Հնարավոր է՝ «թաղումների գործը» Թոխմախի Մհերի որդու ՍՊԸ-ից վերցնեն ու նորից տան Ֆիլհարմոնիային

Հնարավոր է՝ «թաղումների գործը» Թոխմախի Մհերի որդու ՍՊԸ-ից վերցնեն ու նորից տան Ֆիլհարմոնիային

Օրերս հրապարակում եղավ մամուլում, որտեղ նշվում էր, որ Մշակույթի նախարարությունը երկու տարի է՝ հուղարկավորության արարողությունների կազմակերպումը հանձնարարում է ոչ թե իրեն ենթակա ՊՈԱԿ-ին՝ պետական ֆիլհարմոնիային, այլ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող «Ալեքս Մանչ» ՍՊԸ-ին: Նշենք, որ սա տեղի է ունեցել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք։



Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է այս խնդրից և ի՞նչ կարող է ասել այս առնչությամբ։



«Ուրեմն այդ հրապարակումները եղել են մինչև իմ նշանակումը, բայց դա կապ չունի, որևէ հրապարակում՝ մինչև ինձ կամ ինձանից հետո եղած, այս պահից սկսած՝ դառնում են հանձնարարականներ։ Մեր լրատվական գործակալությունում մշակում են դրանք, դառնում են հանձնարարականներ, ուսումնասիրվում են, եթե անհրաժեշտ է՝ իրավական տեսանկյունից, հանրային կարծիքի տեսանկյունից․․․»,-ասաց նա։



-Հնարավո՞ր է՝ փոխվի որոշումն ու նորից Ֆիլհարմոնիան սկսի այդ գործառույթն իրականացրել, ինչպես առաջ էր։



-Գիտե՞ք, հնարավոր է։ Մինչև չուսումնասիրենք և չհասկանանք, թե խնդիրները որտեղ են․․․ ես ուզում եմ հասկանալ խնդիրները, մինչև չհասկանանք, դժվար է լուծել։



-Հրապարակումներից դատելով՝ խնդիրը հետևյալն է․ մշակույթի նախարարությունն ունի ՊՈԱԿ, որն այս դեպքում Ֆիլհարմոնիան է, որն էլ ունի իր համապատասխան գործառույթները։ Հիմա ձեր նախարարությունը նրանից այդ գործառույթները վերցրել և տվել է մասնավոր սեկտորին։



-Ընդհանրապես, մասնավոր սեկտորին ներգրավելը պետության կառավարման գործում լավ է։ Սեփական ՊՈԱԿ-ներ պահելը շատ դեպքերում շատ ավելի թանկ է նստում, քան մասնավոր սեկտորի հետ աշխատելը։



-Դուք վստա՞հ եք, որ տվյալ մասնավոր ընկերությունն ավելի լավ կիրականացնի այն գործառույթը, որը տարիներ շարունակ Ֆիլհարմոնիան է իրականացրել։



-Ես կոնկրետ դեպքի մասին չեմ խոսում, ընդհանրապես եմ խոսում։ Վստահ եմ, որ մասնավոր սեկտորի ներգավելն ավելի կառողջացնի մշակույթի ոլորտը։ Իսկ կոնկրետ դեպքն ուսումնասիրվում է, դժվարանում եմ ասել։ Շաբաթվա ընթացքում, կարծում եմ, արդյունքը պարզ կլինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ