ՏԻՄ. Վանաձորի դոսյե—1

ՏԻՄ. Վանաձորի դոսյե—1

Վանաձորում ՀՀԿ-ն կառավարել է 17 տարի: Այս անգամ, հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում, գործող քաղաքապետ Դարբինյանի կուսակցությունը պետք է ուժեղ մրցակցության մեջ հաղթի՝ ընդդիմությունը Վանաձորում մի քանի ցուցակներով է հանդես գալիս, հատկապես ակտիվ է «Լուսավոր Հայաստանը»: Թեեւ Երեւանում այս կուսակցությանն իշխանասեր են համարում, Վանաձորում առայժմ նյուանսների մեջ չեն խորացել: Վանաձորցիների համար «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը «միակ վանաձորցին է, որի ձայնն ԱԺ-ում լսվում է», ուստի նրա եղբայրը՝ Քրիստը, որը գլխավորում է 35 «լուսավորներից» կազմված ցուցակը, ըստ որոշ գնահատականների, հաղթանակի շանսեր ունի: Դա երեւում է արդեն նրանից, որ տեղական իշխանությունն այս օրերին իր ԶԼՄ-ներով հրապարակած «ռեյտինգներում» «լուսավորներին» ընդամենը 13 տոկոս է գրել՝ առաջին տեղում դնելով, բնականաբար, Դարբինյանի կուսակցությանը՝ ՀՀԿ-ին: Վերջինիս «ռեյտինգավորել» են 42 տոկոսով: Ճիշտ՝ անառակի մասին հայտնի անեկդոտի նման. մարդ չունի, բայց հավես ունի: Այս դեպքում՝ թեկնածու չունեն, բայց հավես ունեն:



ՀՀԿ ցուցակը՝ ուրախների եւ հնարամիտների ակումբ
Վանաձորում, ինչպես եւ մարզային շատ քաղաքներում, քչերն են հաշվի առնում կուսակցական պատկանելությունը: Առաջնայինը ոչ թե կուսակցությունն է, այլ «թայֆան». «Մտածելակերպը տոհմային է. կգա էսինչը պաշտոնի, ես էլ կլնեմ: Հո պատահական չէ՞, որ դարպասեցիք՝ Դարբինյանի տոհմը, ամենուր են, լավ պաշտոնների, ու քաղաքապետը դեռ զարմացած հարցնում էր՝ բա 20 մանկապարտեզ է, ի՞նչ մեծ բան է, որ 12-ում իմ հարազատները լինեն»: Իշխանության մեջ այլ տոհմերից սերվածներ քիչ կան: ՀՀԿ առաջին համարը՝ նոտար Մամիկոն Ասլանյանը, այդ քչերից է: Ըստ չհերքված լուրերի, նա Տաշիրից մեծամասնականով ընտրված Կարեն Կարապետյանի հովանավորյալն է: Ասում են՝ նույնիսկ անվճար նոտարական ծառայություններ է մատուցում վանաձորցիներին: Երկրորդ համարը՝ Վանաձորի պետհամալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, բանասեր է, բազում գիտական հոդվածների եւ աշխատությունների հեղինակ: Նա Քոչարյանի Լոռու ընտրական շտաբի ղեկավարն է եղել, մի անգամ էլ՝ Հանրապետականի մարզային շտաբի պետը: Մեծ գործ է արել ինստիտուտը համալասրան դարձնելու համար, բայց կոռուպցիան ինչպես ինստիտուտում, այնպես էլ համալսարանում, շարունակեց ծաղկել: Նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի մարդկանցից էր: Քոչինյանն էր Խաչատրյանին ռեկտոր դարձրել: Ի դեպ, Խաչատրյանը չմոռացավ լավությունը եւ Հենրիկ Քոչինյանի կողքին մնաց այն ժամանակ, երբ մյուսները երես էին թեքել, եւ աշխատանքի էր վերցրել նրան իր ղեկավարած բուհում: Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը «խելոք տղայի» համարում ունի, բայց ոչ հմուտ կազմակերպչի: Նա Ֆեյսբուքում ինքն իր PR-ն էր անում որպես քաղաքապետի թեկնածու «Տաշիրի» Կարապետյանների կողմից: Վայելում է նրա համակրանքը եւ աջակցությունը: Որպես փոխմարզպետ, կոորդինացնում է Ստեփանավան եւ Տաշիր տարածաշրջանները: 4-րդ համարը՝ մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, Դարբինյանի ավագանու անդամ է, ինչպես եւ 6-րդը՝ Արտյոմ Գրիգորյանը: Երկուսն էլ ընդդիմադիր երեւացողներից են, թույլատրելի ընդդիմություն, հաճախ են որոշումներին դեմ քվեարկում: Ի դեպ, մարզի լրագրողները նրանց են դիմում, երբ պետք է խոսել քաղաքապետին ոչ հաճո հարցերի շուրջ: Գոռ Բադյանը՝ 18 համարը, Դարբինյանի քրոջ փեսան է, ավագանու նախկին անդամ, այժմ՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ: Մեծ հեղինակություն չունի, սակայն ընդունելի է մշակույթի գործիչների կողմից, քանի որ նախկինից շատ դժգոհ էին: Առհասարակ, մարզպետարան-քաղաքապետարանի եւ ենթակա հիմնարկների աշխատողները շատ-շատ են ՀՀԿ ցուցակում:



Իշխանական ռեսուրսը՝ բոյեբոյ կանգնած
Վահե Դոխոյանը նոր է նշանակվել մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, նախկինում էլ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգողերն էր, երիտասարդների համար ընդունելի մարդ, սակայն ոչ մի բանով առայժմ աչքի չընկած: Վարդան Աբովյանը նոր է նշանակվել Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն, բանաստեղծություններ է գրում, գիրք ունի, առակներ, հիվանդանոցում էլ դեռ չի հասցրել ապականվել կոռուպցիոն աղմուկներով: Մարզպետի օգնական, քաղաքավարի երիտասարդ Տիգրան Էվինյանը 53-րդն է: Նրա մասին ասում են, որ չափված-ձեւված, լավ դաստիարակված տղա է: Հայրը երկար տարիներ կոմունիստական առաջնորդ է եղել, նվիրյալ կոմունիստ, անուղղելի, անցյալով ապրող, թեպետ տարիքով չէ: Բժիշկները ՀՀԿ ցուցակում շատ են. Պարգեւ Թորոսյան՝ «Վանաձոր» ԲԿ-ից, հայտնի վիրաբույժ, Արամ Ավալյան՝ հայտնի բժիշկ-գինեկոլոգ, ծննդաբերական բաժանմունքի վարիչ, շատերն են քաղաքում հարսներին նրա մոտ տանում: Մտավորականների ցանկն է տպավորիչ: Վանաձորի պետհամալսարանի դեկան Թերեզա Շահվերդյանը, որն ակտիվ հասարակական գործիչ է դեռ խորհրդային տարիներից, մեծ թվով երկրպագու երիտասարդներ ունի եւ մեծ շանսեր ուներ ընտրվելու, եթե, իհարկե, ՀՀԿ-ով չգնար: Սամվել Խալաթյանը՝ գրող, հրապարակախոս, երգիծաբան, լրագրող, խմբագիր, թատերական գործիչ, վերջերս մարզպետարանի լրատվականի պետն էր, հիմա էլ մարզպետի խորհրդականն է: Որպես լրատվականի պետ՝ վատն էր, բայց առողջ հումոր ունի, հեռուստահաղորդում է վարում «Ֆորտունա» ալիքով: Լենա Անթառանյանն է ՀՀԿ ցուցակում, որը հարգված է Վանաձորում, Սարգիս Ղարիբյանը, որը հոգնեցրել է լոռեցիներին իր «ռաբիզ» արձանները մարզով մեկ շարելով՝ հավակնոտ մարդու տեսակ, որը մեծ շրջապատ ունի, ուտող-խմող մարդ է: Մի խոսքով, ապագա քաղաքապետը խորամանկորեն շեշտը դրել է անվանի, ճանաչված մարդկանց վրա, հնարամիտների եւ ուրախների ակումբ հավաքելով:



ՀԱԿ՝ վեց գործարար, մեկ ուսուցիչ եւ մեկ պահակ
ՀԱԿ ցուցակը Վանաձորում գլխավորում է համակարգի դեմ մարտիկ, նախկին ՀՀՇ-ական, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: 2008 թվականին պայմանական ազատազրկման դատապարտվածներից է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նա դատարանում ընդունել է մեղքը՝ խոստովանելով, որ ՀՀՇ Լոռու մարզի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանից 1200-ական դրամ է վերցրել եւ բաժանել այն վանաձորցիներին, որոնք ցանկացել են գնալ Երեւան եւ միտինգի մասնակցել: Համակարգը սրա շուրջ մեծ աղմուկ բարձրացրեց, թեեւ 1200 դրամը մի մեծ բան չէր: Երկրորդ համարը Լոռու նախկին մարզպետ, ներկայում գործազուրկ Ստեփան Այվազյանն է, որը, փաստորեն, ընտանիքի անդամներից թաքուն է մտել ՀԱԿ ցուցակ: Նրա որդին՝ քաղաքապետ Դարբինյանի ավագանու նախկին անդամ Արմեն Այվազյանը, հերքում էր լուրը, թե հայրն առաջադրվելու է ՀԱԿ-ից, մինչեւ որ ընտրատարածքի նախագահը չհաստատեց այն: Ժամանակին ընտանիքով մնացել էին ՎՏԲ-ի տոկոսների տակ եւ տնազուրկ դարձել: 33 անուն՝ ՀԱԿ ցուցակից. վեց գործարար, մեկ ուսուցիչ եւ դպրոցի մեկ պահակ, մյուսները գործազուրկ են:



Վերածնո՞ւնդ, թե՞ վերասնունդ
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջին համարը տեղի քրեական հեղինակություն Արկադի Փելեշյանն է՝ Շարմազանովի սանիկն ու Արտավազդ Փելեշյանի ազգականը: Ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ նա ամենաշատ ձայներն էր հավաքել՝ 3 հազար, նրանից հետո եկողն ընդամենը 1700 ձայն էր ստացել: Այնքան էին զզված կուսակցություններից, որ Ակային ձայն տվեցին, որը ոչ բուկլետ էր տպել, ոչ նկար էր փակցրել պատերին, ոչ էլ «ինտերվյու» էր տվել: Փոխարենը մարդկանց «օգնություններ» էր բաժանում: 14 տարեկանից անհայր է մեծացել, հիմա բիզնես ունի, ճանաչված է եւ պահանջված Հանրապետականի կողմից: Մայիսյան ընտրությունների ժամանակ նա մոտ 3 հազար ձայն է ապահովել ՀՀԿ-ին: «3 հազարից ավելի մարդ գրվել էր ցուցակում: Էդքան էլ ձայն ա եղել: Ով ասել է ձայն կտամ, տվել է, մենք էլ ակուրատնի, ավտոբուսներով բերել ենք, մարդիկ սիրուն իրենց ընտրությունն արել են, գնացել»,- պատմել էր նա մեզ ԱԺ 2012 թվականի ընտրությունից անմիջապես հետո: Մեզ հետ զրույցում անընդհատ շեշտում էր, որ ինքը «Սերժ Սարգսյանին շատ է ընդունում ու հարգում»: Հիմա ի՞նչ պատահեց, որ Արթուր Բաղդասարյանը հենց Ակային ընտրեց, մի մարդու, որը երբեք ընդդիմադիր չի եղել եւ պարծենում էր դրանով: Փաստորեն, Շարմազանովի սանիկ Ական դարձավ Արթուրի ականը եւ դեռ պատրաստվում է բանավիճել մյուս թեկնածուների հետ ու Արթուր Բաղդասարյանին ձայն բերել: Ահա քեզ հայկական «վերասնունդ»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ