Ոստիկանապետի խորհրդականը պատասխանում է իշուկ «սմայլիկով»

Ոստիկանապետի խորհրդականը պատասխանում է իշուկ «սմայլիկով»

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի հասցեին ֆեյսբուքյան իր գրառումների վերաբերյալ մի խումբ մտավորականների արտահայտած դժգոհությանը: Մեր հարցումը Մալյանին փոխանցեցինք Ֆեյսբուքի միջոցով, քանի որ նրա հետ հեռախոսով կապվելու մեր բազում փորձերն արդյունք չտվեցին: Ոստիկանությունում այդպես էլ չկարողացան մեզ փոխանցել մի հեռախոսահամար, որով հնարավոր կլիներ կապ հաստատել նրա հետ: Ինչեւէ, ֆեյսբուքն օգնության հասավ: Եւ մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանապետի խորհրդականը մեզ է ուղարկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել է Մհեր Ենոքյանի զրպարտության մեղադրանքով քաղհայցն ընդդեմ Նարեկ Մալյանի եւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի:



«Դիմումում նշված հարցերի շուրջ տեղի է ունեցել բաց, հրապարակային դատավարություն։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ի պատասխան գրել է ոստիկանապետի խորհրդականը: Ի դեպ, երեկ սոցցանցերում ակտիվ շրջանառվում էր այն լուրը, թե իբր մտավորականների դեմարշից հետո ոստիկանապետի եւ Մալյանի միջեւ տհաճ խոսակցություն է տեղի ունեցել, եւ ոստիկանապետը նկատողություն է արել իր խորհրդականին՝ հորդորելով ավելորդ անգամ կրքեր չբորբոքել ոստիկանության անվան շուրջ: Այս կապակցությամբ Մալյանի արձագանքը նախ եղավ ֆեյսբուքյան քահ-քահ ծիծաղող իշուկ «սմայլիկը»: Ապաեւ հետեւյալ պատասխանը. «Չեմ մեկնաբանում»: «Մենք դատապարտում ենք 20 տարվա վաղեմության գործով ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պահվածքը սոցիալական ցանցերում՝ բանավեճի թույլատրելի բոլոր նորմերը անցնող գրառումների տեսքով՝ ուղղված թե՛ Ենոքյանի, թե՛ արդար դատ պահանջող կամ Ենոքյանին սատարող քաղաքացիների հասցեին»,- մասնավորապես ասված էր ոստիկանապետին ուղղված նամակում:



Հեղինե Մանուկյան