Կնշվի Վիլյամ Սարոյանի 108-ամյակը

Կնշվի Վիլյամ Սարոյանի 108-ամյակը

Ամռան վերջին օրը՝ օգոստոսի 31-ին, Թումանյանի անվան զբոսայգում կնշվի աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 108-ամյակը: Մեծանուն գրողի ծննդյան կապակցությամբ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը կազմակերպում է միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի միանգամայն այլ տեսանկյունից ծանոթանալու Վիլյամ Սարոյանի կյանքին եւ գործունեությանը, բացահայտելու նրա բազմաբնույթ կերպարը: Միջոցառման շրջանակներում հիմնադրամը կազմակերպելու է առցանց ընթերցանություն՝ աշխարհի տարբեր երկրներից, կինոցուցադրություն, վիկտորինաներ, ցուցահանդես, ինչպես նաեւ Սարոյանի սիրած ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումների շարքում կանցկացվի նաեւ «Սարոյանը՝ իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթ: Այս մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել նկարչությամբ հետաքրքրված անձանց՝ պատկերելու Սարոյանին իրենց իսկ պատկերացմամբ: Նկարչական բոլոր անհրաժեշտ պարագաները նախապես կտրամադրվեն մասնակիցներին: Մրցույթի արդյունքները կամփոփվեն աշխատանքների ավարտից հետո, իսկ առավել հաջողակները կպարգեւատրվեն: Հիշեցնենք, որ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը մոտ մեկ տարի առաջ գնեց Վիլյամ Սարոյանի՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում գտնվող աճուրդի հանված տունը, որն առաջիկայում տուն-թանգարան կդառնա: