Ո՞ւր եւ ինչո՞ւ են ցանկանում արտագաղթել հայաստանցիները

Ո՞ւր եւ ինչո՞ւ են ցանկանում արտագաղթել հայաստանցիները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սոցիոլոգիական հարցում էր անցկացրել Հայաստանում եւ պարզել, որ ՀՀ քաղաքացիների 42 տոկոսը ցանկություն ունի երկրից դուրս ապրելու:



Սա նորություն չէ, բայց ընդունենք, որ ռեկորդային թիվ է: Եթե երկրի բնակչության գրեթե կեսը ցանկանում է արտագաղթել, ուրեմն իշխանությունն անելիք ունի բոլոր ոլորտներում անխտիր:



Միաժամանակ, ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի մեր երկրից գնում է բնակչության 1 տոկոսից ավելին: Այսինքն՝ տարիների ընթացքում այս հարցումն իրականություն կդառնա:



Փողոցում հանդիպած տասնյակ քաղաքացիների հարց ուղղեցինք՝ հնարավորության դեպքում կտեղափոխվե՞ն մշտական բնակության այլ երկիր:
Ներկայացնում ենք ամենաուշագրավ պատասխանները:



Գնել Հարությունյան, իրավաբան



- Երբեւէ մտածե՞լ եք Հայաստանից գնալու մասին:



- Հաճույքով կգնայի, եթե որեւէ լավ տեղ լիներ:



- Անծայրածիր աշխարհում որեւէ լավ տեղ չկա՞:



- Միակ երկիրը, որ արժե գնալ, Կանադան է, պարզապես, էնտեղ էլ չեն թողնում՝ հետաքրքրվել եմ:



- Ինչո՞ւ եք մտածում գնալու մասին:



- Որովհետեւ ապրելն այստեղ պարզապես անհնար է: Ես չեմ խոսում միայն ընտանիքի սոցիալական վիճակի տեսակետից: Կանադայի վարչապետն ընդամենը 40 տարեկան երիտասարդ է, որը, չես հասկանում՝ հիպպի է, գեյ է, ինչ է, բայց նշանակվել է էդ գործին, որովհետեւ էնտեղ ով էլ լինի վարչապետ, երկիրը զարգանալու է: Հիմքն ուրիշ ձեւ է դրված: Մեզ մոտ ամեն մեկն իր ձեւով է փոխում, անգամ պաշտոններ են բացում մեկ հոգու համար, միայն թե իրենք լավ ապրեն:



- Տեղյա՞կ եք, որ Հայաստանի 40 տոկոսից ավելին ցանկանում է գնալ:



- Տեղյակ չեմ, բայց ենթադրելի է, ո՞վ կուզենա ապրել մի երկրում, որտեղ մարդկանց նվաստացնում են, հարստահարում, ճնշում, գործ սարքում:



Աննա Ղալեչյան, մանկավարժ



- Կցանկանայի՞ք երկրից գնալ:



- Ոչ: Մեր երկրում շատ բան շատ վատ է, բայց ես չեմ գնա, թող իրենք գնան:



- Իրենք ովքե՞ր են:



- Նախագահն ու իր շքախումբը:



- Որ իմանան՝ երկրից գնան, նախագահի պաշտոն կունենան, կգնան:



- Ո՞վ տա, մենք ենք գիժ, որ նախագահի դիրք ենք վստահել, ուրիշ նման երկիր չկա:



- Դրսում ունե՞ք ազգականներ:



- Տղաս է, արդեն 8 տարի է՝ դրսում է ապրում, եղբորս երկու տղաները դրսում են ապրում, քույրս՝ ընտանյոք հանդերձ, հերիք է, հո բոլորս չե՞նք գնալու, ես մնում եմ, որ եթե լավ լինի, բոլորին կանչեմ:



- Կարծում եք կլավանա՞:



- Դեռ որ վատանում է, մի որոշ ժամանակ էդպես է մնում ու էլի վատանում: Բայց կկարգավորվի: Ես 18 տարի մանկավարժ եմ աշխատել, սովորեցրել եմ հայրենասիրություն, բոլոր դասարաններում իմ աշակերտներից ընդհանուր հաշվով 65-70 տոկոսը եւ ավելին չեն հետեւել էդ խորհրդիս ու գնացել են, ես չեմ կարող գնալ:



- Ձեր հարազատները ո՞ր երկրներն են գնացել:



- Եղբորս տղաները Ռուսաստանում են ապրում, տղաս ու քույրս՝ եվրոպական նորմալ երկրում, թոռնիկներիս միայն «սկայպով» եմ տեսել:



Սարգիս Բալաբեկյան, մանր բիզնեսով զբաղվող



- Ես հիմա էլ գնալու հնարավորություն ունեմ, բայց դեռ սպասում եմ, ջահել եմ, ժամանակ կա:



- Ինչի՞ եք սպասում:



- Որ համբերությունս լրիվ լցվի:



- Որքա՞ն տեղ է մնացել:



- Մի երկու տարվա, մինչեւ հաջորդ ընտրություններ: Եթե սենց մնաց, անելու բան չունեմ, բիզնեսս կծախեմ ու կգնամ: Արդեն նեղում են ամեն կողմից, հարկայինը նույն ձեւով ընկել ա հետեւիցս, չնայած որ շրջանառությունը մի քանի անգամ պակասել ա, դժվարացել ա ամեն ինչ, միջինից դարձել եմ մանր բիզնեսմեն, ներվային հիվանդ եմ դարձել:



- Տա Աստված, որ լավ համբերատար լինեք:



- Ոնց որ լցվում է: Մեզ մոտ բողոքի ցույցեր եղան, բայց ոչ մի հարուստ չէր մասնակցում, այսինքն՝ մնացել են աղքատները, եւ զույգ Հայաստանների ճակատագիրը միայն աղքատներին է վերաբերում: Որ նրանք էլ գնան, ի՞նչ կլինի:



Արթուր Շաքարյան, բանվոր՝ բարձրագույն կրթությամբ



- Բացի Հայաստանից, ո՞ր երկրում կուզենայիք ապրել:



- Հենց Հայաստանն էդ ցանկացածների մեջ վերջին տեղում է:



- Ինչո՞ւ:



- Որովհետեւ էստեղ չենք ապրում, մեզ տշում ենք հաջորդ օր, հետո՝ էն մյուս օր: Կին էլ չեմ՝ հղիանամ՝ գնամ-հանձնվեմ Ֆրանսիա:



- Վիրահատության դիմեք, գուցե ստացվի:



- Ձեռք եք առնում, բայց ճիշտ եմ ասում, ո՞նց կարող ես մնալ, էդքան բաներ են կատարվում: Օրը ցերեկով ոստիկանները մտնում են տուն, ծեծում ու տանում բաժին, մարդկանց տունը պաժառ են տալիս:



- Ո՞ւմ մասին է խոսքը:



- Սարի թաղի:



- Այսինքն՝ Ձեր գնալու պատճառը Ձեր սոցիալականը չէ՞:



- Դա էլ կա, բայց հիմնականը դա չէ, բանվորի գործը միշտ էլ կա: 2013 թվականին, երբ նախագահական ընտրություններն այլանդակ ձեւով կեղծվեցին, էդ ժամանակից ուզում եմ գնալ, անիմաստ է մնալը, ոչինչ չենք փոխում, ամեն անգամ, որ էսպիսի բաներ են լինում, ցույց են տալիս, որ ավելորդ ենք էս երկրում:



- Ես չեմ սիրում, որ «էս երկիր» եք ասում, սա մեր երկիրն ա, ու մենք ենք ընտրել՝ ինչպես ղեկավարվել, եւ ով ղեկավարի:



- Էդպես ընտրողների կեսը գնացել են:



- Ո՞ր երկիրը կցանկանայիք գնալ:



- Ինձ համար մեկ է:



- Եթե նպատակը փախչելն է, լավ չէ, մեզնից վատ վիճակում գտնվող էնքա՜ն երկիր կա, մեզ մոտ գոնե ապահով է վտանգներից:



- Մե՞նք ենք ապահով, հուլիսի դեպքերը ցույց տվեցին, որ համ անապահով է, համ էլ ոստիկանությունն ամեն մեկի նկատմամբ ահաբեկչություն կարող է անել:



Վոլոդյա Գաբրիելյան, միջազգայնագետ



- Գիտե՞ք, որ Հայաստանի բնակչության 40 տոկոսից ավելին ցանկանում է արտագաղթել:



- Մարդուն ինչպե՞ս կարող ես մեղադրել, որ նա ցանկանում է կայուն, բարեկեցիկ, բարձր որակավորմամբ երաշխավորված կրթություն, հեռանկար ապահովող երկիր գնալ: Ես գնում եմ շուտով, ինձ չեք կարող մեղադրել, խիղճս էլ է հանգիստ ու մաքուր: Միեւնույն է՝ դուք մնալով ոչինչ չեք կարող անել ոչ երկրի, ոչ ձեզ համար, իսկ ես գոնե ինձ համար մի բան կանեմ գնալով: Ես 36 տարեկանում եմ ամուսնացել, անընդհատ ասում էին՝ ամուսնացիր, ասում էի՝ ինչպե՞ս ամուսնանամ, եթե երկիրը կայուն չէ, աշխատանքս ապահովագրված չէ, եթե պետք է ամուսնանամ ու իմ երեխաներին պահեմ այնպես, ինչպես ես եմ մեծացել՝ երկրում իրադարձությունների պատճառով, ուրեմն իմաստ չունի իմ ամուսնությունը: Հիմա ամուսնացել եմ ու պարտավոր եմ երեխաներիս լավ ապագա տալ: Սխա՞լ եմ:



- Լավ հիմնավորեցիք, ասելիք չունեմ, ո՞ւր եք գնում:



- Բելգիա:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ