վոլգաները» կես գնով աճուրդի են դրվելու

Կառավարության «Վոլգաները» կես գնով աճուրդի են դրվելու

Կառավարության աշխատակազմը հետ է վերադարձնում իրեն ամրակայված 15 ծառայողական մեքենաները և երեք միավոր սարքավորումներ։ Վաղը՝ գործադիրի նիստին, աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կներկայացնի համապատասխան որոշումը։ Դուրս գրվող գույքը հնացած է։ «Վոլգա» մակնիշի մեքենաներ են վերադարձվում պետգույքի կառավարման վարչությանը, երկու բենզինի հին ցիստերն և սովետական ժամանակից մնացած էլեկտրոկառ՝ բուլղարական արտադրության։ Այս գույքը բարոյապես մաշված է, մնացորդային արժեք չունի։ Սովորաբար այն վաճառվում է աճուրդի միջոցով, իսկ նախնական գինը դրվում է ձեռքբերման գնի 50 տոկոսը։ Միջոցառումն այս չի ընկալվում բյուջետային միջոցների տնտեսման «մոդայիկ» կոնտեքստում, քանի որ կառավարությունն ամեն տարի դուրս է գրում մաշված գույքը։ Տնտեսումն այն կլինի, երբ բենզինի, տեխսպասարկման կամ մեքենաների կապիտալ նորոգման համար ծախսեր չեն արվի, ինչպես նաև կկրճատվեն վարորդները։