Ջո Բայդենի զանգը դեր էր կատարել ապրիլին

Ջո Բայդենի զանգը դեր էր կատարել ապրիլին

Երեկ կատարյալ եվրո-ատլանտյան օր էր Երեւանում, ինչպիսին ճիշտ է, որ լինի Հայաստանի օրերի մեծ մասը: Նախ՝ հանրապետությունում ընթանում են «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումները, ապա երեկ Երեւանում գումարվել էր ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ-պաշտոնական գագաթնաժողովը, ինչի առթիվ Երեւան էր ժամանել նաեւ ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Զուգահեռաբար Երեւանում գումարվել էր ԱլԳ կրթության նախարարների համաժողով: Եվ, վերջապես՝ արդեն մի քանի օր Երեւանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության բարձրաստիճան հյուրը` պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիտ Բրինքը: 



Ինչպես տիկ. Բրինքը ներկայացրեց, անցնող օրերին «գերազանց հանդիպումներ էր ունեցել նախագահ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ», հանդիպել էր նաեւ ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Երեկ երեկոյան հանդիպումներ էին ծրագրված վարչապետ Կարապետյանի եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ: Իսկ մինչ այդ երեկ ԱՄՆ դեսպանատուն էին հրավիրվել հայաստանյան հինգ-վեց լրատվամիջոցների լրագրողներ, որոնց հետ համարյա մեկ ժամ հանդիպեց եւ հարցերին պատասխանեց տիկ. Բրինքը: Հրավիրված էին «Ազատության» թղթակիցը, «Ամերիկայի ձայնի», «Հրապարակի», «Ա1 պլյուսի» եւ «Արմենիա» հեռուստաընկերության:



Իր մուտքի խոսքում Բրիջիտ Բրինքը նշեց, որ Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցով, Երեւանից մեկնելու է Թբիլիսի, ապա՝ Բաքու։ Ինքն այստեղ է երկու հիմնական առաքելությամբ` հավաստելու ԱՄՆ բարեկամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, ներգրավվածությունը եւ հանձնառությունները տարածաշրջանային հարցերում եւ փոխադարձաբար հայկական կողմից լսելու գաղափարներ երկկողմ համագործակցության, նոր ուղղությունների, նախաձեռնությունների վերաբերյալ: Բրինքը նաեւ հայտնեց, որ երեւանյան հանդիպումներում խոսակցություններն ընթացել են ԼՂ հակամարտության կարգավորման, ԱՄՆ-ի հետ Հայաստանի տնտեսական կապերի սերտացման եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ:



Գալով լրագրողների հետ մեր հանդիպմանը հնչած հարցերին, մի քանի խմբագրությամբ գրեթե նույն հարցը տրվեց, թե ինչպիսին կարող է լինել նախագահ Թրամփի քաղաքականությունը Հայաստանի եւ, առհասարակ՝ Հարավային Կովկասի նկատմամբ, արդյոք Թրամփի America the first (Ամերիկան առաջինը) նշանաբանը կհանգեցնի՞ ներգրավվածության թուլացման մեր տարածաշրջանում, եւ դա կարո՞ղ է Ռուսաստանին մղել՝ ավելի ամրապնդվելու այստեղ: Տիկ. Բրինքի պատասխանն էր, որ Հայաստանի հանդեպ ԱՄՆ հանձնառությունները եւ հարաբերությունները վայելում են թե Հանրապետական, թե Դեմոկրատական կուսակցությունների աջակցությունը, հետեւաբար, վարչակազմերի փոփոխությունը նախկինում չի թուլացրել եւ ապագայում էլ չի թուլացնի հայ-ամերիկյան հարաբերությունները: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչվել է, եւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել հենց հանրապետական վարչակազմի օրոք: Գալով Թրամփի «Ամերիկան առաջինը» կարգախոսին, տիկ. Բրինքը հավատացրեց, որ ամեն երկրում էլ իրենց երկրի խնդիրներն ու շահերը կարող են առաջ դասել, բայց ներկա աշխարհն այնպես է փոխկապակցված, որ հնարավոր չէ ներքին քաղաքականություն վարել արտաքին քաղաքականությունից մեկուսի, հետեւաբար, պասիվացում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում չի կարող լինել: Հարց հնչեց՝ արդյոք ԱՄՆ-ն սատարո՞ւմ է ԼՂ հարցով Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Տիկ. Բրինքը հաստատեց, որ ԱՄՆ-ն մեծապես աջակցում է: Կա՞ն արդյոք տնտեսական համագործակցության նոր պայմանագրերի կնքման ակնկալություններ մոտ ապագայում: Պետքարտուղարի փոխտեղակալի պատասխանն էր, որ մոտ աապագայում նոր պայմանագրեր չեն նախատեսվում, սակայն թե ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, թե անձնապես ինքը պետքարտուղարությունում, թե հայ-ամերիկյան Task force-ն ուշադրության կենտրոնում են պահում հատկապես տնտեսական համագործակցության ոլորտը եւ հետեւում են գոյություն ունեցող համաձայնագրերի իրագործմանը:



Վերջապես այն երկու հարցը, որոնք ինձ էին հետաքրքրում, եւ որոնցով էլ եզրափակվեց հանդիպումը: Իմ առաջին հարցն այն մասին էր, որ ապրիլին, ղարաբա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենը զանգահարել էր նախագահներ Ալիեւին եւ Սարգսյանին: Հեռախոսազրույցների մասին այդպես էլ մանրամասներ հայտնի չդարձան, սակայն Բայդենի զանգերից ժամեր հետո հրադադար հաստատվեց։ Ըստ տիկ. Բրինքի տեղեկությունների, Բայդենի հեռախոսազանգը կապ ունեցե՞լ է հրադադարի հաստատման հետ: Տիկ. Բրինքը հաստատեց, որ՝ այո: Նա ասաց` այդ օրերին ամենքն էին զբաղված սահմանային իրադրության լարման, բախումների խնդրով` ջանալով անել հնարավորը, որպեսզի դրանք դադարեն, այժմ կդժվարանա բոլոր զանգերն ու դրանց հերթականությունը հիշել, բայց Բայդենի զանգը` այո, հրադադարի հաստատման հետ կապ ունեցել է:



Ինձ հետաքրքրող երկրորդ հարցն այն էր, թե ԼՂ-ում եւ դրա շուրջն առկա ստատուս-քվոն կարճաժամկետ հատվածում, դիցուք՝ առաջիկա կես տարում կամ մեկ տարում ցանկալի է եւ հավանական, որ պահպանվի՞, թե՞ փոխվի: Տիկ. Բրինքի պատասխանն էր, որ առկա ստատուս-քվոն հաստատուն չէ, եւ դրա պահպանումը երաշխավորված չէ, ինչը երեւաց նաեւ ապրիլյան դեպքերի ժամանակ, հետեւաբար, ցանկալին այն է, որ հակամարտությունը կարգավորվի, ինչը մեծ առաջընթացի պայմաններ կստեղծի թե ողջ տարածաշրջանի համար, թե Հայաստանի:



Ինչ խոսք, Բրիջիտ Բրինքը բացարձակ ճշմարտություն է ասում, մնում է Ալիեւին այդքանը բացատրվի կամ պարտադրվի:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ