Ես նման բան չեմ ասել. Ռոզա Ծառուկյան

Ես նման բան չեմ ասել. Ռոզա Ծառուկյան

Գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, կրկին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Հանրապետության հրապարակում Հռոմի պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքի ժամանակ Ռոզա Ծառուկյանը նույնպես ներկա է գտնվել, պատասխանելով «Ա1 պլյուս» հեռուստաընկերության լրագրողի հարցերին, կինը նշել էր թե. «Իմ մայրը կաթոլիկ էր, հնարավոր է, որ Հռոմի պապն էլ է կաթոլիկ, ինչ-որ ժառանգական գեներով մի բան անցած լինի»: Այս խոսքերը համացանցում մեծ արձագանք են ստացել:



Hraparak.am-ը զրուցեց Ռոզա Ծառուկյանի հետ, ով պնդում է, որ նման խոսքեր ինքը չի ասել. «Ոչ, ես չեմ արտահայտել, սխալ են գրել, ես նման բան չեմ ասել, զրպարտություն են անում, ինձ հարցրել են՝ ինչ է Ձեզ համար քրիստոնեությունը, աստվածապաշտությունը, ես ասել եմ, որ առանց աստվածապաշտության կյանք գոյություն չունի: Հարցրեցին նաև Պապի Հայաստան այցելությունն ինչ նշանակություն ունի, ասել եմ՝ միայն խաղաղասիրական, ասել եմ նաև, որ մայրս էլ է եղել կաթոլիկ, և երբ 87 տարեկան հասակում մահացավ, թաղման արարողության ժամանակ ժողովուրդին թվում էր, թե 17-27 տարեկան է այդ կինը, այդքան հարգանք էր վայելում որպես խաղաղասեր կին, այդքան բան եմ ասել».- նշեց Ռոզա Ծառուկյանը: Մենք հետաքրքրվեցինք, միգուցե այնուամենայնիվ թյուրըմռնում է եղել, կամ սխալ է արտահայտվել. «Ես ոչ մի ասելիք չունեմ, բացարձակ զրպարտություն է: Ես ուղղակի վատ եմ զգում, ես հանրության մեջ խոսելու իրավունք չունեմ, ստացվում է: Ես սխալ չեմ արտահայտվել, իմ ձայնով ինչ ուզենան կանեն: Իմ հանցանքը ո՞րն է, ինձ հարցրել են կրոնապաշտության մասին: Կաթոլիկ պապից ինչ եք ակնկալում, ասացի՝ միայն խաղաղասիրություն, որովհետև ասացի մայրս էլ է կաթոլիկ, ժառանագաբար մորիցս ժառանգել եմ բարեգործություն».- հուզված պատասխանեց Ռոզա Ծառուկյանը:



«Ա1պլյուս» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանը, ով հեղինակել է տեսանյութը, նշեց, որ նյութի այդ հատվածն ամբողջական է և մեկնաբանելու, հերքելու կամ հաստատելու կարիք չի զգում, այլապես՝ հեռուստամեկնաբան կաշխատեր:



«Ա1պլյուս»-ի տեսանյութը ստորև: