Հայաստանը չօգտագործված հնարավորությունների երկիր է

Հայաստանը չօգտագործված հնարավորությունների երկիր է

Ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, տարբեր երկրների ակադեմիաների անդամ Աբել Աղանբեկյանն ապրում եւ աշխատում է ՌԴ-ում, բայց պարբերաբար այցելում է Հայաստան՝ իր ժամանակի զգալի մասը տրամադրելով մեր տնտեսության ուսումնասիրությանը: Իր վերլուծությունների արդյունքները նա տրամադրում է մեր կառավարիչներին: 2009 թվականին, վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, նա տնտեսության առողջացմանը միտված առաջարկների մեծ փաթեթ էր ներկայացրել վարչապետին, իսկ այս անգամ Հայաստան է եկել 120 էջանոց ծավալուն աշխատանքով, որը կոչվում է «Հայաստանի ներդրումային քաղաքականությունը հեռանկարում»: Այս աշխատանքը նա երեկ ներկայացրեց «Լաթար» հյուրանոցում հավաքված տնտեսական ֆորումի ժամանակ: Հանդիպման տեղն ընտրել էր հենց Աղանբեկյանը, քանի որ նա միշտ այս հյուրանոցում է կանգ առնում, որտեղից պարզ երեւում է Արարատը: «Լաթարի» տերը` գործարար Ռադիկ Վանունցը, ֆինանսիստներ, տնտեսագետներ, Աղանբեկյանի համախոհներն ու կոլեգաներն էին եկել նրան լսելու: Այստեղ էին մասնագետներ Ամերիկյան համալսարանից, ԵԱՀԿ գրասենյակից, ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Լեւոն Բարխուդարյանը, որը ՀՀ տնտեսական զարգացման իր մոնիտորինգի վերաբերյալ անգլերեն զեկույց կարդաց: Բոլորը վերլուծում էին հայաստանյան իրավիճակը եւ տնտեսական ծանր վիճակից դուրս գալու իրենց բաղադրատոմսերն էին առաջարկում: Ակադեմիկոս Աղանբեկյանի բաղադրատոմսը Հայաստանի վերաբերյալ մեր տնտեսության «սեւ անցքերը» վերացնելն է, «դրանք ուժեղ կողմերի վերածելու» եւ ներդրումներ ներգրավելը: Իսկ այդ «սեւ անցքերը», ըստ Աղանբեկյանի, հետեւյալն են․ 



1. Հայաստանը թույլ զարգացած երկիր է: «ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում է տարեկան 4 հազար դոլար, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այդ թիվն սկսվում է 25 հազար դոլարից, Ռուսաստանում 16 հազար է: Հայաստանն աշխարհի 170 երկրներից 135-րդ տեղում է․ սա զարգացման շատ ցածր մակարդակ է»: Ահա թե ինչու Աղանբեկյանը կարծում է, որ տնտեսական զարգացման թիրախներն ընտրելիս պետք է շեշտը դնել ինովացիոն ոլորտների վրա, որոնք արագ զարգացում կապահովեն, այսինքն՝ մեր ՀՆԱ-ն պետք է լինի տարեկան 7-8 տոկոս եւ ոչ պակաս:
2. Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ ներմուծումը 3 անգամ գերազանցում է արտահանումը: «Պետք է ընտրել այն ներդրումային ծրագրերը, որոնք կավելացնեն արտահանումը»,- ասում է Աղանբեկյանը:
3. Պետք է վերականգնել արդյունաբերությունը, քլորոպրենային կաուչուկի արտադրությունը, զարգացնել քիմիան, զարկ տալ պղնձի եւ մոլիբդենի արտադրությանը, բայց ոչ թե կոնցենտրատ արտահանել, այլ ստեղծել արդյունաբերական շղթա՝ մշակման գործարաններից բաղկացած:
4. Բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը: Անգամ գործազրկության պաշտոնական թիվը` 17 տոկոս, չափազանց մեծ է: Պետք է ապահովել Հայաստանի քաղաքացիների մի մասի վերադարձը Հայաստան:
5. Պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը:
6. Հայաստանի մեծ հարստությունն էներգետիկ ոլորտն է, որը կարող է ահռելի եկամուտներ ապահովել, ինչպեսեւ հայկական քարերը եւ շինանյութը:



Պետք է զարկ տալ գյուղատնտեսությանը: «Չի կարելի գյուղատնտեսություն զարգացնել իրարից կտրտված հողակտորների վրա, պետք է ստեղծել խոշոր ֆերմերային տնտեսություններ»,- ասում է Աղանբեկյանը՝ ավելացնելով. «Հայաստանը չօգտագործված հնարավորությունների երկիր է: Ես միշտ զարմանում եմ՝ ինչքան խելացի մարդիկ կան Հայաստանում եւ Ռուսաստանում, բայց ինչո՞ւ ենք մենք այդքան վատ ապրում»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ