Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը շնորհակալություն է հայտնում ոստիկանապետին

Սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը շնորհակալություն է հայտնում ոստիկանապետին

Դեռևս 20 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, այսօր մի «շնորհակալագիր» է ուղղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որն էլ Նարեկ Մալյանը՝ ոստիկանապետի նախկին խորհրդականը, հրապարակել էր իր ֆեյսբուքի պատին:



«Ամիսներ առաջ մամուլից պատահաբար տեղեկացա, որ պաշտոնյաներից մեկին՝ Ձեր խորհրդական Նարեկ Մալյանին սոցիալական ցանցում ոճրի վերաբերյալ գրության համար դատի է տվել հենց մարդասպան Մհեր Ենոքյանը: Օրերս դարձյալ մամուլից և պատահաբար տեղեկացա, որ դատարանն արդարացիորեն մերժել է մարդասպանի հայցը: Հարգելի պարոն ոստիկանապետ, որպես ծնող և քաղաքացի՝ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ՝ համակարգում Նարեկ Մալյանի նման ազնիվ և անաչառ աշխատակցի ներգրավելու համար, քանի որ նա այն եզակի պաշտոնյաներից է, ով չունենալով անձնական ոչ մի նպատակ և նկատառում, առաջնորդվելով պետական շահերով՝ մինչև վերջ պայքարեց արդարության համար, շնորհակալ եմ, որ Ձեզ շրջապատել եք նման մարդկանցով».-գրում է Միխայիլ Աղաջանովը, ամենայն հավանականությամբ տեղյակ չլինելով, որ Նարեկ Մալյանն այլևս չի հանդիսանում Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը:



Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով անազատության մեջ է գտնվում Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով, դատի էր տվել ոստիկանապետի նախկին խորհրդականին, և ոչ միայն: Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրառում էր թողել՝ Մհեր Ենոքյանին դասելով Վալերի Պերմայկովի, Բրեյվիկի շարքին. «Այսօր ավելի հուզիչ է ոճրագործի բանաստեղծությունները, քան 17 տարեկան կտրտված զոհի դիակը: Այս գրառման տակ էլ մեկնաբանություն էր թողել Իզաբելլա Աբգարյանը. «Թող մասնատված ու սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրն էլ կարդան...»: Դատարանը մերժել էր Մհեր Ենոքյանի դատի, դատին հաջորդել էր մի խումբ մտավորականների նամակ-դիմումը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ուշադրություն հրավիրելով նարեկ մալյանի պահվածքի վրա: Օրեր առաջ Նարեկ Մալյանի հաստիքը ոստիկանությունում կրճատվել է: