Նվազ գումար հավաքելու պատճառը հիմնադրամի աշխատանքի ոճն է

Նվազ գումար հավաքելու պատճառը հիմնադրամի աշխատանքի ոճն է

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 17-19-ը Բելգիայի մայրաքաղաքում կազմակերպել էր «Արցախ. թաքնված գանձ» խորագրով ցուցահանդես: Այն արցախյան օրերի շրջանակում Բրյուսելում անցկացվող միջոցառումներից մեկն էր: «Օրերը» չեղարկվեցին: ԼՂՀ նախագահի եւ արտգործնախարարի այցը չկայացավ: Միայն ցուցահանդեսը կայացավ: Ըստ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի, այն հաջող է անցել: 



- Ըստ ադրբեջանցիների, իրենք ձախողեցին բրյուսելյան հանդիպումները:



- Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին տեղյակ ենք: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, ես էլ կրկնեմ, որ Արցախի պատվիրակությունը չեկավ, որովհետեւ այն նույն օրերին Ադրբեջանը ռազմափորձեր էր իրականացնում, եւ նախագահ Սահակյանը որոշեց մնալ Ստեփանակերտում: Այն օրերուն նաեւ իրավիճակը լարված էր հյուսիս-արեւելյան սահմանին, եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հիշողությունը շատ թարմ լինելով, Արցախի ղեկավարությունը նախընտրեց չգալ Բրյուսել: Դեսպանի հոխորտանքները պարզապես իր գործատուներին հաճոյանալու համար էին:



- Հայ դատի գրասենյակների ֆինանսավորման համար ամենամյա ճաշկերույթը ե՞րբ է այս տարի լինելու եւ որտեղ։



- Ֆինանսավորման ճաշկերույթն ամենամյա չէ, այլ պարագայական: Այս տարի տեղի պիտի ունենա: Հուսով ենք, որ մինչեւ տարվա վերջ կլինի: Հստակ չէ տակավին:



- «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի հանգանակությունը եւ հանգանակության խոստումները սպասվածից քիչ էին: Քառօրյա պատերազմից հետո դրանք պետք է որ ավելանային, բայց մեծ մասը կրկին նույն հայաստանցի բարերարներն էին, օլիգարխներ Սամվել Կարապետյան, Սամվել Ալեքսանյան եւ այլք: Ի՞նչ բացատրություն եք տեսնում:



- Մոտեն չեմ հետեւած այս տարի հիմնադրամի դրամահավաքը, շատ բան չեմ կարող ասել: Սակայն միշտ մենք կողմնակից եղած ենք նման դրամահավաքներու, հատկապես այս տարի, որ հավաքված գումարը պիտի ուղղվի քառօրյա պատերազմի ընթացքում ավերված գյուղերի վերականգնմանը: Իսկ նվազ գումար հավաքվելը նորություն չէ, բացատրությունն էլ հիմնադրամի աշխատանքի ոճին դեմ հնչած կարծիքներն են եւ բարեփոխման ենթարկվելու կոչերը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ