Խաղաղ ցույցերի, հանրահավաքների համար նոր մարդիկ են պետք

Խաղաղ ցույցերի, հանրահավաքների համար նոր մարդիկ են պետք

Հուլիսի 31-ին` «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո, հակասական լուրեր կան Հակաճգնաժամային խորհրդի մասին, նույն օրը խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը հայտնեց, որ Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը,«Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը»:



Մինչդեռ խմբի ներկայացուցիչներից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե խմբի մի քանի անդամներ որոշում են ընդունել, թե գործողությունները պետք է շարունակել։ Ալբերտ Բաղդասարյանը պնդում է, որ խումբը դադարեցրել է իր գործունեությունը, իսկ եթե Պարույր Հայրիկյանը եւ այլք նման որոշում են ընդունել, ապա նրանք պետք է հանդես գան ոչ թե խմբի, այլ իրենց անունից.«Ես չգիտեմ՝ ովքեր են այդ երեք հոգին, իսկ եթե երեք հոգին կարող են քսան հոգու անունից հանդես գալ, ուրեմն Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է», -ասաց Բաղդասարյանը։



-Ինչո՞ւ որոշեցիք լուծարել խորհուրդը, չշարունակել քաղաքակիրթ պայքարը, «Սասնա ծռեր» խմբի տղաները կոչ արեցին շարունակել պայքարը։



-«Սասնա ծռերն» էդպես հայտարարեցին, բայց մինչ իրենց հայտարարությունը մեր խմբի 70 տոկոսը ձերբակալվեցին, իսկ եթե 70 տոկոսը ձերբակալվել են, ապա մյուսներն իրավունք չունեն խմբի անունից հանդես գալ, անհատներից յուրաքանչյուրը կարող է շարունակել իր գործունեությունը՝ հանդես գալով որպես շարքային քաղաքացի։ Խմբի անդամներից մնացել ենք ես, Կյուրեղյան Արմենակը, Սարոն Սարոյան, Պարույրը, հիմա եթե Պարույրը ներգրավված է, կարող է իր անունից հանդես գալ, բայց ոչ խմբի անունից։Հիմա նախաձեռնությունը երիտասարդներն են վերցրել՝ եւ Նախախորհրդարանից, եւ Նոր Հայաստանից, որոնք իրար հետ տանում են ու կարծում եմ, որ կստեղծեն նոր իրավիճակ եւ մեզ՝ որպես խմբի անդամ կամ քաղաքացի, եթե առաջարկեն, կներգրավվենք ըստ մեր հնարավորությունների։ Մենք ճգնաժամային խումբ ենք, համարում ենք, որ «Սասնա ծռերի» հետ կապված ճգնաժամը լուծվեց, ինչ ձեւ լուծվեց, դա այլ խնդիր է, մեր սրտով է, թե մեր սրտով չէ, դա էլ այլ խնդիր է, մնացածը հետագայի հարցը։



-Այսինքն՝ դուք կողմ էիք, որ տղաները չհանձնվեին, ու կատարվեր իրենց առջեւ դրված խնդիրը։



-Մենք կողմ ենք, որ Սերժ Սարգսյանը ցուցաբերեր հասկացողություն եւ ոչ թե ձերբակալեր տղաներին, այլ ազատեր քաղբանտարկյալներին եւ նստեր երկխոսության նորմալ Հայաստան կերտելու հետ։ Իսկ ինչպես իր ելույթից հասկացանք, բացարձակապես ոչինչ չփոխվեց, բացի նրանից, որ լայն ընդգրկումով կառավարություն կձեւավորի, ովքեր, որ տղաներին հայհոյել են կամ տեռորիստ են կոչել, իրենց փայը կստանան։



-Բայց որն էր ի վերջո «Սասնա ծռերի» պահանջը: Սկզբում տարածքները չհանձնելու պահանջն առաջ քաշվեց, ապա պնդում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, հանձնվելու ժամանակ էլ կոչ արեցին պայքարել ապագաղութացման համար։



-Ճիշտը որ ասեմ, տղաների պահանջներն ընդհանուր փոխվեց, բայց այն մեկն էր՝ նոր Հայաստան։ Այսինքն՝ սիտուացիաներից կախված, եթե պահանջների ձեւակերպումներն արտաքնապես փոխվեցին, ապա ըստ էության Հայաստանի վիճակը փոխելու խնդիր էր դրված։



-Առավել եւս, որ ձեր սպասելիքները չիրականացան, չարժե՞ շարունակել խաղաղ պայքարը՝ գոնե այդ ամենին հասնելու համար։



-Իհարկե, արժե, մեզ մոտ ընդունված է, որ ով ինչ սկսում է, մինչեւ վերջ բոստանի նման փորձում է սեփականաշնորհել, իրենով անել։ Մենք ցույց տվեցինք նաեւ, որ կարող է խումբը աշխատել ամենածայրահեղ ճգնաժամային իրավիճակում, իսկ խաղաղ ցույցեր, հանրահավաքների համար նոր մարդիկ են պետք, եթե նրանց պետք լինի մեր փորձառությունը, պատրաստ ենք այն ի սպաս դնել, բայց ինքներս չենք վերցնի մեր վրա ղեկավարման վահանակը։ Մարդիկ պետք է ազատ լինեն, եւ հատկապես երիտասարդները պետք է ստանձնեն պատասխանատվություն այդ գործի համար։



-Իսկ մասնակցե՞լ եք երեկվա հանրահավաքին։



-Անձրեւ էր եկել, էնքան քիչ մարդ էր, ինձ թվաց երթ չի լինի ու ահավոր հոգնած էի տասը օր չքնելուց հետո որոշեցի գնամ քնեմ, մինչեւ հասա տուն, իմացա, որ մարդիկ շատացել, երթ են արել, էլ ֆիզիկապես չէի կարող վերադառնալ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ