Ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ, որ մենք շատ արագ զբաղվենք բացթողումների շտկմամբ

Ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ, որ մենք շատ արագ զբաղվենք բացթողումների շտկմամբ

Կառավարության վերջին երկու նախարարները եւս նշանակվեցին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռացավ՝ իր տեղը զիջելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին։



ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին խնդրեցինք գնահատել արտգործնախարարի վերանշանակման փաստը․ «Նորմալ է։ Գնահատում եմ որպես արտաքին քաղաքականության բնականոն շարունակման անհրաժեշտություն։ Բազմիցս ասել եմ, որ այս փուլում մենք արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային որեւէ փոփոխությունների անհրաժեշտություն չունենք, եւ արտգործնախարարի վերանշանակումը նոր կառավարության կազմում՝ դա արտաքին բնորոշում է մեր արտաքին քաղաքականությունը՝ «արդյունավետ», իսկ կուրսի առումով՝ «հավասարակշռված», որը, ըստ նրա, իրականացվում է բավարար մակարդակով»։



Անդրադառնալով Նալբանդյանի հասցեին հնչող քննադատություններին՝ Զաքարյանը հարցրեց՝ իսկ ովքե՞ր են քննադատողները․ «Ես, օրինակ, ինձ թույլ չեմ տա գյուղատնտեսության ոլորտում որեւէ մեկին քննադատել, որովհետեւ դրանից բան չեմ հասկանում։ Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ գնահատականներ տալու համար պետք է շատ խորքային դիտարկումներ իրականացնել եւ բոլոր տիպի երեւույթների մեջ կապերը լավ հասկանալ»։



- Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քննադատեցին թե՛ պաշտպանության նախարարին, թե՛ արտգործնախարարին։ Ինչքանո՞վ իրեն արդարացրեց Նալբանդյանը, որ մնաց, եւ ի՞նչ թերություններ եղան Սեյրան Օհանյանի կողմից, որ նպատակահարմար չեղավ նրան պահելը։



- Ապրիլյան պատերազմը, իհարկե, բոլորիս ցույց տվեց, որ մենք պետական կառավարման տեսանկյունից, նաեւ հանրային ինստիտուտների տեսանկյունից, իհարկե, ունենք բացթողումներ։ Եվ հենց ապրիլյան պատերազմն էլ պատճառ հանդիսացավ, որ մենք շատ արագ զբաղվենք այդ բացթողումների վերացմամբ եւ շտկումներով ե՛ւ պաշտպանական, ե՛ւ մյուս ոլորտներում։ Կարծում եմ, որ ապրիլյան այդ դասերը մեզ համար շատ կարեւոր եւ որոշիչ դասեր եղան։



- Այդ դասերը քաղելո՞վ որոշեցիք պաշտպանության նախարարին փոխել, իսկ արտգործնախարարին թողնել։



- Ոչ, ոչ թե այդ դասերը քաղելով, այլ, ընդհանրապես, մենք պետական կառավարման արդիականացման անհրաժեշտություն տեսանք, ինչը որ իրականացվելու է։ Այստեղ խոսքն անձանց փոփոխության մասին չէ, այստեղ խոսքը կառավարման որակի փոփոխության մասին է։



- Վիգեն Սարգսյանն ի՞նչ նոր մոտեցում է բերելու պաշտպանության ոլորտի կառավարման հարցում, ի՞նչ եք ակնկալում նրանից։



- Ինչպես երեկ լսեցիք հանրապետության նախագահի մեկնաբանությունները, մենք պաշտպանության ոլորտի քաղաքականությունը եւ զինված ուժերի կառավարումն արդեն դիտարկելու ենք երկու տարբեր հարթությունների վրա։



- Ի դեպ, Սերժ Սարգսյանը նախագահականում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Վիգեն Սարգսյանին փոխարինողին ներկայացնելիս նրանց հետ «դու»-ով էր խոսում։ Այնպիսի տպավորություն էր, ասես ուսուցիչը խոսի աշակերտի հետ։ Սա որքանո՞վ է պատշաճ։



- Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահի կողքին եւ անմիջական ղեկավարությամբ, շուրջ 15 տարի, ամեն օր իր գործունեությունն է իրականացրել եւ բազմիցս արժանացել է նախագահի բարձր գնահատականին։ Այնպես որ, այս պարագայում, կարծում եմ՝ «դու»-ի եւ «Դուք»-ի տարբերակումը չէ, որ պետք է բնորոշի հանրապետության նախագահի վերաբերմունքն աշխատակազմի ղեկավարից ՀՀ պաշտպանության նախարարի բարձր պատասխանատվությունն ստանձնող գործչի նկատմամբ։ Եթե ավելին կուզեք՝ դա նաեւ ջերմ վերաբերմունքի դրսեւորում է։



- Վիգեն Սարգսյանի առաջին քայլը, ըստ Ձեզ, որպես նախարար։



- Պաշտպանության քաղաքականության արդիականացում, ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման նորարարություններ՝ հաշվի առնելով ժամանակակից անվտանգությանն առաջադրվող խնդիրները եւ մեր պետության պարագայում առկա հնարավոր մարտահրավերները։



- Նկատենք, սակայն, որ նա ռազմական գործիչ չէ։



- Ռազմական գործիչների գործունեությունն այլեւս գլխավոր շտաբն է լինելու, եւ գլխավոր շտաբի միջոցով է իրականացվելու զինված ուժերի եւ զորքերի կառավարումը։ Դա ժամանակակից կառավարման, պաշտպանության ոլորտի եւ պաշտպանական կառավարման մոտեցումն է։



- Սեյրան Օհանյանին ի՞նչ ճակատագիր է սպասվում։



- Սեյրան Օհանյանը մեր լավագույն զորահրամանատարներից է, բավականին երկար ժամանակ ղեկավարել է մեր պաշտպանական գերատեսչությունը, ունի համապատասխան փորձ, եւ ես կարծում եմ, որ այդ փորձը կշարունակի ծառայել մեր պետությանը։



- Այսինքն՝ նա ղեկավար որեւէ այլ պաշտոնի կնշանակվի։



- Ես՝ ինքս, չզբաղվեմ դրանով, որովհետեւ իմ կոմպետենցիայի շրջանակներում չէ, բայց որպես քաղաքական գործիչ պետք է ասեմ, որ Սեյրան Օհանյանի փորձը կշարունակի ծառայել մեր պետությանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ