Թուրքիայում ամերիկացի լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում ամերիկացի լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլը, ով աշխատում էր Սիրիայում եւ հարցազրույցներ էր անցկացնում «Ջըբհատ Ֆաթըխ աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ: Այս մասին հայտնում է Росбалт-ը: Լրագրողուհու ձերբակալման լուրը հաստատել է նաեւ ԱՄՆ Պետդեպը:



«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ քաղաքացի Լինդսի Սնելլը ձերբակալվել է Թուրքիայում այս տարվա օգոստոսի 7-ին եւ ներկայումս գտնվում է Հաթայի նահանգի բանտում»,- ամենօրյա ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպ խոսնակ Ջոն Քըրբին եւ հավելել, որ Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները վերջին անգամ նրան տեսել են օգոստոսի 26-ին ու անհրաժեշտ հյուպատոսական օգնություն ցուցաբերել: Քըրբին նաեւ մանրամասնել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները ներկայումս հիշյալ գործի շրջանակներում մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ:



Քըրբին հաստատել է, որ Սնելլը գտնվել է Սիրիայում, սակայն հրաժարվել է ներկայացնել, թե կոնկերտ ինչով է զբաղվել վերջինս այնտեղ: NBC News-ի փոխանցմամբ ամերիկացի դիվանագետները եղել են թուրք-սիրիական սահմանին, որպեսզի սահմանահատման պահին օժանդակեն նրան, սակայն Թուրքիայի տարածք մուտք գործելուց հետո վերջինիս ձերբակալել են թուրքական իշխանությունները: Պաշտոնապես նա մեղադրվում է ապօրինի սահմանահատման մեջ:



Հայտնի է, որ Սնելլը աշխատակցում էր մի քանի ԶԼՄ-ների այդ թվում` MSNBC, ABC News, Discovery եւ Yahoo News եւ աշխատում էր հիմնականում Սիրիայի Հալեպի նահանգում: