Եթե հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ. Բանդայի գործով նիստը հետաձգվեց (ֆոտո,տեսանյութ)

Եթե հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ. Բանդայի գործով նիստը հետաձգվեց (ֆոտո,տեսանյութ)

Այսօր Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ կմեկնարկեր անցած տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով առաջին դատական նիստը, լրատվամիջոցներին թույլ չէին տալիս բարձրանալ նիստերի դահլիճ և լուսաբանել՝ պատճառաբանելով, թե դահլիճում ազատ տեղ չկա, որպեսզի բոլորը կարողանան այնտեղ տեղավորվել:



Սկզբում՝ 7, այնուհետև՝ 8, քիչ հետո՝ 10 ու 12 լրագրողների էին թույլ տալիս վերև բարձրանալ: Լրագրողները կապ հաստատեցին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանի հետ, վերջինս նշեց, որ դատարանի կողմից դա ինքնագործունեություն է, քիչ ավելի ուշ նշեց, որ դահլիճում տեղ չկա, մյուս դատական նիստին բոլորը կկարողանան ներկա գտնվել: 40 րոպեից ավելի տևած բանակցություններից հետո ԶԼՄ-ներկայացուցիչները կարողացան ներկա գտնվել դռնբաց դատական նիստին:



Դատական նիստը մեկնարկեց ավելի քան 30 րոպե ուշացմամբ՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ ամբաստանյալ Ավետիս Բարոյանը: Չէին ներկայացել նաեւ գործով ամբաստանյալների մի մասի պաշտպանները: Գործով նոր հանրային պաշտպաններ էին ներգրավվել, 37 հատորանոց գործին ծանոթանալու համար նրանք դատարանից խնդրեցին մեկ ամիս ժամանակ: Դատական նիստին ներկա էր խմբի գործողությունները ֆինանսավորելու մեջ մեղադրվող հայր Անտոն Թոթոնջյանը, ով, լրագրողների հարցը լսելով ֆինասավորման մասին, ասաց, որ չի հասկանում, թե ինչի՞ մասին է խոսքը: Զինված խմբի ղեկավար  Արթուր Վարդանյանը դատական նիստերի դահլիճում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ ինքը չի ընդունում իր մեղադրանքը. «Եթե Արցախին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ»:



Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 20 անձինք, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Նշենք նաև, որ սույն գործով անցնում են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:



Մանրամասները՝ տեսանյութում: