Ընտրություններից առաջ օճառի պահանջարկը աճել է։ Դիլիջանում օճառ են արտադրելու

Ընտրություններից առաջ օճառի պահանջարկը աճել է։ Դիլիջանում օճառ են արտադրելու

Ջերմուկը քիչ էր, որը պղծվելու է Ամուլսարի ոսկու արտադրությամբ, հիմա էլ անցան Դիլիջանին։ Այստեղ օճառի, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն է իրականացվելու։ Այսօր կառավարությունը ընդունեց որոշում, որով այդ արտադրությունները Դիլիջանի վարչական տարածքում համարվում են թույլատրելի։ Բացառություն է լինելու «Դիլիջան» ազգային պարկի տարածքը։ Այս որոշումը գործադիրի հաստատմանն էր բերել էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Հասկանալի է, ընտրություններ են մոտենում, և օճառի պահանջարկը Հայաստանում կտրուկ աճել է։ Չնայած որոշման հիմնավորումը այլ է։ Նախարարությունը ելնում է նրանից, որ Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն ենք դարձնելու, և պետք է, որ այստեղ «առողջ և գրավիչ միջավայր» ձևավորվի և բարենպաստ պայմաններ՝ ներդրումների համար։ Օճառն ու կոսմետիկ նյութերը, օծանելիքը քիմիական արտադրանք են համարվում, և հասկանալի չէ, թե ինչպես պետք է «առողջ» միջավայր ապահովեն։ Կառավարությունը, փաստորեն, որոշել է աղտոտել նաև մեր այս վերջին էկոլոգիապես մաքուր գոտին։ Ընդ որում, Դիլիջանում քիմիական արտադրություն զարգացնելու մտադրության մասին կառավարությունը չէր բարձրաձայնում, և որոշումն այս, կարելի է ասել, անակնկալ էր։



Նախարարության ներկայացրած տեքստում, որում ոչինչ չի ասվում, թե ինչ ծավալի արտադրության մասին է խոսքը, նշված է ընդամենը, որ օճառի արտադրության մեջ բացակայում են վտանգավոր նյութերն ու թափոնները, որ այն իրականացվում է փակ ցիկլով, «որի արդյունքում թափոններ չեն առաջանում»: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մասով էլ շեշտվում է, որ դրանց մեջ չկան վտանգավոր լուծիչները, իսկ «արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է»: Բայց միևնույն է, չի հասկացվում, թե ինչո՞ւ է որոշվել հենց Դիլիջանում զարգացնել քիմիան։ Մի թե չէր կարելի աշխատատեղեր ստեղծել տարածքի համար ավելի անվնա՞ս եղանակով։



«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը համարում է, որ պետք է ծանոթանալ նախագծին և պետք է իմանալ, թե ինչ ելանյութերից և ինչ տեխնոլոգիայով են ստանալու նշված տեսականին։ «Չեմ կարծում, որ կառավարությունը հաշվի չի առնում, որ Դիլիջանը կուրորտային գոտի է։ Բայց ամեն դեպքում օճառի արտադրությունը բոլորովին անվնաս չի կարող լինել», - ասաց նա։ Հետաքրքիր է, որ դիլիջանցիների համար էլ նոր արտադրություն հիմնելու մասին լուրերը նորություն էին։ Նրանք ոչինչ չէին լսել այդ մասին, բայց վստահ են, որ եթե կառավարությունը թույլ է տալիս արտադրություն հիմնել, ուրեմն, նաև գիտի, թե ում համար է այդ թույլտվությունը տրվում։ Մյուս կողմից նրանք ուրախ են, որ Դիլիջանում ինչ-որ արտադրություն կլինի։ Վերջին տարիներին քաղաքն այս կարծես դեպրեսիայի մեջ լինի։ Աղքատացել է, գործազրկությունն աճել է, ինչպես աղբակույտերը Դիլիջանի փողոցներում։



Սյուզան Սիմոնյան