Ռուսաստանն ակնհայտ ապուշ վիճակում է

Ռուսաստանն ակնհայտ ապուշ վիճակում է

Հետաքրքիր է իմանալ, թե ինչով էին զբաղված ռուսական C-400 հակաօդային համակարգերը Սիրիայում, երբ թուրքական օդուժը ռմբակոծում էր սիրիական Ջարաբլուս քաղաքն ու շրջակայքը, իբր, «Իսլամական պետության» գրոհայիններին հալածելու համար: Ռուսաստանը, երեւի, այդպես էլ պատրաստվում է իր ռազմավարական գործընկեր Հայաստանի երկինքը պաշտպանել, եթե Թուրքիան մի փոքր ավելի մերձենա իր հետ:
Էրդողանին հաջողվեց, փաստորեն, Պուտինին քաշել մի խաղի մեջ, որին Մոսկվան ամենաքիչն էր հավատում: Էրդողանն իր ստորաքարշ պահվածքով ու բարեկամանալու կեղծ խոստումներով կարողացավ մարսել ոչ միայն ռուսական ինքնաթիռի հետ կապված պատմությունը, այլեւ ներողություն խնդրելուց մեկ ամիս անց անել այն, ինչ չէր կարողանում անել սիրիական պատերազմի անցած 5 տարիների ընթացքում:



Թվում էր՝ ոզնուն էլ պետք է հասկանալի լիներ, որ հակաասադյան բլոկի կարկառուն ներկայացուցիչ Էրդողանը պարզապես չէր կարող տեղավորվել Սիրիայի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականության մեջ, սակայն պարզվեց, որ Կրեմլի չափահաս ձյաձյաները, այնուամենայնիվ, հավատում են Սանտա Կլաուսի մասին հեքիաթներին: Եվ եղավ այն, ինչ պետք է լիներ՝ Պուտին-Էրդողան սիրառատ օրերը մնացին հետեւում, իսկ Սանտա Կլաուսը գնաց, որ մեկ էլ հաջորդ Ծննդյան տոներին վերադառնա:
Կրեմլում շատ շուտ են ամեն ինչ մոռանում: Մոռացել են Քեսաբը, մոռացել են Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, չեն հիշում թուրք-ադրբեջանական հակառուսական ծրագրերը, իրենց ինքնաթիռի կործանումը, ընդհանրապես մոռացել են քրդերին, որոնց օգտագործում էին Թուրքիայի եւ Էրդողանի դեմ, քանի դեռ վերջինս ներողություն չէր խնդրել:



Զարմանալ կարելի է, մի՞թե այդքան կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար մեկ հատիկ գազատարը, որին «Թուրքական հոսք» մեծադղորդ անունն են դրել, բայց որն այդպես էլ չի կառուցվում եւ, ամեն անգամ շահարկվելով, արջի ծառայություն է մատուցում Ռուսաստանին ու արտաքին քաղաքականությանը եւ նրա պատասխանատուներին: Ի՞նչ էր մտածում Պուտինը, երբ կտրուկ շրջադարձ կատարեց դեպի «Թուրքական հոսքը, ինչ է՝ դժվարություններ էին առաջացել Թուրքիան շրջանցող «Հարավային հոսք» գազատարի շինարարության հարցում: Կարելի էր, երեւի, եվրոպական երկրների հետ լեզու գտնել, բայց Մոսկվան դարձյալ խաբվեց Անկարայից, որի ամբողջ խաղը Եվրոպան քայքայել ձգտող անգլո-ամերիկյան տերերին ծառայելու մեջ է:



Իսկ այդ տերերը միշտ էլ վարձահատույց են լինում շան հավատարմությամբ իրենց ծառայող Թուրքիային: Չեմ հասկանում՝ ե՞ս պետք է այս ամենը բացատրեմ Լավրովին ու Պուտինին:



Թուրքական զինուժի՝ Սիրիայի տարածք վերջին ներխուժման առաջին իսկ օրը Ասադի կառավարությունը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ եւ դիմեց ՄԱԿ-ին՝ Սիրիայի ինքնիշխանության դեմ այդ ոտնձգությանը վերջ տալու պահանջով: ՌԴ արտգործնախարարությունը, հանկարծ, հայտարարություն տարածեց, որ անհանգստացած է թուրքական բանակի գործողությունից եւ մտահոգ, որ կարող են խաղաղ բնակիչներ զոհվել: Նույն օրը Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակն իր ֆեյսբուքյան էջում թուրքական բանակի գործողությունները որակեց որպես Սիրիայի քրդերի դեմ ուղղված ապօրինի գործողություններ, որոնք տեղի ունեցան ԱՄՆ թողտվությամբ՝ Թուրքիային սիրաշահելու եւ ռուս-թուրքական հետագա մերձեցում թույլ չտալու համար:



«Քրդերն իրենց տարածքները ոչ մեկին չեն տա եւ ԱՄՆ-ի այս դավաճանությունը չեն ների»,- վստահ է Ժելեզնյակը: Իսկ քրդերը, ոչ միայն Սիրիայի, նաեւ՝ Թուրքիայի քրդերը, կներե՞ն Ռուսաստանի դավաճանությունը, որ տեղի ունեցավ ռուս-թուրքական վերջին մերձեցման արդյունքում:



Բարդ, շատ բարդ տարածաշրջան է Միջին Արեւելքը: Այստեղ հազարամյակների պատմություններ ունեցող ժողովուրդների ճակատագրեր են խեղվել, կեղծ արժեքներ են մեջտեղ բերվել, պետություններ են ձեւավորվել եւ կործանվել: Ողջ երկրագնդի աշխարհաքաղաքական կարգն այստեղ է ձեւավորվում եւ տարածվում երկրագնդով մեկ: Մերձավոր Արեւելքում միշտ պայքար է, պայքար խելքի եւ խորամանկության…
Եվ Ռուսաստանը հայտնվեց իդիոտի կարգավիճակում: Նրա ամենամերձավոր բարեկամը՝ Թուրքիան, քայլ է կատարել հենց իր՝ Ռուսաստանի դեմ, ի դերեւ հանելով նրա բոլոր ձգտումներն ու այս տարածաշրջանում ներկայություն ունենալու բոլոր հույսերը:
Հասկանո՞ւմ են այսօր Ռուսաստանում, որ Էրդողանը պարանը հագցրեց Ասադի պարանոցին՝ վերջ տալով նաեւ Մոսկվայի վերջին հույսերին՝ տեղացի ժողովուրդների ուժով Թուրքիային ինչ-որ բաներ պարտադրելու սանտակլաուսական երազանքին:
Վաղ թե ուշ, այս տարածաշրջանում ինչ-որ կարգավորում ի հայտ է գալու: Դա կլինի թուրքական կայսրության փլուզման, նրա տարածքում ազգային պետությունների ստեղծման, թե մի այլ տեսքով: Հայաստանի համար թերեւս ամենակարեւորն այն է, որ վճռական պահին իր ռազմավարական գործընկերները (այո, հոգնակի՝ գործընկերները) ճիշտ գնահատեն իրավիճակը եւ չկրկնեն այն սխալները, ինչ որ արեցին 20-րդ դարասկզբին՝ հավատալով թուրքական պետության միֆին: Թուրքիան միֆ է, չկա այդպիսի պետություն: Դա ծրագիր է, որ պետք է մեռնի, եթե, իհարկե, Մերձավոր Արեւելքում խաղաղությունը դեռ որեւէ արժեք իրենից ներկայացնում է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ