ԱԱԾ հրավիրվելու առիթով Վահան Արծրունին կդիմի ՄԻՊ-ին

ԱԱԾ հրավիրվելու առիթով Վահան Արծրունին կդիմի ՄԻՊ-ին

Երեկ երաժիշտ, երգահան Վահան Արծրունուն կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության, ինչի առիթով նա իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն էր թողել, որն անմիջապես անհետացել է երաժշտի էջից. «Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ... Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի: Հետաքրքիր է, չէ՞, երկու հանդիպման տեսակ նույն իրականության մեջ, թերթեք լուսանկարները և ճանաչեք մեր ազգի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ԼԵԳԻՏԻՄ մտավորականներին՝ պորտրետների զարմանահրաշ համարդություն է: Զրույցի թեման էլ, կարծում եմ, նույնն էր երկու հանդիպումների պարագայում՝ Քաղաքական դիրքորոշումը երկրի ապագա զարգացումների համատեքստում»:



-Պարոն Արծրունի, երեկ Ձեզ կանչել են ԱԱԾ, ո՞րն էր պատճառը, սա առաջի՞ն դեպքն էր, թե՞ նախկինում էլի է եղել։



-Նախկինում եղել է՝ համարյա 25 տարի առաջ, երբ դեռ Սովետական միություն էր, սովորում էի Բժշկական ինստիտուտում ու մենք ուսանողական Ղարաբաղ Կոմիտե կազմակերպեցինք։ Իմ առաջին հանդիպումը ԿԳԲ-ի հետ այդ ժամանակ էր, երբ մեզ հրավիրեցին ու ինձ հետ առանձնազրույցում բացատրում էին, որ Սովետմիությունը անսասան է եւ այն, ինչ ես իմ ընկերների հետ նախաձեռնել եմ, դա ազգայնական, ֆաշիստական շարժման մի տեսակ է, որը ոչնչի չի բերի։ Դրանից մի տարի հետո Սովետը դադարեց լինելուց եւ մեր երկիրը անկախացավ։ Այդ պատճառով էլ ինձ համար զարմանալի էր, որ 25 տարի անց ինձ հրավիրում են նույն հաստատությունը եւ հարցեր են տալիս իմ կապերի մասին «Հիմնադիր խորհրդարանի» հետ, եղե՞լ եմ ես Խորենացի փողոցում, թե՞ ոչ եւ իմ եկամուտները որտեղի՞ց են առաջանում։ Իսկ հարցերի պատասխանը միանշանակ էր, այսինքն անձնապես ճանաչում եմ, քաղաքական կապ չունեմ, Խորենացու փողոցում չեմ եղել եւ իմ եկամուտները գոյանում են իմ համերգներից եւ կինոյի համար գրած երաժշտությունից։ Իմ քաղաքական պատկերացնումները, գաղափարները մի ոլորտ է եւ իմ քաղաքացիական դիրքորոշումն այլ ոլորտ, իմ քաղաքացիական իրավունքների սահմանների մեջ, իմ սահամանադրական իրավունքները, որպես երկրի քաղաքացի դրսեւորման մեջ ես ազատ եմ եւ այդ ազատությունը արտահայտում եմ սկսած ֆեյսբուքյան կենդանի պատից վերջացրած երկրում տեղի ունեցած որեւէ իրադարձություն հրապարակավ արձագանքելուց։ Իսկ քաղաքական իմ նկատառումների եւ կապերի ոլորտը այնպիսին է, որ անձնապես անծանոթ մարդ չկա, այսինքն բոլորին էլ ես ճանաչում եմ։ Ուրիշ պատասխանի տեսակ չի ենթադրվում։ Այդ զրույցից հետո ամենավերջին հարցը հետեւյալն էր, որ բնակվում եք այս հասցեով ձեր կնոջ եւ երկու երեխայի հետ, ասացի՝ այո։



-Տեղեկատվական բնույթի հարցադրումներից բացի, եղե՞լ են այլ «ցուցումներ» կամ հորդորներ Ձեր քաղաքացիական կեցվածքի, դիրքորոշումների մասին, որ հրապարակավ արտահայտում եք։



-Գիտեք, ընդհանուր բնույթը հանդիպման ինձ համար մի քիչ անհասկանալի էր, որովհետեւ հրավիրել են հեռախոսազանգով, ոչ թե ծանուցումով, իսկ հանդիպել ենք Երեւանի ԱԱԾ-ի վարչությունում, որն Ամիրյան փողոցի վրա է։ Եւ առաջին հարցը, որ ես տվել եմ գործակալին այն էր, որ մենք հանդիպելով պաշտոնական վայրում արդյո՞ք չենք խախտում մեր երկրի սահմանադրությունը, ինքն ասաց՝ ոչ։ Ի դեպ շատ սիրալիր էր, մեծ հարգանքով եւ այդ առումով ոչինչ չունեմ ասելու, բայց քանի որ ես այս երկրի քաղաքացի եմ, ուզում եմ հասկանամ օրենքի սահմաններո՞ւմ է այս ամեն ինչը կատարվում, թե՞ ոչ ու դրա համար պատրաստվում եմ այսօր հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա իր պարզաբանումները տա, որովհետեւ հանդիպման եւ հրավերի բնույթն ինձ համար անհասկանալի էր՝ ի վերջո սա պաշտոնական հրավե՞ր էր, թե՞ մասնավոր հանդիպում։



-Սա կարելի՞ է քաղաքական ճնշում դիտարկել։



-Իմ հարցը Օմբուդսմենին դա է լինելու՝ արդյոք այս ամբողջ պատմությունը կարող եմ քաղաքական ճնշում դիտարկել, թե ոչ եւ արդյոք այս հարցերի շարադրանքը քողարկված սպառնալիք իրենից չի ներկայացնում ՀՀ անկախ քաղաքացու նկատմամբ։ Այդ պարզաբանումներից հետո, որը կպահանաջեմ գրավոր լինի, կկարողանամ կողմոնորշվել իմ վերաբերմունքի մեջ։ Դեռեւս ինձ համար հարցականներն ավելի շատ են, քան թե պատասխանները։ Հանդիպումը տեւել է մոտ կես ժամ, հարցերի բնույթն էլ էր ինձ համար անհասկանլի եւ ընդհանրապես հասկանալի բան չկա այս պատմության մեջ։



-Այդուհանդերձ ԱԱԾ-ից հրավերն ինչո՞վ բացատրեցին եւ պատճառաբանեցին, եթե Խորենացու դեպքերի հետ էր կապված, կարելի էր դա անել ամռանը։



-Նմանատիպ հարցերի պատասխան չի հնչել, այսինքն պատասխանը միակն է եղել, որ նրանք ընդամենը շատ սիրալիր հրավիրում են զրույցի։ Ես միայն գիտեմ ինձ հրավիրող անձի անունն ու հեռախոսահամարը, ոչ այցեքարտ եմ ստացել, որ հասկանամ այդ մարդու ազգանունն ու կոչումը եւ ո՞րն է իր դերակատարությունն, պաշտոնը Ազգային անվտանգությունում։ Այստեղ էլ իմ մոտ հարցեր են առաջանում, եթե դա մասնավոր հանդիպում է, ինչո՞ւ է տեղի ունենում պետական ատյանում։



-Բայց Դուք կարող էիք նաեւ չգնալ, եթե գրավոր ծանուցում չէիք ստացել։



-Իհարկե իրավունք ունեի նաեւ չգնալու, բայց ինձ հետաքրքիր էր 25 տարի ինտերվալից հետո Ազգային անվտանգությունը ի՞նչ հարցերով պետք է ցանկություն հայտնի ինձ հետ հանդիպելու եւ որն է այդ հարցերի շրջանակը։



-ԱԱԾ-ն իր հարցասիրությունը բավարարե՞ց, թե՞ հնարավոր է հաջորդիվ էլի հանդիպումներ լինեն։



-Գաղափար չունեմ, որովհետեւ այդ հարցի շարքին որեւէ մեկը բացի իրենցից պատասխան չի կարող տալ։ Միակ բանը, որ կարող եմ փաստել, դա այն է, որ այդ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իմ անձնական էջը փակի տակ է, եւ իմ բուն գրառումը Արցախում տեղի ունեցած մտավորականության եւ նախագահի հետ հանդիպման մասով չեք տեսնի։ 3 անգամ արդեն նույն նյութի հղումը կատարել եմ, բայց չի երեւում։ Այսինքն ես հասկանում եմ, որ իմ խոսքի ազատությունը սահմանափակվում է։



-Այսինքն կարելի է ենթադրել, որ վերահսկողության տակ է Ձեր ֆեյսբուքյան էջը։



-Ուրիշ բան կարելի՞ է ենթադրել... եթե այդ հանդիպման մասին նյութը եւ իմ հարցադրումը չի երեւում ընդհանուր հոսքի մեջ եւ ընդհանրապես իմ էջի եղածը միայն ես կարող եմ տեսնել, դա ի՞նչ կարող է նշանակել։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, հասկանում եմ, որ այստեղ որոշակի ընթացքներ են տեղի ունենում, որոնց պատասխանը եւ բնութագիրը ես պահանջելու եմ Օմբուդսմենից։ Այս ամեն ինչը ինձ լուրջ անհանգստացնում է, որովհետեւ հասկանում եմ, եթե ինձ է հերթը հասել, յուրաքանչյուր քաղաքացի, ով չունի միջոց բարձրաձայնելու իր խնդիրը, այլեւս պաշտպանված չէ երկրում։ Յուրաքանչյուրին էլ կարող են կանչել ու նման հարցադրումներով անհանգստացնել եւ դուք չեք հասկանա, թե այս հանդիպման բնույթը, իմաստը որն է եղել եւ ընդհանարպես ինչու են ձեզ կանչում եւ անհանգստացնում։