Գլխավոր դատախազի թեկնածուն գիտակցում է, որ Մարտի 1-ի գործը հուզում է հանրությանը

Գլխավոր դատախազի թեկնածուն գիտակցում է, որ Մարտի 1-ի գործը հուզում է հանրությանը

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից, թե ինչ է անելու ինքը Մարտի 1-ի գործի բացահայտման և մեղավորներին լիարժեք պատասխանատվության ենթարկելու հարցով, եթե ընտրվի։ Դավթյանն ասաց, որ շատ լավ գիտակցում է, որ մարտի 1-ի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործը հուզում է հանրությանը, ուստի իր գործունեությունը պայմանավորված է լինելու հենց այդ հանգամանքով: 



«Ես այն սկզբունքի կողմնակիցն եմ, որ, որպես կանոն, չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն, այլ հարց է, թե մեր ռեսուրսները, օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները որքանով են թույլ տալու, որ մենք կոնկրետ դեպքում ունենանք օբյեկտիվ ճշմարտության բացահայտում: Նախորդ դատախազը որոշակի դատավարական մեխանիզմներ իրականացրեց, որոնք պետք է ապահովեին քննության հետագա արդյունավետությունը: Այս պահին էլ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքի մեջ, քրեական գործի վարույթը կասեցված չէ: Որպես մեր հանրությանը հուզող կարևոր քրեական գործ, գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելուց հետո այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը, դրա բացահայտումը և հանրությանը տեղեկություններ տրամադրելը իմ առաջնահերթություններից մեկն է լինելու»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն:



Նրա խոսքով՝ այս պահին քրեական գործի վերաբերյալ նոր մանրամասներ չի կարող ներկայացնել, որովհետև քրեական գործերի հետ շփվելու առիթ իր գործունեության ընթացքում չի ունեցել, սակայն շատ լավ է պատկերացնում, որ մեր հանրությունը մեծ հետաքրքրություն ունի գործի նկատմամբ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ