Ծնողների աչքի առաջ 7-ամյա տղան մահացել է. Մանրամասներ Հրազդանում տեղի ունեցած վրաերթից

Ծնողների աչքի առաջ 7-ամյա տղան մահացել է. Մանրամասներ Հրազդանում տեղի ունեցած վրաերթից

Հրազդան քաղաքում տեղի ունեցած վրաերթը խլեց 7-ամյա տղայի կյանքը: Դեպքը տեղի ունեցել ՎԵՎ սուպերմարկետի դիմաց: Ավտոմեքենան հարվածել է 7-ամյա Արմեն Ղամբերյանին, ով տեղում մահացել է:



Ականատեսները պատմում էին, որ տղան սուպերմարկետի աստիճանների մոտ ծնողների ձեռքը բռնած կանգնած է եղել, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խփել երեխային: Դեպքի վայրում հավաքվածներից ոմանք էլ նշում էին, որ վարորդը մեքենան փախցրել է, որ չհարվածի հեծանվորդին, այդ ժամանակ էլ դուրս գալով ճանապարհից, չի կարողացել մեքենան պահել և հարվածել է աստիճանների մոտ կանգած 7 տարեկան տղային:



«Մեքենան տղային այնպես հարվածեց պատին, որ վիզը կոտրվեց, տղան տեղում մահացավ, ծնողների աչքի առաջ: Վարորդին ոստիկանները տարան, ասում էին խմած է եղել»,- պատմում էին ականատեսները:



Ի դեպ, հավաքվածներից շատերը նշում էին, որ միկրոշրջանի այդ խաչմերուկում ուղղակի խայտառակ վիճակ է տիրում. «Մեքենաները, որտեղ ուզում՝ այնտեղ կայանում են, այդ նեղ ճանապարհի վրա տաքսիները երկու կողմից կանգնում են, մանավանդ այդ մասում, որտեղ ՎԵՎ սուպերմարկետն է ու «Կրպակը»: Ոչ հսկողություն կա, ոչ էլ՝ ճանապարհային ոստիկաններն են տուգանում, իրենց փողն առնում ու գնում են, քանի անգամ է եղել, մեքենան գալիս է չհասած լուսացույցին, կանգնում է ժամերով, ոչ մի հսկողություն չկա»:



Նելլի Կարապետյան