Մերի Ղեվոնդյանի գրասենյակն աշխատավարձի չափերը գաղտնի է պահում

Մերի Ղեվոնդյանի գրասենյակն աշխատավարձի չափերը գաղտնի է պահում

Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ստեղծումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման վերջին ամիսների նախաձեռնություններից էր։ Հայկական գինիների վաճառքն ավելի արդյունավետ կազմակերպելու, դրանք այլ երկրների շուկաներում առաջ տանելու նպատակով ստեղծված հիմնադրամը գրավեց մեր ուշադրությունը, քանի որ այն սնվում է պետական բյուջեից եւ 2016 թվականին 103,5 մլրդ. դրամ է ստանալու։ Հիմնադրամի տնօրեն Մերի Ղեւոնդյանը կլորիկ գումարներ է ստանում իր աթոռին նստելու համար։ Նրա աշխատավարձն սկզբում մոտ 1,2 մլն. դրամ է եղել, հետո, նախկին գյուղնախարարի օրոք, այս գումարը կրճատվել է մինչեւ 750 հազար դրամ, քանի որ Սերգո Կարապետյանը, ասում են, ուղղակի չի պատկերացել, թե ինչու պետք է սույն կնոջն այդքան փող տան։ Մեր բոլոր ջանքերը՝ իմանալու, թե որքան է խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրենի աշխատավարձը, ձախողվեցին։



Հիմնադրամի փոխտնօրեն Վահե Ջիլավյանը մեր հարցմանը պատասխանեց. «Հիմնադրամի աշխատակիցների, ինչպես նաեւ գործադիր տնօրենի աշխատավարձի չափը կոնֆիդենցիալ տեղեկատվություն է, հետեւաբար՝ իրավասու չենք տրամադրել տվյալ ինֆորմացիան»: Այսպես, ուրեմն, հիմնադրամի 20 աշխատակիցներին մենք լավ աշխատավարձեր պետք է վճարենք մեր գրպանից, բայց թե ինչքան են վճարում, իրավունք չունենանք իմանալու։ Դա մեր գործը չէ։ Մարդ են, տուն են պահում։ Ի՞նչ է անում այդ գումարի դիմաց։ Վահե Ջիլավյանը մեզ ներկայացրեց «այս կարճ ժամանակահատվածում հիմնադրամի կողմից կատարված աշխատանքները», ավելի շուտ՝ երկու աշխատանք։ Ֆրանսիական խորհրդատվական մի ընկերության մասնագետներին սեպտեմբերի սկզբին հրավիրել են Վայոց Ձոր, որպեսզի նրանք նայեն տեղի արտադրանքն ու ասեն, թե «ինչպես է պետք ճիշտ էտել խաղողի վազերը, գինեգործական կենտրոններն ինչ տարաներով, գործիքներով ու տեխնիկական միջոցներով պետք է ապահովված լինեն, որքան է պետք ջրել որթերը՝ խորը արմատներ ու պինդ պտուղ ստանալու համար»: Մեկ էլ մի քննարկում են կազմակերպել այն խնդիրների շուրջ, «որոնք սահմանափակում են գինու արտահանումը»։ Հա, 169 շիշ գինի ուղարկել են Հնդկաստան, 222 շիշ՝ Բրյուսել։ Անցած չորեքշաբթի այս քաղաքում անկախության տարեդարձի կապակցությամբ հայկական գինու համտես է եղել։ Երեկ էլ հիմնադրամը հերթական մշակութային միջոցառումն է կազմակերպել՝ բլոգերների է բերել Հայաստան Էստոնիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից։ Նրանցից մեկը՝ Արմանդ Մելքոնյանը, 1969 թվականին դարձել է աշխարհի առաջին սոմելյեն։ «Նա մինչ օրս լուրջ համբավ ունի սոմելյեների շրջանում»,- վստահեցնում են Մերի Ղեւոնդյանի գրասենյակից։ Մի խոսքով, մի լավ տժժալու են, բայց քանի պայմանագիր է կնքվել, քանի գործարարի մատից են փուշ հանել, քանիսին են օգնել ապրանքը գոնե հարեւան երկրներ հանել, այս մասին ուտող-խմող խաղողագործները լռում են։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ