Ինքը սիրուն ա ու դռայվոտ. հարցում

Ինքը սիրուն ա ու դռայվոտ. հարցում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը շատերի համար անակնկալ էր, կարճ ժամանակ պաշտոնավարած վարչապետին եկավ փոխարինելու Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմի» փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Խոսակցություններն նոր վարչապետի անվան շուրջ չեն դադարում:



«Հրապարակը» հարցում է արել մեր համաքաղաքացիների շրջանում` փորձելով պարզել նրանց կարծիքը տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:Հարցվածների մեծամասնությունը նորանշանակ վարչապետին ոչ հիշում են քաղաքապետի պաշտոնում, ոչ էլ գիտեին «ՀայՌուսգազարդ-ի տնօրեն լինելու մասին, այդ մասին վերջերս տեղեկացել են մամուլից:



Համաքաղաքացիների մեծ մասի կարծիքով` գուցե Կարեն Կարապետյանի գալը տեղին էր, փոփոխություն էր անհրաժեշտ, բայց թե ինչքանով կարդարացնի նա հանրության հույսերը, փոփոխությունները ի շահ ժողովրդի կլինե՞ն, թե՞ ոչ, պարզ կդառնա որոշ ժամանակ անց։
«Իմ կարծիքով, եթե չլինի ռուսական թելադրող քաղաքականությունը ու դա չանդրադառնա Կարեն Կարապետյանի վրա, կլինի դրական տեղաշարժ:Որպես մարդ ընդունակ է Հայաստանի համար լինի լավ վարչապետ, կրկնում եմ, եթե չլինի դրսից ազդեցությունը իր վրա: Մեծ հույսեր չի կարելի կապել ու վստահ լինել քանի դեռ չենք տեսել իր աշխատելաոճը,տատս կասեր «քոռ աչքս տենա, նոր հավատամ»:



«Ամեն ինչ ժամանակ է պահանջում թե դրական, թե բացասական փոփոխությունների համար, հուսանք կլինեն դրական փոփոխություններ։ Կարևորը էն ա, որ վերջում չգանք այն բանին, որ գումարելիների տեղերը փոխելով գումարը չփոխվի. սպասենք Սինգապուր դարձող Հայաստանին»,- նշեց հարցվածներից մեկը՝ նշելով, որ ամեն ինչ սկսում է խոստումները կատարելուց։



Շատերին էլ ոգևորել է նորանշանակ վարչապետի արտաքին տեսքը՝ համարելով այն գեղեցիկ ու ներկայանալի. «Գոնե ի տարբերություն նախկինի, ինքը սիրուն ա ու դռայվոտ, թե չէ ուրիշ որևէ տարբերություն չկա, ոչ մի բան էլ չեմ ակնկալում»։



Հարցվածների մի մասն էլ ոչինչ չէին ակնկալում վարչապետից և չէին էլ մեկնաբանում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։ Նրանք վստահ են` ով ուզում է լինի, եթե Հայաստանի վիճակը շարունակում է մնալ նույնը, էլ ինչ նոր վարչապետի մասին է խոսքը. «Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը սկզբում լիքը խոստումներ կտա և դրանք կթողի օդում, ոնց բոլորն են անում, այնպես որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը մեզ ոչինչ չի տա»։



Գրականագետ Լուիզան ունի իր հստակ կարծիքը նոր վարչապետի նշանակման և նրա հետագա քայլերի վերաբերյալ. «Հերթական անգամ կառավարության գլուխ ենք դնում գործարար աշխարհի ներկայացուցչի, մի կողմից մենք խոսում ենք, որ բիզնեսը պետք է տարանջատել պետական ապարատից, իսկ մյուս կողմից բերում ենք մարդկանց, ովքեր իրենց շահին կծառայեցնեն պետական համակարգը, «Վարչապետի շահ» ասածը չպետք է հասկանալ «ատկատ» վերցնելու-չվերցնելու մեջ։ Առաջին քայլը Կարեն Կարապետյանի կողմից այն է լինելու, որ վստահությունը գրավի ժողովդրի, իսկ իմ կարծիքով առաջին քայլը պետք է լինի տնտեսության փոփոխությունը, որովհետև այս տարի քիչ են հարկային մուտքերը, աննախադեպ ցածր է տնտեսական աճի ցուցանիշները, և վարչապետ պետք է «Սոս» հայտարարի, ոչ թե հասարակության վստահությունը շահելու քայլեր անի։ Նոր վարչապետը փրկելով տնտեսությունը՝ ժողովրդին իր կողմը կգրավի»։