8 օրը դատավորի համար ոչինչ է

8 օրը դատավորի համար ոչինչ է

Մի բակի հարեւաններ Կարեն Խաչատրյանն ու Լեւոն Պողոսյանը՝ երկուսն էլ Աբովյան փողոցի բնակիչներ, շատ հին թշնամություն ունեն եւ արդեն երկրորդ անգամ են դատարանում հայտնվել։ Մի անգամ Պողոսյանը դատվել է Խաչատրյանին հարվածելու համար։ Հիմա էլ նա Խաչատրյանին «ոչխար» ու «հիվանդ» է անվանել, եւ վերջինս նրան դատարան է քարշ տվել, որպես վիրավորանքի փոխհատուցում, հարեւանից պահանջելով 300 հազար դրամ։ «Նա բողոքել էր ոստիկաններին, որ, իբր, բակում զիբիլ եմ թափում։



Ոստիկանները եկան, ապացուցեցի, որ տենց բան չկա, պատուհանից գոռաց` ոչխար,- վերհիշում է Խաչատրյանը մոտ մեկ տարի առաջվա դեպքերը։- Ինքը մի անգամ էլ դատվել ա ինձ խփելու համար, չհիմնավորվեց, պատուհանից գոռաց, ոստիկանները դա արձանագրեցին»։ Բայց եթե այս պատմությունը չունենար երրորդ հերոս՝ ի դեմս Կենտրոն եւ Նորք-Մարաշ ԸԻ դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի, գուցեեւ չանդրադառնայինք երկու հարեւանների կենցաղային վեճին։ Դատավոր Ռուբիկ Ներսիսյանը մերժել է հայցը՝ հետեւյալ պատճառաբանությամբ․ «Քանի որ հայցը դատարան է մուտքագրվել 08.02.16 թվին, այսինքն, իրավունքի խախտման պահից՝ 22.08.2015, շուրջ 6 ամիս անց»։ Այսպիսի մոտավոր հաշվարկով նա, ի վնաս հայցվորի, որոշել է գործի ելքը։ «Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, 2015 թվի։ Դատարան դիմել եմ փետրվարի 8-ին, իսկ օրենքը նախատեսել է դատարան դիմել վեց ամսվա ընթացքում։ Դեռ 8 օր էլ կար, որ 6 ամիսը լրանար, եւ ես այդ վեցամսյա ժամկետը չեմ խախտել»,- գանգատվում է հայցվորը։ Իր փաստարկները նա ներկայացրել է Արդարադատության խորհրդին, պահանջելով պատժել դատավորին։ Այնտեղ քննելով բողոքը՝ որոշել են, որ Ռուբիկ Ներսիսյանը սխալ է արել, որ նման վճիռ է կայացրել, բայց քանի որ սխալը կոպիտ չէ, վարույթի հարուցումը մերժել են։ Եթե հայցի լուծումը 180 աստիճանով շրջող, դատաքննության ելքը կանխորոշող սխալը համարվում է ոչ կոպիտ, ապա կոպիտը ո՞րն է։ Որ դատավորը մուրճը վերցներ, խփեր Խաչատրյանի գլխի՞ն։ Մենք զանգահարեցինք դատավոր Ռուբեն Ներսիսյանին՝ նրա դիրքորոշումը պարզելու համար։ «Այդ գործը բողոքարկման ընթացքում է, վերաքննիչ դատարանում, եւ ոչինչ ասել չեմ կարող»,- պատասխանեց նա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ