«Ժամանակ». Սպանություն սպանության հետեւից. Իրավապահ համակարգի քաղաքական խեղման հետեւանքները

«Ժամանակ». Սպանություն սպանության հետեւից. Իրավապահ համակարգի քաղաքական խեղման հետեւանքները

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Աջափնյակում սպանություն է տեղի ունեցել, մահացել է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա մի քաղաքացի։ Վերջին շրջանում սա հերթական սպանությունն է Երեւանում, հրազենի գործադրմամբ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ աղմկոտ սպանություն Չարբախում, որտեղ սպանվեցին երկու երիտասարդ։ Այդ սպանության գործով մեղադրանք է ներկայացվել մի քանի անձանց, կալանավորվել է նաեւ քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկը։ Սպանությունները վերջին ամիսներին Հայաստանում դարձել են գրեթե առօրյա երեւույթ, լինեն դրանք սառը զենքի, թե հրազենի գործադրմամբ։ Երեկ տեղեկություն էր ստացվել նաեւ Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանության մասին, նա դարձել էր դանակահարության զոհ։



Ակնհայտ է, որ այս ամենը հասարակության մեջ առկա մի շարք խորքային երեւույթների վտանգավոր միահյուսման վկայությունն է, եւ միաժամանակ նաեւ այս ամենին Հայաստանում իշխանական համակարգի անհաղորդ լինելու, ոչ ադեկվատ գնահատականի եւ վերաբերմունքի վկայությունը։ Սա հետեւանքն է այն բանի, որ Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ այժմ շարունակում է իր գլխավոր խնդիրը համարել ոչ թե հասարակությանը, այլ բացառապես իշխանությանը սպառնացող վտանգներին օպերատիվ եւ լիարժեք արձագանքելը։



Եվ սա արդեն երկու տասնամյակ շարունակվող մի իրականություն է, որը ըստ էության վերածվել է արդեն մտածողության, հոգեբանության, այսպես ասած ինքնահոսի։ Այսինքն, այստեղ այլեւս չեն գործում հատուկ հանձնարարությունների մեխանիզմները, իրավապահ համակարգերն այլեւս երկու տասնամյակի գործունեության արդյունքում ինքնածրագրավորվել են այդ թեքումով։ Երբ խոսքը վերաբերում է իշխանությանը սպառնացող մեծ ու փոքր վտանգներին, ապա այստեղ այդ համակարգերը միշտ օպերատիվ են, միշտ գործում են բարձր արդյունավետությամբ։



Եվ ի դեպ, սա նաեւ հուշում է, որ հարկ եղած դեպքում, կապված ըստ խնդիրների, առաջնահերթությունների սահմանման, այդ համակարգերը ունեն բավարար պրոֆեսիոնալ ներուժ, ասնագիտական կոմպետենտություն մարտահրավերներին արձագանքելու եւ դրանց լուծում տալու համար։



Ամբողջ հարցը այն է, թե ուր է ուղղվում այդ ներուժը, այն ծառայեցվում է հասարակության եւ պետության շահերին, թե ընդամենը իշխանական վերնախավի, որն ունի մեկ խնդիր` վերարտադրել եւ անվտանգ պահել սեփական իշխանությունը, դրանից բխող տնտեսական առավելություններն ու շահերը։ Իսկ քանի որ այդ ամենն էլ ձեռք է բերվում հանրային ռեսուրսների հաշվին, թե նյութական, թե հոգեբանական, իշխանության անվտանգության ապահովումը տեղի է ունենում հասարակական անվտանգության թերապահովման հաշվին։ Դա գրեթե աքսիոմատիկ իրավիճակ է, որի հետեւանքներն էլ զգացվում են հասարակական օրգանիզմում տեղի ունեցող տարաբնույթ արատավոր երեւույթների տեսքով։ Դրանք տարբեր ժամանակահատվածներում կարող են դսեւորվել տարբեր ձեւերով, արտահայտվել տարբեր երեւույթների բռնկման տեսքով, սակայն այդ ամենն ունի մի ընդհանուր հատկություն` քայքայվում է հանրային օրգանիզմի անվտանգության համակարգը։



Ամենախնդրահարույցն այն է, որ Հայաստանում իրավապահ կառույցները ընդհանուր առմամբ անկասկած ունեն այն պրոֆեսիոնալ իսկապես կարեւոր եւ կարող շերտը, որն ունակ է ապահովել հանրային օրգանիզմի անվտանգությունը բարձր մակարդակով, բայց որը իբրեւ երեւույթ երկու տասնամյակի ընթացքում հարմարեցվել է իշխանության սուբյեկտիվ պահանջներին, օբյեկտիվորեն բերելով հանրային օրգանիզմում ավելի ու ավելի վտանգավոր դարձող մետաստազների»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում