Սա պարզապես ռեկետ է, նախագահը կամայականորեն երկու ընկերությունից բիզնես է խլում

Սա պարզապես ռեկետ է, նախագահը կամայականորեն երկու ընկերությունից բիզնես է խլում

Երկու օր է՝ քննարկվում է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը՝ կապված «Սեքյուրիթի դրիմի» եւ «կարմիր գծերը» տնօրինող «Փարքինգ սիթի սերվիսի» հետ։ Հիշեցնենք՝ խոսքն այն մասին է, որ տարիներ շարունակ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներից գոյացող միջոցների ահռելի բաժինը՝ մոտ 70 տոկոսը, գնացել է մասնավոր կազմակերպություններին։ Այժմ ՀՀ նախագահի հրահանգով այդ ֆինանսական միջոցների տնօրինումը պետք է հանձնվի պետական սեկտորին։ ՀՀԿ ղեկավարը թերեւս հույս ունի, որ 2017-ի համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ եղբոր եւ ԴԱՀԿ նախկին ղեկավարի անվան հետ կապվող ընկերությունները նրանց ձեռքից վերցնելն ու պետականացնելը լավ PR քայլ է եւ կնպաստի իր կուսակցության քվեների աճին։



Իսկ ի՞նչ է նշանակում այս բոլշեւիկյան քայլը։ Սպառողի՝ վարորդի համար ոչ մի տարբերություն, թե ում գրպանն է գնում տարբեր խարդախությունների, անտրամաբանական արագաչափ սարքերի միջոցով իրենից խլված գումարները։ Ճիշտ է՝ վճարողները նաեւ ասում են, որ «գոնե պետական բյուջե մտներ», բայց թալանը թալան է՝ ով ուզում է իրականացնի։ Այս թեմայով զրուցեցինք խնդրով զբաղվող երեք տարբեր անձանց հետ։



Տիգրան Քեյան՝ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ



«Ես դրական կարծիք ունեմ, որ այդ ընկերությունները պետք է տնօրինի պետությունը, որովհետեւ, երբ «Սեքյուրիթի դրիմն» էր տնօրինում, ինքը շահույթ ստանալու նպատակով ընկնում էր ամեն մի չնչին խախտման հետեւից, քանի որ դրանց տուգանքներից ինքը շահույթ էր ստանում։ Իսկ տվյալ պարագայում պետությունը կարող է այն թեթեւ խախտումները, որոնք վթարային իրավիճակ չեն ստեղծել, վտանգավոր չեն եղել, դրանց համար չտուգանել։ Այսինքն՝ այստեղ այլեւս տնտեսվարողի հետ բանակցության կարիք չի առաջանա։ Իսկ դա կլուծի այն խնդիրը, որ վարորդները դժգոհում են, թե դրանք ավելի շատ փող կորզելու համար են, ոչ թե անվտանգության»։ Տիգրան Քեյանը կարծում է, որ, առհասարակ, եթե պետությունն էլ տնօրինի, մեկ է՝ արագաչափն անվտանգության մակարդակը չի բարձրացնում, որովհետեւ. «Բոլորս էլ նկատել ենք, թե ինչպես են վարում արագաչափերի մոտ. արագ գալիս արագաչափի մոտ դանդաղեցնում են, հետո էլի արագացնում։ Թե չէ՝ վերցնենք, օրինակ, Երեւան-Սեւան կամ Երեւան-Վանաձոր մայրուղին, որտեղ այդքան արագաչափեր են տեղադրված, բայց էլի նույն վթարները կան, էլի նույն արագություն գերազանցողները կան, այսինքն՝ ոչ մի փոփոխություն չառաջացրեց, հակառակը՝ դեռ մի բան էլ վթարների քանակն աճել է»։



Էդուարդ Հովհաննիսյան՝ «Աքիլես» ՀԿ նախագահ



«Միայն Երեւան քաղաքը մենք չունենք, մենք ունենք ամբողջ հանրապետությունը, եւ ես այս հարցը բազմիցս բարձրացրել եմ, որ պետք է վարորդն իրեն հարմարավետ զգա երթեւեկության ընթացքում։ Դրա համար մենք պետք է ունենանք առանձին մի կառույց, որը կլինի անկախ ու ոչ միայն կիրականացնի երթեւեկության կազմակերպումն ամբողջ հանրապետությունում, այլեւ նշանները կտեղադրի, գծանշումները կանի, լուսացույցներ կտեղադրի։ Հիմա եթե պետության ձեռքն անցնեն այս ընկերությունները, պետությունը կկարգավորի՞ այս հարցերը, որ արագաչափերն օգտակար վայրերում տեղադրվեն, որ ծուղակներ չստեղծվեն վարորդների համար, նշաններ լինեն եւ այլն։ «Արագաչափերը որտեղ ուզում է՝ լինեն, թող վարորդները կանոններով երթեւեկեն, իրենք էլ թող հազար հատ արագաչափ դնեն։ Չէ՞ որ արագության պատճառով են հիմնական վթարները լինում»։



Արման Սուլեյմանյան՝ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ



Թողնենք մի կողմ, որ մեր նախաձեռնությունը տարիներով պայքարում է իրենց կողմից իրականացվող ապօրինությունների դեմ։ Այստեղ ամենակարեւոր խնդիրն այն է, որ նախագահը կամայականորեն խլում է երկու ընկերություններից իրենց բիզնեսը։ Այսինքն՝ մարդիկ լավ, վատ, ապօրինի, թե օրինական՝ կարեւոր չէ, ներդրում են արել, աշխատանք են կատարել, եւ այսօր գրչի մի հարվածով այդ երկու բիզնեսները ձեռքներից խլում են։ Թողնենք մի կողմ, թե նրանք ովքեր են, արդյոք սա մեզ համար, որպես երկիր, մանավանդ, որ նոր վարչապետն ասում է՝ պետք է ներդրումները խրախուսենք, ճի՞շտ քայլ է։ Իհարկե՝ սխալ քայլ է, չի կարելի մարդկանցից բռնի կերպով խլել բիզնեսը։ Եթե ինչ-որ մեկը մտածում էր երկրի եւ բյուջեի մասին, ապա ի սկզբանե երկուսն էլ պետք է լինեին պետական ղեկավարման տակ։ Քանի որ դա չեն արել, նշանակում է ինչ-ինչ կոռուպցիոն շահերից ելնելով՝ տվել են ինչ-ինչ մարդկանց։ Տվյալ պարագայում մամուլը բազմիցս գրել է, որ «Փարքինգ սիթի սերվիսը» պատկանում է Միհրան Պողոսյանի քեռուն, ու հիմա, ենթադրենք, նրա քեռուց խլում՝ պետությանն են տալիս, այսինքն՝ այդ ընկերությունների աշխատած գումարները պարզապես վերցնում են իրենց։ Դրանից ի՞նչ է փոխվում վարորդների համար. ոչ մի բան։ Սա պարզապես ռեկետ է, ուրիշ ոչ մի բան»։



Հ.Գ. Սուլեյմանյանին հիշեցրինք Սերժ Սարգսյանի խոսքը, որ մեր վարորդների իրավագիտակցության մակարդակը վերջին տարիներին բարձրացել է։ «Դե, գիտե՞ք ինչ կա, ամենալավ իրավական գիտակցություն գիտե՞ք ովքեր ունեն՝ դատապարտյալները, որովհետեւ, երբ որ բանտում նստած ես, ուզես-չուզես, բոլոր օրենսգրքերը կարդում ես, որ օր առաջ այդտեղից դուրս գաս։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու համար բոլորին բանտ է պետք գցել։ Նույնն էլ այստեղ է, եթե մենք ուզում ենք վարորդների իրավագիտակցությունը բարձրացնենք, դա չի նշանակում, որ պետք է անընդհատ մտնենք իր գրպանը, իր երեխու հացը կտրենք, որ ինքն ստիպված սկսի օրենք կարդալ եւ փորձի պաշտպանվել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ