«Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունը այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում

«Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունը այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում

«Բարեւ Երեւան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հուլիսյան իրադարձությունները հերթական սառը ցնցուղն էին թե մեր ժողովրդի, թե նրա վերնախավի համար՝ դիմություն, ընդդիմություն կամ իներտ ուժեր: «Սասնա ծռեր» խմբավորման ծավալած գործողությունները առիթ դարձան մեկ անգամ եւս տեսանելի դարձնելու հայաստանյան քաղաքական եւ հասարակական իրական դեմքը:



Ժամանակն արդեն բազմիցս ապացուցել է, որ թե հասարակական, թե քաղաքական կարեւոր իրադարձություններին մշտապես մասնակից է եղել «Ժառանգություն» կուսակցությունը՝ իր փոքրաթիվ անդամներով լինելով ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա արդար պահանջներն ու իրավունքները եւ դրա համար ենթարկվելով հալածանքների, բռնությունների, քննադատությունների՝ տեղին կամ անտեղի:



Այս պարագայում էլ նույնը կատարվեց. քաղաքացիական անհնազանդություններին ակտիվ մասնակցելու համար ձերբակալվել եւ կալանավորվել են կուսակցության հանրահայտ դեմքերը՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը:



Լինելով «Ժառանգության» մասնիկն ու ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետարանում՝ «Բարեւ Երեւանն» իր բողոքի ձայնն է հղում ուղղորդված բռնությունների դեմ եւ հարց ուղղում թե ոստիկանապետին, թե պետական պատկան մյուս մարմիններին՝ ինչո՞ւ են հանիրավի ձերբակալվում «Ժառանգության» վարչության անդամներն ու ակտիվիստները: Արդյոք պատճառը առաջիկա ընտրություննե՞րը չեն: «Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունը այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում»: