Ցանկացած հարկի ավելացումը լավ բան չէ՝ ինչի վրա ուզում է լինի

Ցանկացած հարկի ավելացումը լավ բան չէ՝ ինչի վրա ուզում է լինի

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն իր յուրահատուկ մոտեցումն ունի Հարկային նոր օրենսգրքին։ Նրա գնահատականներն էապես տարբերվում են ԱԺ-ում քննարկման ժամանակ հնչած տեսակետներից։ Նա կարծում է, որ անուղղակի հարկերը պետք է ավելանան, օրինակ՝ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ, որը 20 տոկոս է ՀՀ-ում), իսկ ուղղակի հարկերը՝ շահութահարկ, եկամտահարկ, պետք է նվազեն՝ հաշվի առնելով երկրի ֆիսկալ վիճակը։



Մեր դիտարկմանը, թե շատերի կարծիքով մենք պետք է հասնենք նրան, որ մի պահի վերջնականապես հրաժարվենք ԱԱՀ-ից եւ կանգ առնենք հիմնականում շրջանառության հարկի վրա, պարոն Ավանեսյանը չժխտեց դրա տրամաբանությունը։ «Բայց, իմ կարծիքով, այն երկիրը, որը շեշտադրում է անում արտահանման վրա, ավելացված արժեքի հարկից չի կարող հրաժարվել, որովհետեւ ցանկացած այլ հարկ, օրինակ՝ շրջհարկը, արտահանողի ծախսերի մեջ մնալու է, իսկ ԱԱՀ-ն միակ հարկն է, որ զրոյական դրույքաչափով ամբողջությամբ այդ հարկերը հետ են գալիս։ Այսինքն՝ եթե արտահանման վրա է շեշտը դրված, ապա հաստատ ԱԱՀ-ն ավելի լավ է, քան շրջհարկը»,-ասաց նա։



Նկատեցինք, որ Հայաստանում ԱԱՀ-ն ավելի բարձր է՝ 20%, քան, օրինակ, ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանում, որտեղ 18 տոկոս է։ Ավանեսյանը կարծում է, որ մեր այս 20 տոկոսն էլ է պետք ավելացնել, քանզի արտահանողի համար չեզոք է այս հարցը՝ 20 տոկոս կլինի, թե 23, իսկ ներմուծողի համար ավելի թանկ է նստում։ Դա նշանակում է՝ ռուսական ապրանքն ավելի դժվար է Հայաստան մտնում, եւ հակառակը՝ Հայաստանի ապրանքն ավելի հեշտ է մտնում Ռուսաստան։ «Եթե խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք պե՞տք է Հայաստանում էլ ՌԴ-ի նման ԱԱՀ-ն դառնա 18 տոկոս, ապա ասեմ, որ եթե ուզում եք խթանել Ռուսաստանից ներմուծումը, ապա՝ այո, իսկ եթե չեք ուզում՝ ոչ»։



Անդրադառնալով Հարկային օրենսգրքին՝ Ավանեսյանը նշեց, որ այն մի «հսկայական, ուժեղ առաքելություն» ունի. դրա հիմնական նպատակը ներդաշնակեցնելն է մյուս օրենքները։ «Սա է օրենսգրքի հիմնական գաղափարը, հարկային քաղաքականությունը հիմնականում անում են այլ փաստաթղթերով»։



Հիմա ինքն զգո՞ւմ է այդ ներդաշնակությունը նոր օրենսգրքում։ «Ես կարող եմ հետեւյալն ասել. ես կարծում եմ, որ ՀՀ-ի համար բազմադրույք եկամտային հարկը ճիշտ քաղաքականություն չէ, որովհետեւ ՀՀ-ում, այսպես կոչված, «սպիտակ աշխատավարձերը» շատ ավելի ցածր մակարդակի վրա են, մարդկանց քանակը շատ ավելի ցածր է, իսկ այն, որ բազմադրույքն ակնհայտորեն ազդում է հակառակ իմաստով ներդրումների վրա, դա փաստ է, այսինքն՝ մարդկանց մոտիվացիան նվազեցնում է, դրա համար կարծում եմ, որ անպայման պետք է երկիրը որեւէ պահից սկսած՝ դրույքաչափը նվազեցվի»,- ասաց նախկին նախարարը։



Մեր դիտարկմանը, թե նոր Հարկային օրենսգրքով կարծես թե հարկային բեռի ավելացում է նախատեսվում, նաեւ մտադիր են 2017-ին եւ 2018-ին ծխախոտի, խմիչքի, բենզինի եւ սեղմած գազի ակցիզային հարկն ավելացնել, արդյոք սա ապրանքների թանկացման չի՞ հանգեցնի եւ բացասական էֆեկտ չի՞ ունենա, Ավանեսյանն ասաց, որ ցանկացած հարկի ավելացումը լավ բան չէ՝ ինչի վրա ուզում է լինի։ Իսկ այն, որ ասում են՝ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Համաշխարհային բանկը, պայման են դրել Հայաստանի իշխանությունների առաջ, որ պետք է հարկային եկամուտներն ավելացնեն 60-70 մլրդ. դրամով, որպեսզի շարունակեն Հայաստանին վարկ տրամադրել, էկոնոմիկայի նախկին նախարարը չբացառեց դա։



«Ես կարող եմ ասել, որ ինչ վերաբերում է ե՛ւ Համաշխարհային բանկին, ե՛ւ Արժույթի միջազգային հիմնադրամին, երկուսն էլ Հայաստանի մահը չեն ցանկանում։ Այնուհանդերձ, կա հետեւյալը. կան, այո, միջազգային կազմակերպություններ, որոնք երկրի հետ ծրագրեր են իրականացնում, եւ այդ ծրագրերի շրջանակներում երկրի ֆինանսական ֆիսկալ հավասարակշռությունը կարեւորագույն հանգամանք է։ Ցանկացած վարկ տվող կազմակերպություն նայում է քո վարկունակությանը։ Դա նկատի պետք է ունենալ։ Այո, կան երկրի պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում իրականացվում են ծրագրեր, եւ որոնց շրջանակներում կարող են լինել նման պարտավորություններ»,-ասաց Ավանեսյանը։



Այսինքն՝ չի բացառվում, որ միջազգային կազմակերպությունները մեր առջեւ պայման դրած լինեն այդ առումով։ Ավանեսյանը հաստատեց. «Անշուշտ, իհարկե, ո՞նց կարող է դա չլինել, դա ոչ խելամիտ կլինի որեւէ կազմակերպության կողմից, որ ուղղակի գան ու ասեն՝ դուք շատ լավ երկիր եք, եկեք ձեզ փող տանք»։



ՀԳ․ Նկատենք, որ Վահրամ Ավանեսյանը նախկինում նաեւ տնտեսական բարեփոխումների նախարար է աշխատել, իսկ այժմ միջազգային ֆինանսական մի շարք կազմակերպությունների ֆինանսական խորհրդատուն է՝ Հայաստանի մասով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ