Ռուս ուղղափառ եկեղեցին ԼՂ հակամարտության մասին

Ռուս ուղղափառ եկեղեցին ԼՂ հակամարտության մասին

Ռուս ուղղափառ եկեղեցին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության հարցմանն ի պատասխան ուղարկած նամակում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի կրոնական հող եւ քաղաքական բնույթի է: Ինչպես հաղորդում է այս առնչությամբ haqqin.az-ը, Մոսկվայում ադրբեջանական դեսպանատունը դիմել էր Մոսկվայի պատրիարքարանին՝ կապված XXIII ամենամյա ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ամփոփիչ հռչակագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, եւ պատասխան նամակում Մոսկվայի պատրիարքարանը արձանագրել է. «Ղարաբաղյան հակամարտությունը չունի կրոնական հող եւ կրում է քաղաքական բնույթ, իսկ ազգամիջյան թշնամանքի հրահրումը ծանրագույն մեղք է ինչպես քրիստոնեության, այնպես էլ իսլամի համար»:



Նամակում նաեւ ասվում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ իր հնարավորությունների սահմանում փորձում աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ռուս ուղղափառ եկեղեցին հետեւողականորեն եւ անշեղ կերպով հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին` ի խնդիր օրենքի եւ իրավունքի սահմաններում փոխընդունելի լուծման հասնելուն»,- ասված է պատասխան նամակում: Պատասխան նամակում նաեւ ասված է, որ Մոսկվայի պատրիարքությունը 1993-ից սկսած մի շարք հանդիպումներ է կազմակերպել, որին մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր-կրոնական առաջնորդները: