Հարկայինը «խեղդում է», բայց փոքր ու միջին բիզնեսի արձանագրած ցուցանիշները՝ աճում

Հարկայինը «խեղդում է», բայց փոքր ու միջին բիզնեսի արձանագրած ցուցանիշները՝ աճում

Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի ոչ այդքան «նորաթուխ» տնօրեն Լևոն Մնացականյանն այսօր մասնակցում էր վարչապետի «Լավագույն կին գործարար» 2016-ի մրցանակաբաշխությանը: Մեր մի փոքր «սադրիչ» հարցին, արդյոք կանա՞յք են ավելի լավ բիզնեսով զբաղվում, թե՞ տղամարդիկ, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Դժվարանում եմ պատասխանել, ես չէի առանձնացնի, գործարարությունը չէի կապի կնոջ, կամ տղամարդու հետ»:



Նշենք, որ Լևոն Մնացականյանը մարտ ամսին է նշանակվել ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի պաշտոնը, այն ժամանակահատվածում, երբ նոր-նոր նշանակված Արծվիկ Մինասյանը կադրային փոփոխություններ էր իրականացնում:



Արդեն մի քանի ամիս պաշտոնավարած Լևոն Մնացականյանը, գնահատելով փոքր և միջին բիզնեսի ոլորտը, նշեց, որ դրական ցուցանիշներ են նկատվում. «Եթե ընդհանուր առմամբ հետևենք փոքր ու միջին բիզնեսի արձանագրած ցուցանիշներին, թե քանակական, թե նրանց արտադրանքի ծավալներին, բնականաբար վերջին տարիներին կարող ենք արձանագրել աճ ընդհանուր ՓՄՁ ոլորտում»: Ինչ մնում է մենաշնորհների դեմ պայքարին, ապա. «Մենաշնորհների դեմ պայքարը միշտ էլ արդյունք տալիս է, դրա համար ժամանակ է իհարկե պետք, դա շարունակական պրոցես է»:



Պարոն Մնացականյան, քիչ առաջ գործարարները բողոքում էին, որ հարկայինը «խեղդում է», Ձեզ դիմե՞լ են այդ հարցերով, ի՞նչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են այդ ուղղությամբ. «Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում գործարարների հետ, կապված ցանկացած խնդիրների հետ, որոնց առնչվում են գործարարները: Մենք առանձին դեպքերում լուծումները տալիս ենք: Խնդիրներ իհարկե առաջանում են գործարարների մոտ, դա նորմալ է, ենք փորձում ենք մեր լիազորությունների շրջանակներում օգնել գործարարներին տարբեր խնդիրների լուծման համար»: Գործարարների համար ամենամեծ խնդիրը ո՞րն է. «Ներկայումս հիմնականում ֆինանսավորման խնդիրներ են առաջանում, որովհետև գործարարները ֆինանսական միջոցներ ներգրավելու խնդիրներ են ունենում շատ ժամանակ»: Հարցին, թե Եվրասիական տնտեսական միություն մուտք գծելուց հետո ի՞նչ միտումներ են նկատվում, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Կոնկրետ ՓՄՁ-ների համար դրական ազդեցություն ունեցել է, հատկապես արտահանողների շրջանում, որովհետև արտահանողների համար բավականին պարզեցվել է արտահանման կարգը»: